Թուրքիան հայտարարեց տեղական արտադրության ինքնաթիռներ գնելու մասին

Թուրքիայի ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստի ժամանակ որոշվել է գնել թուրքական TAI ընկերության «Հյուրքուշ» ուսումնական ինքնաթիռներ։

Այսպիսով, ըստ հանձնաժողովի որոշման՝ թուրքական առաջին ուսումնական ինքնաթիռը՝ «Հյուրքուշը», սկսելու է սերիական արտադրություն իրականացնել։

Թուրքիայի զինված ուժերն առաջին փուլով ձեռք կբերեն 15 միավոր ինքնաթիռ։

«Հյուրքուշն» իր առաջին թռիչքն իրականացրել է Անկարայի մոտակայքում գտնվող Աքընջըլար ռազմաբազայում այս տարվա օգոստոսի 29-ին։

Նշենք, որ TAI-ը ստեղծել է «Հյուրքուշի» չորս նախատիպ, որոնք էլ փորձարկումներ են անցնում։

«Հյուրքուշը» նախատեսված է 35 տարվա ծառայության համար: Նրա շարժիչի հզորությունը կազմում է շուրջ 1600 ձիաուժ: Այն կարող է զարգացնել մինչև 574 կմ/ժ արագություն և թռիչքներ իրականացնել 10,6 հազար մետր բարձրության վրա:

Նախատեսվում է ստեղծել «Հուրքուշի» չորս տեսակ՝

– «Հյուրքուշ Ա»` քաղաքացիական ավիացիայի կարիքների համար,

– «Հյուրքուշ Բ՝ ռազմաօդային ուժերի համար (մասնավորապես հարմարեցված F-16 և F-35 կործանիչների օդաչուների ուսուցման համար),

– «Հյուրքուշ Գ»` ուսումնա-մարտական նշանակության,

– «Հյուրքուշ Դ»` ծովափնյա անվտանգության ուժերի համար:

Թուրքիայում սեփական ուսումնական ինքնաթիռ ստեղծելու ծրագրերի իրականացումը սկսվել է դեռևս 2006 թվականին։

Նշենք, որ սեպտեմբերի 26-ին կայացել է Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ և երկրի պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի և ռազմարդյունաբերական քարտուղարության ղեկավարի մասնակցությամբ ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստը։

Նիստի ժամանակ, բացի «Հյուրքուշի» պատվերից բացի, քննարկվել է նաև «Ազգային նավ» նախագծի նոր մցրույթը, որոշում է կայացվել ձեռք բերել չինական CPMIEC ընկերության առաջարկած մեծ հեռավորության զենիթահրթիռային համակարգերը։

allTurkey.am

Մեկնաբանություններ