Սասունի Գոմք վանքի դիմադրությունը

Սոֆյա Հակոբյան

երիտասարդ թուրքագետ

Սասունի Գոմք (Գոմոց) վանքի հետ կապված բազմաթիվ հետաքրքիր պատմություններ և լեգենդներ կան:

Վանքը կառուցվել է 14-րդ դարում. ըստ մի լեգենդի` Գոմք գյուղի մի հայ մեծատուն այն կառուցել է` անեծքից ազատվելու համար:

1915 թ. Գոմքի հայերի դիմադրության մասին մինչ օրս պատմում են աշխարհի տարբեր ծայրերում ապրող սասունցիների ժառանգները, նաև` Սասունում ներկայում ապրողները:

Վանքի դիմադրության մասին հերոսական, միևնույն ժամանակ` շատ ցավալի պատմություններ կան:

Դիմադրության ժամանակ վանքում գտնվող մեծ տատիս փրկող հոգևորականի մասին հետաքրքիր պատմություններ շատ էի լսել, սակայն այս անգամ ուրիշ էր:

1915թ. Գոմքի հայերից փրկվողներ էլ եղան. ոմանք գաղթեցին տարբեր երկրներ, ոմանք մացին Սասունում: Մի ժամանակ նույն կրոնի ու լեզվի, նույն հող ու ջրի մարդիկ դրանից հետո շատ տարբեր կյանք ապրեցին: Մեկը, օրինակ` մեծ տատս, քահանայի շնորհիվ կարողացավ գաղթել Արևելյան Հայաստան, մյուսները` Սիրիա, Եգիպտոս և, նույնիսկ, Եւրոպա: Սակայն նրանցից մեկի` եկեղեցու քահանայի քրոջ դստեր ճակատագիրն այլ էր: Մեծ տատիս փրկող Քեշշե անունով հոգևորականի 15-ամյա զարմուհու (ով իր ընտանիքից միակ փրկվածն էր) պատմությունն ինձ բախտ վիճակվեց լսել հենց իր թոռնիկից:

Տեր Քեշշեի  զարմուհու թոռան պատմածից.

«Տատիկիս հայրը մահմեդական արաբ էր: Տատիկիս մայրը Գոմքում գտնվող իր ամբողջ ընտանիքը կորցրել էր, այնտեղից փախչելով` հասել էր մի գյուղ, որտեղ նրան տեսել էր տատիկիս հայրը և նրան տուն բերել: Որոշ ժամանակ անց ամուսնանում են: Տատիկիս պատմածների համաձայն` մայրն իր կամքով մահմեդական է դառնում, քանի որ տատիկիս հորը շատ էր սիրում: Ասում են, որ նա շատ գեղեցիկ կին է եղել, գեղահասակ, կապուտաչյա…»:

– Գոմքի մասին ինչե՞ր է պատմել տատիկդ:

– Շատ բաներ է պատմել… հոգևորականի քեռ …երեխաների … Վանքի հայերի` մինչև վերջի վայրկյանը մղած պայքարի մասին: Վանքում տեղավորված հայերից ոմանց քահանան կարողացել է փախցնելով փրկել, ուղարկել Սասունից դուրս: Փրկվածներից շատերը կարողացան հասնել Եւրոպա: Սակայն ինքը` տեր Քեշշեն և շատ ուրիշներ վանքը չլքեցին: Հայերն այն կառուցել են 1500 մետր բարձրության վրա, քարերը բերել են Սիրիայից, Այդըյամանից, Մուշից և Բիթլիսից` կենդանիների վրա բարձած: Շատ ջանք են թափել այդ վանքը կառուցելու համար:

Նույնիսկ հիմա վանքի մնացած պատերի վրա հին հայերենով գրություններ կան:

Վանքի դիմադրության ժամանակ Բիթլիսից և Մոտկանից հայեր էին գալիս` սասունցիներին օգնելու համար, սակայն ճանապարհին բոլորին կոտորել էին:

Դիմադրող սասունցիները զենք չունեին. իրենց վրա հարձակվող մահմեդականների վրա բարձունքից քարեր նետելով էին փորձում պաշտպանվել: Երբ մահմեդականները տեսան, որ վանքը չի հանձնվում, փակեցին դեպի Գոմք հոսող բոլոր աղբյուրները: Դիմադրողները, զինյալների դեմ պայքարը թողած, սովի ու ծարավի դեմ սկսեցին պայքարել: Շատերը հենց ծարավից մահացան:

Հայերը դիակները չէին թաղել: Ամռան տապին դիակների հոտը գյուղեր էր հասնում:

Վանքում գտնվող բոլոր անասունները մորթելով ու արյունը խմելով` փորձում էին փրկվել:

Շատ ողբերգական պատմություններ է պատմել տատիկս, պատմելու համար լեզուս կարծես չի հերիքում….

Տեր Քեշշեն չհանձնվելու համար վանքի մերձակա թթենուց կախվել էր, ինքնասպան էր եղել:

– Քանի՞ սենյակ ուներ վանքը:

-Սասունում ասում են, թե 366 սենյակ է ունեցել, իրականում 166 է եղել:
Նաև ասում են, թե երբ թուրք զինվորները գրավեցին վանքը, 165 սենյակը թալանեցին, սակայն մեկը` տեր Քեշշեի սենյակը, չգտան: Տատիկիս հարցրեցի` արդյո՞ք չեն գտել Քեշշեի սենյակը, ասաց. «Ո’չ, որովհետև անտեսանելի հոգիները պահպանում էին այդ սենյակը»:

Գոմքի վանքին այստեղի հայերն ասում են Արծվի վանք, որովհետև շատ բարձր տեղում է գտնվում, 1500 մետրից բարձր:

Հարավարևելյան տարածաշրջանի ամենամեծ վանքերից մեկն էր:
Հյուսիսային և հարավային կողմերում երկու թթենիներ են եղել:

-Քեշշեն երեխաներ ունե՞ր:

-Ուներ մի որդի , անունը` Վերուշ, կարողացել էր փախչել, մի որոշ ժամանակ Սասունի սարերում ապրեց, հետո ոչ ոք լուր չստացավ նրանից…

-Այժմ քան՞ի տարեկան է տատիկդ:

– 87 տարեկան է: Սասունի հայերենը հասկանում է, բայց չի խոսում:
Ընդհանրապես սասունցիները երկարակյաց են, օրինակ` Ն. տատիկը 102 տարեկանում մահացավ:

– Ո՞վ է Ն. տատիկը:

– Սասունի Գ. գյուղից էր: Երկու աղջիկնեին փախցրել էին: Օրերով, ամիսներով, տարիներով լաց է եղել: Այնքան էր լացել, որ արդեն լացելիս արցունք չէր գալիս աչքերից: Երբ փոքր էի, մորս հարցրեցի, թե ինչու Ն. տատիկի աչքից արցունք չի գալիս, դա ի՞նչ լաց է….Ասաց, որ երբ նրա աղջիկներին տարան, արցունքն էլ հետը տարան:

Հայերին միայն զինվորնե՞րն էին սպանում, թե՞ մահմեդական բնակչությունն էլ է մասնակցել:

– Մահմեդական ազգայնականներն են արել: Քրդերը և արաբները:

– Բայց ասում են, թե Սասունում արաբական աշիրեթներից շատերը լավ հարաբերությունների մեջ են եղել հայերի հետ:

– Ճիշտ է: Բայց արաբների մեջ էլ են եղել հայերին սպանողներ: Պարզապես քրդերը հող զավթելու համար ավելի շատ են սպանել:

– Այժմ Սասունում հայկական եկեղեցիներն ի՞նչ վիճակում են:

– Պատմական հուշարձանի հանդեպ ոչ մի հարգանք չկա: Ես եկեղեցիների մեծ մասը տեսել եմ, նույնիսկ քարերն են տեղից տանում, վանքերն օգտագործում որպես ախոռ:

Մի իմամ ասել էր, թե հայերն իրենց ոսկով միասին են թաղվում: Մահմեդական ազգայնականներն էլ, որտեղ հայական գերեզման էին, տեսնում քանդում էին…Եւ դեռ շարունակում են….

Գոմքի լուսանկարները տեսնել այս այստեղ։

Աղբյուր՝ Akunq.net

allTurkey.am

Մեկնաբանություններ