Թուրքական բանտից փախուստի դիմած PKK-ականները ձերբակալվել են

Օրերս թուրքական բանտից փախուստի դիմած 18 PKK-ականներից 17-ին հայտնաբերել են, 1-ը դեռ հետախուզման մեջ է, փոխանցում են թուրքական աղբյուրները։

«Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամները սեպտեմբերի 25-ին կարողացել էին Բինգյոլ (Բյուրակն) քաղաքի Մ տեսակի կալանավայրում թունել փորել, և այդպիսով փախուստի դիմել այնտեղից։

Փախուստի դիմած քրդերին գտնելու համար ոտքի էին հանվել ոչ միայն ոստիկանական ուժերը, այլ նաև ժանդարմերիան։ Նրանց անզեն վիճակում հայտնաբերել են Բյուրակնի գյուղերից մեկում։

Հիշեցնենք, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական կազմակերպություն է, որի նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում քրդական անկախ պետության հիմնումը: Այն հայտնի է նաև մի շարք այլ անուններով, այդ թվում նաև HPG անունով։

Կազմակերպությունը հիմնադրվել է 1978 թվականին Դիարբեքիրում (Աղձնիք նահանգ) Աբդուլլահ Օջալանի (Ափո) կողմից, ով ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։

Կազմակերպությունն ակտիվ ռազմական գործողությունները Թուրքիայի դեմ սկսել է  1984 թվականին: Թուրքական իշխանությունների դեմ մղվող շուրջ 30 տարվա պայքարի ընթացքում զոհվել է 45 հազարից ավել մարդ:

Շուրջ 30 տարի զինված պայքարից հետո 2013 թվականի մարտին Դիարբեքիրում ընթերցվեց կազմակերպության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ուղերձը, որով նա կոչ էր անում PKK-ին վայր դնել զենքը, լքել Թուրքիայի տարածքը և անցնել քաղաքական պայքարի։

Մայիսի 8-ից պաշտոնապես սկսվեց PKK-ի դուրսբերումը Թուրքիայի տարածքից։ Սպասվում էր, որ կազմակերպությունն ամբողջովին կլքի Թուրքիան աշնան առաջին ամիսներին։, սակայն սեպտեմբերի սկզբին կազմակերպությունը հայտարարեց դուսրբերման դադարեցման մասին՝ պատճառաբանելով, որ թուրքական կառավարությունը չի կատարում իր խոստումները։ PKK-ն ընդգծեց, սակայն, որ հրադադարի ռեժիմը պահպանվելու է։

allTurkey.am

Մեկնաբանություններ