Հրթիռներ արտադրող թուրքական գործարանում պայթյուն է որոտացել

Թուրքիայում սպառազինություն արտադրող խոշոր գործարաններից մեկում սեպտեմբերի 29-ի կեսօրին պայթյուն է եղել: Պայթյունը գրանցվել է Անկարայի Էլմադաղ շրջանի «Ռոքեթսան» (Roketsan) ընկերության գործարանում:

Պայթյունի հետևանքով 4 աշխատակից է վիրավորվել. նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր, տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Պայթյունը եղել է, երբ գործարանում ամենշաբաթյա ժամանակացույցով ոչնչացնում էին հրթիռների պատրաստման ժամանակ ավելացած վառելիքը: Ըստ նախնական տվյալների` պայթյունն ի հայտ է եկել չափից ավել վառելիքի պատճառով:

Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել:

Նշենք, որ «Ռոքեթսանը» Թուրքիայի խոշոր ռազմարդյունաբերական ընկերություններից է: Հիմնադրվել է 1988 թվականին Անկարայում: Կենտրոնացած է տարբեր տեսակի հրթիռների և արկերի արտադրության վրա:

allTurkey.am

Մեկնաբանություններ