Բեյրութում առևանգված թուրք օդաչուներն ազատ արձակվեցին

Լիբանանում առևանգված թուրք օդաչուները հոկտեմբերի 19-ին ազատ են արձակվել, փոխանցում են թուրքական աղբյուրները:

Թուրք օդաչուներին հայրենիք են տեղափոխել քաթարական օդանավով: Ստամբուլի օդանավակայանում օդաչուներին դիմավորելու է եկել նաև Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը:

71 օր առևանգման մեջ գտնվող «Թուրքական ավիաուղիների» երկու օդաչուները նշել են, որ իրենց գտնվելու վայրն անընդհատ փոփոխել են:

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Բեյրութում հյուրանոց մեկնելիս առևանգվել էին «Թուրքական ավիաուղիների» օդաչուն և նրա օգնականը։ Առևանգման պատասխանատվությունը ստանձնել էր Zuwar Al Rida (Զուվար ալ Ռիդա) կազմակերպությունը։

Օդաչուներին ազատելու դիմաց խումբը պահանջում էր ազատ արձակել Սիրիայում առևանգված 9 լիբանանցիների, ինչն էլ կատարվել է։ Օդաչուների վիճակի վերաբերյալ հստակ տեղեկություններ չէին հայտնվում, միայն հայտնի էր, որ նրանք ողջ են։

allTurkey.am

Մեկնաբանություններ