Տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստը

Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի երրորդ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Ողջունելով հանձնաժողովի անդամներին՝ Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է, որ նիստերի միջև ընկած ժամանակահատվածում հանձնաժողովը ոչ մի օր կանգ չի առնում՝ իրականացնելով իր առջև դրված խնդիրները: Հանրապետության Նախագահը նիստի մասնակիցներին տեղեկացրել է օրերս Գերմանիայում բնակվող մի երիտասարդ թուրքի հետ իր նամակագրության մասին և ընդգծել, թե ինչու՞ է այդպես մանրամասն կանգ առնում այդ նամակագրության վրա. «Մեհմետ Հաքան Յայլը՝ այդպես էր 30-ամյա այդ երիտասարդի անունը, ով ինձ նամակ էր ուղարկել, մասնավորապես այդ նամակում նշում է. «Իմ մանկությունն անցել է Ստամբուլում…, որտեղ բնակվում են բազմաթիվ հայ ընտանիքներ: Ես բազմաթիվ հայ ընկերներ ունեի: Սակայն հասունանալով սկսեցի ավելի շատ զգալ, որ մարդիկ, չգիտեմ ինչու, հայերի նկատմամբ անհիմն թշնամանք են տածում: Կյանքիս ամբողջ ընթացքում դրան ընդհանրապես կարևորություն չեմ տվել, միայն տանջվել եմ: Որովհետև իմ ճանաչած ամենալավ ընկերներս հայեր էին: Այժմ ես Գերմանիայում եմ: Ասում են, որ ամենալավ միջոցը ամեն ինչին դրսից նայելն է. իրոք, այդպես է: Մարդը կարողանում է օբյեկտիվ լինել»: Նա ասում է, որ պատրաստվում է ամառային արձակուրդին Հայաստան այցելել և նշում. «Ես ցանկանում եմ այնպիսի մշտական բարեկամություն, որ փոխադարձաբար ներվեն պատմության ընթացքում կատարված սխալները, և դա մարդկանց ապագայի վրա ավելի խաղաղ ազդեցություն կունենա»,-թուրք երիտասարդի նամակը ներկաների համար ընթերցել է Նախագահը և տեղեկացրել, որ երեկ պատասխանել է այդ նամակին. «Մի փոքրիկ հատված եմ ուզում մեջբերել իմ պատասխանից. «Ինձ հույս ու լավատեսություն է ներշնչում այն հանգամանքը, որ այսօր աճում է թուրք երիտասարդների սերունդ, որի առաջադեմ հատվածը կաշկանդված չէ թուրքական իշխանությունների կողմից տասնամյակներ շարունակվող քաղաքականությամբ: Հենց այդ սերունդն է, որ հարցականի տակ է դնում այդ քաղաքականության արժանահավատությունը, և ամենագլխավորը պատրաստ է առերեսվել սեփական պատմության հետ, ընդունել նախնիների սխալները և բաց ու կառուցողական քննարկումների միջոցով հասնել հաշտեցման»:

Իմ պատասխանում ես համաձայնություն եմ հայտնել ներելու կարևորության մասին նրա դիտարկմանը՝ միաժամանակ նշելով, որ ներելու համար անհրաժեշտ է, որպեսզի այդ ներումը հայցվի, արարքներն ընդունվեն: Այո՛, հայ ժողովուրդը, համոզված եմ, որ նաև թուրք ժողովուրդը, ցանկանում են ապրել խաղաղ և արժանապատիվ կյանքով: Հավատացած եմ, որ մի օր այդ ցանկությունը կառարկայանա և հուսով եմ, որ թուրք երիտասարդների աճող առաջադեմ նոր սերունդն է դառնալու այս գործի ճարտարապետը:

Ինչու եմ այսպես մանրամասն կանգ առնում այս նամակագրության վրա: Համարել ու շարունակում եմ համարել, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր ու հնարավոր է հենց այսօր, միգուցե հենց 100-ամյակի շրջանակներում: Այս առումով մենք իհարկե մեծ գործ ունենք անելու: Մենք կարող ենք Թուրքիայի հասարակության, Թուրքիայի իշխանությունների հետ միասին հասնել Ցեղասպանության 100-րդ տարելիցի հանգրվան, մենք կարող ենք օգնել նրանց գտնելու անցյալի բեռից ազատվելու ճանապարհը ու լինելու իրենց կողքին այդ շատ դժվարին գործընթացում: Կարծում եմ, որ սա շատ կարևոր ուղղություն է մեր հանձնաժողովի աշխատանքներում, և մենք առանձնակի ուշադրություն պետք է դարձնենք այդ հանգամանքին: Կարծում եմ, որ որևէ մեկը ինձ միամիտի տեղ չի դնում: Կարծում եմ, որ որևէ մեկը չի կարծում, որ ես մեծ հույս ու հավատ ունեմ՝ առավել ևս թուրք իշխանությունների նկատմամբ: Բայց այս ուղղությամբ աշխատանքները ես մշտապես կարևորել եմ, կարևորում եմ և կարևորելու եմ»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամները քննարկել են նախորդ նիստից հետո մինչ այժմ տարբեր ուղղություններով իրականացված և ընթացիկ կազմակերպական ու բովանդակային աշխատանքները, ինչպես նաև հետագա անելիքները: Որոշվել է հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել 2014թ. մայիսին, Երևանում՝ այդ ընթացքում աշխատանքային խմբերի շրջանակներում շարունակելով ակտիվ աշխատանքը:

allTurkey.am

Մեկնաբանություններ