Գեզի զբոսայգու մոտ կրկին բախումներ են գրանցվել

Թուրքիայում նախօրեին կրկին հակակառավարական բողոքի ակցիաներ են գրանցվել։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են եղել։

Ցուցարարների խումբը փորձել է մտնել Գեզի զբոսայգի, որը 20 օրից ավել փակ մնալուց հետո բացվել էր քաղաքացիների համար։ Ոստիկանները թույլ չեն տվել ցուցարարներին մտնել այգի, ինչի ժամանակ էլ կողմերի միջև ընդհարումներ են սկսվել։

Ընդհարումների ժամանակ ոստիկանները կրկին արցունքաբեր գազ են կիրառել, ինչպես նաև ակցիայի մասնակիցներից մի քանիսին ձերբակալել։

Որոշ ժամանակով այգին փակվել է, սակայն ուշ երեկոյան այն նորից բացել են այցելուների համար։

allTurkey.am

Մեկնաբանություններ