PKK-ն առևանգել է, ապա ազատ արձակել բանվորների. թուրքական մամուլ

«Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամների կողմից նախօրեին առևանգված 4 բանվորները, որոնք աշխատում էին մարտական հենակետի շինարարությունում, ազատ են արձակվել։

Թուրքական լրատվամիջոցների պնդմամբ՝ բանվորներն առևգանվել էին սեպտեմբերի 12-ի երեկոյան, երբ շինարարական աշխատանքներ էին կատարում Սղերթ (Սիիրթ) նահանգի Փերվարի շրջանի Բելենոլույ գյուղում։ Բանվորները մասնակցում էին գյուղի մոտակայքում Թուրքիայի զինված ուժերի նոր հենակետի կառուցման աշխատանքներին։

Առավոտյան հայտնի է դարձել, որ բանվորներն առանց վնասվածքների ազատ են արձակվել։

Հիշեցնենք, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական կազմակերպություն է, որի նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում քրդական անկախ պետության հիմնումը: Այն հայտնի է նաև մի շարք այլ անուններով, այդ թվում նաև HPG անունով։

Կազմակերպությունը հիմնադրվել է 1978 թվականին Դիարբեքիրում (Աղձնիք նահանգ) Աբդուլլահ Օջալանի (Ափո) կողմից, ով ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։

Կազմակերպությունն ակտիվ ռազմական գործողությունները Թուրքիայի դեմ սկսել է  1984 թվականին: Թուրքական իշխանությունների դեմ մղվող շուրջ 30 տարվա պայքարի ընթացքում զոհվել է 45 հազարից ավել մարդ:

Շուրջ 30 տարի զինված պայքարից հետո 2013 թվականի մարտին Դիարբեքիրում ընթերցվեց կազմակերպության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ուղերձը, որով նա կոչ էր անում PKK-ին վայր դնել զենքը, լքել Թուրքիայի տարածքը և անցնել քաղաքական պայքարի։

Մայիսի 8-ից պաշտոնապես սկսվեց PKK-ի դուրսբերումը Թուրքիայի տարածքից։ Սպասվում էր, որ կազմակերպությունն ամբողջովին կլքի Թուրքիան աշնան առաջին ամիսներին։, սակայն սեպտեմբերի սկզբին կազմակերպությունը հայտարարեց դուսրբերման դադարեցման մասին՝ պատճառաբանելով, որ թուրքական կառավարությունը չի կատարում իր խոստումները։ PKK-ն ընդգծեց, սակայն, որ հրադադարի ռեժիմը պահպանվելու է։

 

allTurkey.am

Մեկնաբանություններ