Թուրքիայում ներկայացվեց խիստ ուշագրավ «Ժողովրդավարական փոփոխությունների» փաթեթը (հավելում)

Էրդողան

Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 30-ին ներկայացրել է «Ժողովրդավարացման փոփոխությունների» փաթեթը, որը պատրաստել է երկրի կառավարությունը։ Այն հիմնականում ուղղված է երկրի ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների ընդլայնմանը։

Նոր օրենսդրական փոփոխություններով թույլատրվում է Թուրքիայի տարածքում այլ լեզուներով և բարբառներով նախընտրական քարոզարշավ իրականացնել,  հանվում է պետական կառույցներում գլխաշոր կրելու արգելքը, թույլատրվում է օգտագործել քրդերենում առկա Q, X, W տառերը, մասնավոր դպրոցներում կթույլատրվի քրդերենի ուսուցումը, հեշտացվում է գյուղերի անվանափոխությունն ու նախկին անունների վերականգնումը, խստացվում է այլատյացություն և ատելություն քարոզելու համար պատիժները, առաջարկվում է խորհրդարանի անցումային շեմը 10 տոկոսից իջեցնել 5 տոկոսի կամ վերացնել այն՝ անցնելով ըստ շրջանների ընտրությունների և այլն։

Կարևոր կետերից  է նաև հանրակրթական դպրոցներում դասերից առաջ տրվող տխրահռչակ երդման վերացումը, որում կա «Ես թուրք եմ, ես ճիշտ եմ, ես թուրք եմ, ես հպարտ եմ» և այլ նմանատիպ արտահայտություններ։

Փաթեթով նախատեսվում է նաև ասորիներին վերադարձնել Մոր Գաբրիելի վանքը, ստեղծել Գնչուների լեզվի և մշակույքի ինստիտուտ, սակայն փաթեթից դուրս է մնացել Հեյբելիադա կղզու հույն ուղղափառ եկեղեցու հոգևոր դպրոցի վերաբացման հարցը։

Այսպիսով, փաթեթի՝ Թուրքիայի ազգային ժողովի կողմից ընդունվելու համար, հարևան երկրում որոշակիորեն կընդլայնվեն քրդերի և մյուս ազգային ու կրոնական փոքրամասնությունների իրավունքները։

Թուրք վերլուծաբաններն ընդհանուր դրական են գնահատել նոր փաթեթը, սակայն նշել, որ կարևոր է, թե ինչպես և որ չափով է այն կյանքի կոչվելու։

allTurkey.am

Մեկնաբանություններ