Թուրքիայում գործող ահաբեկչական կազմակերպությունները` Պետդեպի զեկույցում

Միացյալ Նահանգների պետքարտուղարության պաշտոնական կայքը հրապարակել է աշխարհի տարբեր պետություններում ահաբեկչության վերաբերյալ զեկույցը:

Զեկույցում առանձին անդրադարձ է կատարվել նաև Թուրքիային:

Զեկույցում առանձնացվել ենԹուրքիայի համար վտանգ ներկայացնող և այդ երկրում գործող մի քանի կազմակերպություններ, որոնք ամերիկյան կողմը որակել է ահաբեկչական:

Առաջնային նշվում է «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (PKK), որը 2012 թվականին բավական ակտիվ է եղել և գործողություններ է իրականացրել Թուրքիայի ողջ տարածքում:

Ամերիկյան պետդեպը նշում է, որ ԱՄՆ-ն գործուն աջակցություն է ցուցաբերել թուրքական կողմին PKK-ի դեմ պայքարում:

«Թուրքիան 2012 թվականին ներքին ահաբեկչական վտանգների առաջ է կանգնել, սակայն կարողացել է արժանի պատասխան տալ: Հատկապես ակտիվ է գործել PKK-ն, որը քրդերից կազմված կազմակերպություն է ու գործում է Թուրքիայի հարավ-արևելքում և Իրաքի հյուսիսում` թիրախի տակ պահելով թուրքական բանակի զինծառայողներին:

Թուրքիայի ներսի ահաբեկչական կազմակերպություններից է նաև մարքսիստ-լենինիստական «Հեղափոխական ազգային-ազատագրական կուսակցություն-ճակատը» (DHKP-C), որն ուղղված է նաև ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դեմ:

Ահաբեկչական կազմակերպություններից է նաև «Թուրքական Հըզբոլլահը», որը չպետք է կապել Լիբանանում գործող համանուն կազմակերպության հետ:

Թուրք իրավապահները ձերբակալել են նաև ալ Քաիդայի և այլ կազմակերպությունների կողմնակիցների, Իսլամական ջիհադի միության անդամների:

Թեև «Թուրքիայի բանվորների և գյուղացիների ազատագրման բանակը» (TIKKO) հիմնականում չի գործում, սակայն թուրքական կառավարության կողմից որպես վտանգ է դիտարկվել»,-նշվում է զեկույցում:

Պետդեպը նաև նշում է, թե որոշ դեպքերում թուրք իրավապահները ձերբակալել են միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամների, որոնք Թուրքիան որպես տարանցիկ երկիր են փորձել օգտագործել, սակայն թուրքական կողմը նախընտրել է նրանց արտաքսել երկրից և նրանց դեմ դատական գործեր չբացել, ինչը մեծապես կապված է երկրի գործող օրենսդրության հետ:

Պետդեպը նաև Թուրքիայում 2012 թվականին առանձնացրել է 12 ահաբեկչական գործողություն: Որպես գործողությունների հիմնական պատասխանատու նշվել է PKK-ն:

Առավել մանրամասն անգլերենով կարող եք ծանոթանալ այստեղ:

Աղբյուր` «Թուրքագիտական պորտալ»

allTurkey.am

Մեկնաբանություններ