Թուրքիայում քրդական կազմակերպության անդամներ զինծառայողի են դանակահարել

Թուրքիայում հոկտեմբերի 28-ին հարավարևելյան Շըրնաք նահանգի Ջիզրե շրջանում քրդական ազգայնական երիտասարդական կազմակերպության անդամները դանակահարել են արձակում վերցրած ժամկետային զինծառայողին։

Թուրքիայի զինված ուժերի 70-րդ մեխանիզացված բրիգադի 4-րդ սահմանապահ գնդի շարքայինը, ում անունը չի նշվում, արձակում է վերցրել և մեկնել Ջիզրե քաղաք, տեղեկացնում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պաշտոնական կայք։

Ըստ նույն աղբյուրի՝ երբ շարքային զինծառայողն անցել է քրդական ազգայնական «Հայրենասեր հեղափոխական երիտասարդության շարժում» (YDG-H) կազմակերպության Ջիզրեի գրասենյակի դիմացով, այդ կազմակերպության անդամները նրան իրենց մոտ են կանչել։ Զինծառայողը հրաժարվել է մտնել շինություն, ինչից հետո վեճ է առաջացել։

Այդ ընթացքում YDG-H-ի անդամներից մեկը դանակահարել է զինծառայողին, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց։ Նա ստացել է ձախ ուսի վիրավորում, կյանքին վտանգ չի սպառնում։

Դեպքի առնչությամբ արդեն քրեական գործ է բացվել։ Ձերբակալվածների մասին տեղեկություններ դեռ չեն հայտնվում։

Նշենք, որ YDG-H-ն նորաստեղծ կազմակերպություն է, որի կենտրոնը Դիարբեքիրում է։ Թուրքիայում այն համարում են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) երիտասարդական կառույցներից մեկը։

allTurkey.am

Մեկնաբանություններ