Թուրքիայի բողոքի ցույցերի ևս մեկ մասնակից է մահացել

Թուրքիայում մահացել է Գեզի զբոսայգուց սկիզբ առած հակակառավարական ցույցերի ևս մեկ մասնակից։

19-ամյա Ալի Իսմաիլ Քորքմազը հունիսի 2-ին մասնակցել է Էսքիշեհիր քաղաքում կայացած բողոքի ակցիային։

Ցույցի ժամանակ ոստիկանների հետ բախումների ընթացքում երիտասարդը ծանր վնասվածքներ էր ստացել։ Ըստ թուրքական «Ռադիքալի»՝  Քորքմազը փախուստի էր դիմել ոստիկանների հարձակումից հետո և այդ ընթացքում դաժան ծեծի էր ենթարկվել քաղաքացիական հագուստով անձանց կողմից, որոնց ինքնությունը դեռ չի բացահայտվել։

Գլխի հատվածում ծանր վնասվածք ստացած երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մնացել է մինչ մահանալը. բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։

Այսպիսով, Թուրքիայում 40 օրից ավել ընթացող բողոքի ակցիաների հետևանքով մահացածների թիվը պաշտոնական տվյալներով հասավ հինգի։ Մահացածներից մեկը ոստիկան է, մյուսները՝ ցուցարարներ։

allTurkey.am

Մեկնաբանություններ