Հայության մնացորդացի խնդիրները Թուրքիայի Հանրապետությունում

Հայկազուն Ալվրցյան

Արևմտահայոց հարցերի

ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, բ.գ.թ.

Հոդվածը, որպես զեկուցում, ներկայացվել է 2013 թ. հոկտեմբերի 17-19-ը ՀՀ Գիտություններիազգային ակադեմիայում «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները»խորագրով կազմակերպված հայագիտական միջազգային երկրորդ համաժողովում:

Հայոց ցեղասպանության` առ այսօր գործող հետևանքներից մեկն էլ Արևմտյան Հայաստանում և Թուրքիայի Հանրապետության այլ տարածքներում վերապրած հայությունն է: Այս խնդիրը երկար ժամանակ ոչ միայն չէր քննարկվում, այլև որպես այդպիսին հանրությանը ծանոթ չէր: Այն մասնակի կերպով արծարծվել է որոշ հուշագրություններում և հետազոտություններում: Հարցին առաջին անգամ հրապարակայնորեն անդրադարձավ Պոլսո հայոց պատրիարք Շնորհք արք. Գալուստեանը 1980 թ.` հայության այդ հատվածին բաժանելով 4 խմբի.

«ա. Հայեր, որոնք գիտակցաբար եւ կամաւոր կերպով իսլամացել են, խզուել են հայութիւնից եւ ապրում են թուրքերի մէջ: Սրանք են, որ մինչեւ միլիոնի հասնում են իրենց թուով:

բ. Հայեր, որոնք երեք սերունդ առաջ իսլամացել են եւ քրդական աշիրէթական ձեւերով ապրում են մեկուսի եւ չեն խառնւում: Խնուսի շրջանում հարիւր ընտանիքներ կան այդպիսիներից, որ գիտեն, թէ հայ են, գիտակցաբար իրենց մէջ ամուսնանում են եւ փափագում են վերադառնալ իրենց պապերի կրօնին, եթէ իրենց պայմանները ներեն:

գ. Կամայ թէ ակամայ իսլամացած հայեր, որոնք իրենց հայկական զգացումը պահել են եւ Պոլիս հաստատուելուն պէսª դատարանի միջոցով իրենց անձնագրի վրայի «իսլամ» գրութիւնը «էրմենի»-ով են փոխարինում:

դ. Բուն գաւառահայերը, որ պատիւ իրենցª հակառակ բոլոր զգալի եւ անզգալի դժուարութիւններինª հայ են մնացել, եւ այսօր Ստամբուլի հայութեան մեծագոյն մասը նրանցից է բաղկանում»[1]։

Բուն գավառահայերի թիվն այսօր տարբեր տվյալներով 3-5000 է: Ըստ էության պոլսահայ համայնքն այսօր հիմնականում բաղկացած է այս հայերից, որոնք 40-ական թվականներից սկսած աստիճանաբար տեղափոխվեցին Պոլիս կամ արտասահման: Մյուս խմբերը իսլամացած են կամ ալևի:

Երևույթի ուսումնասիրության համար կարևորվում են այն հարցերի պատասխանը, թե.

1. Ինչու՞ և ի՞նչ գործոնների ազդեցության տակ իսլամացան այս հայերը:

2. Նրանք այսօր ունե՞ն ազգային ինքնությանը վերադառնալու հնարավորություն:

3. Ինչպիսի՞ն է թուրքական իշխանությունների, գիտական շրջանակների և հասարակության վերաբերմունքը հայության այս զանգվածների նկատմամբ:

Օսմանյան կայսրությունում հայերի իսլամացումն ունի դարերի պատմություն, սակայն երբեք չի ընդունել համակարգված բնույթ: Այն տեղի է ունեցել պարագայաբար` տարբեր գործոնների ազդեցությամբ:

Համակարգված ու զանգվածային իսլամացման գործընթացն սկսվում է Ցեղասպանության քաղաքականության գործադրումով: Յովհաննես Լեփսիուսը «Գերմանիան եւ Հայաստանը 1914-1918 թթ.» աշխատության մեջ գրում է. «Սակայն այս բոլոր միջոցառումները (իմա` իսլամացումը – Հ.Ա.) մինչեւ այժմ համատարած չէին, այլ հանդիսանում էին միայն առանձին գաւառական եւ տեղական պաշտօնեաների կամայականութիւնները: Այժմ դրանք կատարւում էին մեթոդապէս»[2]։

Ավելին` երիտթուրքական կառավարության 1915թ. մայիսին ընդունած որոշմամբ իսլամ ընդունող հայերը չէին տեղահանվում: Սկսվում է զանգվածային իսլամացման գործընթացը: Երկու ամսում իսլամ ընդունողների թիվն անհանգստացնում է անգամ կառավարությանը, որը հուլիսի 1-ին հատուկ շրջաբերականով արգելում է հայերի կրոնափոխությունը, քանզի, Թալեաթի խոսքերով, «Սրանց նպատակը ոչ թե իրոք մուսուլման դառնալն է, այլ ընդամենը աքսորից փրկվելը»: Թաներ Աքչամն այդ մասին գրում է. «ԱՄՆ-ի և Գերմանիայի հյուպատոսներն իրենց հղած զեկույցներում հաղորդում են, թե հայերը պետության դռների մոտ մեծ հերթեր էին գոյացրել, և տեղի էր ունենում հավաքական դավանափոխություն: Հավատափոխ եղողներն իրոք չէին տեղահանվում: Միայն իրենց ապրած վիլայեթի սահմաններում ցրվում էին որևէ մուսուլմանական գյուղում կամ ավանում: Սակայն իսլամ ընդունողների թիվը ենթադրյալից շատ ավելին էր: Կառավարությունը թերևս այն պատճառով, որ այդչափ մեծ կրոնափոխությունն անակնկալ էր իր համար, հարկադրված եղավ չեղյալ անել այդ որոշումը»[3]:

1915թ. նոյեմբերին, երբ արդեն գրեթե ողջ հայությունը տեղահանված կամ բնաջնջված էր, այս կամ այն կերպ փրկվածներին դարձյալ պարտադրեցին կրոնափոխություն, իսկ 1916թ. գարնանից սկսած այն դարձավ հարկադրական: Թուրքիայի Հանրապետությունը օրինականացրեց կայսրության այս քաղաքականությունը` երկրի ողջ բնակչությանը սահմանադրությամբ հռչակելով թուրք: Չանդրադառնալով այնուհետ տեղի ունեցած բոլոր գործընթացներին (խտրական հարկային, կրթական և ազգային քաղաքականություն, հեղաշրջումներին հաջորդած նորանոր բռնություններ և այլն), կխոսենք դրանց հետևանքով ստեղծված և այսօր գոյություն ունեցող իրավիճակի մասին:

Բացառութամբ Ստամբուլի և գավառաբնակ մի քանի հազար հայերի` Թուրքիայում բնակվող հայերն ամբողջությամբ կրոնափոխ են: Սրանք ըստ դավանանքի բաժանվում են երկու խմբի` սուննի իսլամներ և ալևիներ. վերջիններիս թիվը համեմեմատաբար փոքր է: Այս հայերը հիմնականում հանդես են գալիս քրդի, թուրքի և զազայի, մասամբ էլ ասորու և արաբի ազգային ինքնության պիտակներով: Առանձին մեծ խումբ են կազմում մոտ երեք դարերի ընթացքում իսլամացած համշենահայերը: Սրանց ինքնանվանումն է հեմշինլի, այսինքն` համշենցի. նրանց այդպես են անվանում նաև մյուս ժողովուրդները: Լազերի հետ բնակվողների մեջ ձևավորվել է նաև հայ լազերի մի առանձին շերտ:

Կրոնափոխ հայերն իրենց ներսում բաժանվում են երկու խմբի.

աԱռաջին խմբի մեջ ազգային ինքնության գիտակցությունը կորել է կամ շատ թույլ է: Այս խումբը կամ ձուլվել է, կամ գտնվում է ձուլման ճանապարհին:

բ. Երկրորդ խմբը կազմում են գաղտնի կամ ծպտյալ հայերը, ովքեր գիտակցում են իրենց ազգային պատկանելությունը, այն գաղտնի կերպով փոխանցում են սերնդեսերունդ, իրենց ընտանիքներում պահպանում են հայկական ազգային որոշ սովորույթներ, ավանդույթներ և մշակութային տարրեր, հիմնականում խուսափում են օտարների հետ ամուսնությունից և այլն: Նրանք նպաստավոր պայմաններում վերադառնում են հայկական ինքնություն. նրանց թիվն առայժմ մեծ չէ, և դրա հիմնական պատճառն այն է, որ դարեր շարունակ իրենց մաշկի վրա զգալով թուրքական ազգային քաղաքականության հետևանքները, կրելով անասելի տառապանքներ և ենթարկվելով ցեղասպանության, նրանց մեծ մասը, բնականաբար, չի կարող վստահել Թուրքիայի իշխանություններին և բացահայտ կերպով խոսել իր ինքնության մասին:

Կան նաև այլ դժվարություններ. նախ` պետք է դիմել պետական համապատասխան մարմնին, արխիվային փաստաթղթերով ապացուցել հայկական ծագումը, դատարանի միջոցով այն վավերացնել, որի համար սահմանված է 6 ամիս ժամանակ, այնուհետև պարտադիր կերպով մասնակցել պատրիարքարանի կազմակերպած վեցամսյա դասընթացներին, որից հետո մկրտության համար մուծել շոշափելի գումար, դրանից հետո դիմել անձնագրային վարչություն և փոխել անձնագիրը, որի մեջ պետք է նշում կատարվի տվյալ անձի քրիստոնյա լինելու  մասին: Եթե հաշվի առնենք, որ այս մարդիկ բնակվում են գավառներում, ներկայացնում են ժողովրդի առավել համեստ խավերը, հիմնականում ունեն ցածր իրավագիտակցություն և ի վիճակի չեն մեկ տարի բյուրոկրատական քաշքշուկներով զբաղվելու կամ Պոլսում դասընթացների մասնակցելու, պատկերը կամբողջանա:

Հայության այս խմբերը բնակվում են.

«ա. Արևմտեան Հայաստանում. Կարս, Էրզրում, Երզնկա, Վան, Մուշ, Սասուն, Մուտքի, Աջար, Վարդո, Բիթլիս, Դերսիմ, Շապին-Գարահիսար, Բինգյոլ, Ակն (Քեմալիե), և այլ բնակավայրերում բնակվում են թաքուն (ծպտյալ) հայեր:

բ. Հարավարևմտեան Հայաստանում. Դիարբեքիր, Հաքքյարի, Ուրֆա, Սայլակկայա, Մալաթիա, Կերկեր, Դերիկ, Խարբերդ, Ադըյաման, Մարդին, Սղերդ, Արաբկիր և այլ բնակավայրերում հիմնականում բնակվում են «թաքուն» և մասամբ էլ` քրիստոնյա  հայեր:

գ. Պոնտոսում. Տրապիզոն, Արդվին, Ռիզե, Խոփա, Բորչկա և այլ բնակավայրերում` իսլամացած համշենահայեր:

դ. Պատմական Կիլիկիայում. Իսկենդերուն, Հաթայ, Ադանա, Քրքխան, Մերսին, Վագըֆ և այլ բնակավայրերում կան պատրիարքարանին ենթակա քրիստոնյա համայնքներ և «թաքուն» հայեր:

ե. Փոքր Հայքում և հարակից շրջաններում. Կեսարիա, Ամասիա, Գյումուշհաճըգյուղ, Գաստամոնու, Յոզգաթ, Բողազլյան, Սվազ, Թոքատ, Անթալիա, Անկարա և այլ բնակավայրերում բնակվում են և իսլամացած համշէնահայեր, և թաքուն, և քրիստոնյա  հայեր»[4]:

Նշված շրրջանների հայության խնդիրներով զբաղվող ուսումնասիրողները նշում են տարբեր թվեր, սակայն առավել հիմնավորված պետք է համարել 2,5-3 միլիոնը:

Դեռևս 1918 թ. դեկտեմբերի  16-ի համարում «Այգը» գրում է. «Ըստ վերջին ստոյգ տեղեկութիւնների` Տաճկաստանում ապրում է մէկ միլիոն հայ»[5]: Սակայն 1918-1920 թթ. շարունակվող հալածանքների, կոտորածների ու տեղահանությունների հետևանքով այս թիվը էականորեն կրճատվեց: Սևրի պայմանագրի նախօրեին` 1920 թ., անգլիացիներին տված իր վիճակագրական տեղեկագրում պատրիարքը ցեղասպանությունից փրկվածների թիվը գնահատել է 625 հազար[6]»:

1920-1922թթ. ընթացքում Քեմալ Աթաթուրքի գլխավորած, այսպես կոչված, ազգային-ազատագրական պատերազմին զոհ գնացին երկու հարյուր հազարից ավելի հայեր:

Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տվյալներով, որն ամփոփումն է 1918-1922 թթ. զանազան հայկական և օտար աղբյուրների տվյալների, 1922 թ. Ցեղասպանությունից փրկվածների թիվը մոտ չորս հարյուր հազար է եղել:

Թուրքիայի բնակչության աճի տեմպերը հաշվի առնելով (1915թ. հետո Թուրքիայի բնակչությունն աճել է մոտ 7-8 անգամ)` պետք է ենթադրել, որ իսլամացած հայերի թիվն այսօր կարող էր լինել 2,5 – 3 միլիոնի սահմանում[7]: Այս թիվը չի ներառնում համշենահայերին: Համշենահայության խնդիրների լավագույն հետազոտողներց մեկի` ծնունդով ռիզեցի, համշենահայ Ալիե Ալթի (Մկրտվելուց հետո` Ալիս Կոստանյան) տվյալներով` իսլամացած համշենահայության թիվն անցնում է մեկ միլիոնից[8], որից  350 հազարն արտագաղթել է[9]: Նույն հարաբերակցությունն ենք ընդունում նաև հայերի մյուս խմբերի համար, այսինքն` արտագաղթածների թիվն ընդունում ենք 30 տոկոս: Այս թիվը Թուրքիայից արտագաղթածների պաշտոնական ընդհանուր թվից (6 տոկոս) 5 անգամ շատ է, սակայն նկատի ունենալով, որ հայերը (թեկուզ իսլամացած) ավելի շատ պատճառներ ունեն արտագաղթելու, կարելի է համարել ընդունելի:

Այսպիսով` հանելով արտագաղթածներին` կստանանք 2-2,5 միլիոնին մոտ թիվը, որի գրեթե կեսը ծպտյալ կամ գաղտնի հայեր են: Սրան մոտ են նաև թուրքական պաշտոնական տվյալները. այս տարվա սեպտեմբերի 25-ին HÜRRİYET-ում Թուրքական պատմագիտականընկերության նախկին նախագահ Յուսուֆ Հալաչօղլուն, դարձյալ անդրադառնալով ծպտյալ հայերի խնդրին, գրում է. «Եթե ՄԱԿ-ի գրանցումները նայենք, կարող ենք ասել, որ այսօր Թուրքիայում ապրում է շուրջ 500 հազար ծպտյալ»: Խոսքը ծպտյալների և ոչ թե բոլոր իսլամացած հայերի մասին է: Մեկ այլ ազգայնամոլ` Յուսուֆ Գեզգինը, ավելի է բացում փակագծերը. «Այսօր Անատոլիայում… ենթադրվում է, որ գոյություն ունի 500 հազարից մինչև մեկ ու կես միլիոնի միջև տատանվող հայ ազգաբնակչություն: Այս հատվածի մի մասն իրոք մահմեդական է դարձել և լուծվել թուրք ու քուրդ հասարակության մեջ: Բայց նշանակալից չափով հայեր ծպտյալ վիճակում պահպանում են հայկական ինքնությունն ու կրոնը: Այսօր այս հատվածի զավակները հասարակության մեջ շատ ավելի ազդեցիկ են, քան բացահայտ հայերը: Իրենց ծննդավայրն ու անունները փոխելուց հետո մեծ քաղաքներ եկած ծպտյալ հայերը շատ ներգործուն են բյուրոկրատիայի ամենաստրատեգիական կետերում, ինչպես նաև` արվեստի և ԶԼՄ-ների աշխարհում» (Յուսուֆ Գեզգին, www.sagduyu.de):

Իսլամացած հայության թվի մասին գրեթե նույն տեսակետն ուներ նաև հարցի լավագույն գիտակներից մեկը` Հրանտ Դինքը, որը մի առիթով գրել է. «Եթէ Թուրքիան Եւրոմիութեան անդամ դառնայ օր մը, չեմ սխալիր, եթէ հայութիւն առնուազն երկու միլիոն ևս շատնայ Թուրքիոյ մէջ գոյութիւն ունեցող իսլամ հայերու թիւով»:

Հաջորդ հարցն այն է, թե հայության այս հատվածն ունի՞ հնարավորություն իր ինքնությամբ ապրելու: HÜRRİYET-ի նշված հրապարակման մեջ Յուսուֆ Հալաչօղլուն ասում է.  «Բնականաբար, ինձ չի անհանգստացնում որևէ մեկի հայ կամ մահմեդական լինելը, բայց ես չեմ ուզում խաբվել: Այս միջանկյալ վիճակը նրանց տեսանկյունից էլ է զուլում եղել: Իրենց մուսուլմանի դիմակի տակ ներկայացնող մարդիկ պետք է իրենց իրական կրոնով հանդես գան մեր հասարակությունում: Նշանակում է` քաշվում են: Ըստ իս` այլևս նման մթնոլորտ չկա Թուրքիայում: Ավելին` նրանք կլինեն Լոզանի պայմանագրով ամրագրված հովանու ներքո»: Սակայն հասկանալի է, որ մի երկրում, որտեղ բոլորը Սահմանադրությամբ հռչակված են թուրք, դա գործնականում անհնար է: Լոզանի պայմանագիրը գրեթե հարյուր տարի, բացի Ստամբուլից (այն էլ` վերապահություններով), ոչ մի այլ բնակավայրում չգործեց: Ծպտյալության երևույթը Թուրքիայի կառավարության վարած ազգային քաղաքականության հետևանքն է, ուստի հարկավոր է փոխել նախ այդ քաղաքականությունը և այդ քաղաքականությունը պայմանավորող սահմանադրության համապատասխան հոդվածները: Սակայն կարևորագույն պայմանը ազգայնամոլ շրջանակների և հասարակական-քաղաքական կազմակերպությունների մեջ հայերի և այլ փոքրամասնությունների նկատմամբ ձևավորված թշնամական վերաբերմունքի, այլամերժության վերացումն է:

Վերջին 10-15 տարում իսլամացած հայերի և այլ փոքրամասնությունների ազգային ինքնության զարթոնքը հնարավոր եղավ շնորհիվ մի շարք հանգամանքներ, որոնցից կարևորներն են քրդական շարժումը, ԽՍՀՄ-ի փլուզումը և Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցության հետևողական ջանքերը: Փոքրամասնությունների ազգային ինքնագիտակցության վերելքը կասեցնելու և թուրքական խարխլվող ինքնությունը  վերջնական փլուզումից փրկելու համար թուրք հասարակության մեջ սերմանվում է փոքրամասնությունների նկատմամբ թշնամանք ու ժխտողականություն, որն առավել ընդգծված է դրսևորվում հակահայ, հակահույն և հակահրեա  քարոզչության մեջ:

Մինչև Էրգենեքոն կազմակերպության դատավարությունը ծպտյալ հայերը մեղադրվում էին ամենատարբեր հակապետական և, հատկապես, քուրդ անջատողական շարժումներին հարելու մեջ: Դատավարության ընթացքում պարզվեց, որ այս քարոզչությունը ոչ պաշտոնական կերպով կազմակերպում և հովանավորում են իշխանությունները:

Դատական գործընթացն «ի հայտ բերեց» և մամուլին տրամադրեց ծպտյալ հայերի վերաբերյալ այնպիսի «փաստեր», որոնք անսպասելի էին անգամ թուրք ազգայնամոլների համար. «պարզվեց», որ  ազգությամբ հայեր են Էրգենեքոնի բազմաթիվ ղեկավար դեմքեր` գեներալ  Վելի Քյուչյուքը, Բանվորական կուսակցության առաջնորդ, Էրգենեքոնի գործով ձերբակալված Դողու Փերինչեքը, Լևենթ Գյոքթաշը, որի հրամանով են շարժվում շատ գեներալներ, ԱՇԿ (Գորշ գայլեր) նախագահ Դևլեթ Բահչելին, Ժողովրդական հասարակարգ կուսակցության նախագահ Ահմեթ Թուրքը, ԱՇԿ պատգամավորներ Մեհմեթ Շանդըրը, Մեհմեթ Էյմուրը, մոտ 20 համալսարանների ռեկտորներ, դեկաններ  և այլք:

Մամուլում լայնորեն քարոզվում է նաև, որ էրգենեքոնի գաղտնի կառույցներում «գործ անողները, սադրանքներ հրահրողները հիմնականում բոլորն էլ կրիպտո հայերն են: Խորքային գործերում հայերը օպերատորներն ու կատարողներն են, իսկ հայերից ավելի սպիտակ եղող հրեաները և սաբաթայականները` որոշումներ կայացնողներ… Այսօր ռազմավարական նշանակություն ունեցող կետերում բազմաթիվ ծպտյալ հայեր ու սաբաթայականներ կան»(Յուսուֆ Գեզգին, www.aktifhaber.com)::

Էրգենեքոնի գործով մեղադրվող, Հատուկ գործողությունների գրասենյակի նախագահի նախկին տեղակալ Իբրահիմ Շահինի գրություններում հայտնաբերվել են տվյալներ, ըստ որոնց` Անատոլիայի կենտրոնական և հարավարևելյան շրջանների միջև ընկած տարածքի բնակչությունն իբր թե կազմված է հայերից: Շահինը համոզված է, որ «PKK-ն քրդական ծագմամբ մեր եղբայրներին ներկայացնող մի կառույց չէ, այլ հայկական կառույց է»: Հետաքրքիր է, որ նույն համոզմունքն ունի նաև Քյուչուքը. «Ելույթներ եմ ունեցել արևելյան հարցի վերաբերյալ և միշտ պաշտպանել եմ այն տեսակետը, թե դա քրդական հարց չէ: Գյուղ առ գյուղ բացատրել եմ, որ PKK-ն քրդական չէ, որ արևելյան հարցը ոչ թե քրդական, այլ հայկական հարց է»:

Դողու Փերինչեքի, հայտնի պանթուրքիստ Վելի Քյուչյուքի և այլոց հայկական ծագումը բացահայտելը, նրանց հայկական դավադրության մեջ մեղադրելը կամ PKK-ի և Էրգենեքոնի միջև թուրքական իշխանությունների կողմից կապ տեսնելը հետապնդում է մի քանի նպատակ, որոնցից կարևորվում են հետևյալները.

ա. Նախ` ասպարեզ է նետվում քրդական շարժման և թուրքական «խորքային պետության» գաղտնի համագործակցության ենթադրյալ իրողությունը, որի նպատակը ռազմական հեղաշրջման ճանապարհով երկրում անկայունություն ստեղծելն է:

բ. Երկրորդ`այս ճանապարհով խնդրո առարկա է դառնում ազգայնամոլ ուժերին և Էրգենեքոնին հովանավորող բանակի ղեկավարության  հեղինակությունը:

գ. Երրորդ` քրդերի մեջ PKK-ի նկատմամբ անվստահություն է  սերմանվում:

դ. Չորրորդ` Թուրքիայում բնակվող հայերը (նաև` այլ փոքրամասնություներ) հայտարարվում են անվստահելի կամ թշնամի տարր, որոնք քրդական շարժումն օգտագործում են` երկրում անկայունություն ստեղծելու և արտաքին ու ներքին շահագրգիռ ուժերի աջակցությամբ հայկական պետականությունը «Արևելյան Անատոլիայում» (Աևմտյան Հայաստանում) վերականգնելու նպատակով:

Հակահայ քարոզչության այս պայմաններում, սակայն, կատարվում են հետաքրքիր գործընթացներ. ստեղծվում են հայերի հայրենակցական և մշակութային միություններ` այդ թվում` իսլամացած  հայերի (Վաքըֆլըի գյուղացիների միություն, Մալաթիայի հայերի միություն, Սվազի հայերի և ընկերների միության նախաձեռնություն, Սասունի հայերի միություն, Բուրունքըշլայի հայերի նախաձեռնություն, Արաբկիրցիների պլատֆորմ, Դերսիմի հայերի միություն, Համշենի «Հատիկ» մշակութային միություն): Միություններ ստեղծելու ճանապարհին են նաև այլ շրջանների հայերը: Կրոնափոխ Դերսիմի հայերը հրատարակում են «Դերսիյադ» ամսագիրը, համշենահայ ռեժիսոր Ալբեր Օզջանը ֆիլմեր է նկարում հայերի կյանքից, որոնցում կերպարները խոսում են համշենի բարբառով, հայոց լեզվի արևելահայ և արևմտահայ տարբերակներով, «Վովա» (Համշենի բարբառով` «Ո՞վ է») համույթը լայնորեն տարածում է համշենի բարբառով երգերն ու հայկական պարերը:

Սակայն առավել արտառոցն այն է, որ Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի մի քանի քաղաքներում (Ադանա, Մարաշ, Դերսիմ և այլն), Ստամբուլի օրինակով, այս տարի  նշվեց ապրիլի 24-ը` այդ թվում` կրոնափոխ հայերի նախաձեռնությամբ:


 

[1] ԱլիքԹեհրան, 1980, դեկտեմբերի 18:

[2]Նորք, Երեւան, 1990, ապրիլ, էջ 110:

[3]Թաներ Աքչամ, «Պետությունն ընկել է իսլամացած հայերի հետևից», http://www.taraf.com.tr/haber/devlet-musluman-ermeninin-pesinde.htm

[4] Կարեն Հ. Խանլարի, Հայ բնակչութեան էթնոկրօնական վերակերպումները  Թուրքիայի Հանրապետութիւնում  (1923-2005 թթ.)», Ե., 2005:

[5] «Այգ», Թաւրիզ, 1918, դեկտեմբերի 16:

[6]Նոր Մարմարա, 2005, փետրուարի 12:

[7] «Հայ բնակչութեան էթնոկրօնական վերակերպումները  Թուրքիայի Հանրապետութիւնում  (1923-2005 թթ.)», Ե., 2005 աշխատության մեջ Կարեն Հ.  Խանլարին հանգամանորեն անդրադառնում է 1923-2005 թթ. Թուրքիայում բնակվող հայության բոլոր խմբերին, տալիս գրեթե բոլոր հետազոտողների հաշվարկները` հենվելով 80 տարում ստեղծված պատկառելի գրականության տվյալների վրա: Հեղինակը հանգում է այն տեսակետին, որ Թուրքիայում բնակվում է  2-2,5 միլիոն հայ (տե’ս էջ 103-104):

[8]Դիտակ, Բէյրութ, 2002, մարտ-ապրիլ, էջ 26:

[9]Դիտակ, 2004, ապրիլ-մայիս, էջ 58:

allTurkey.am

Մեկնաբանություններ