PKK-ի կրակից վիրավորված թուրք զինծառայողը 1 տարի անց մահացել է

Թուրքիայում օրերս մահացել է դեռևս անցած տարի «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) գրոհի ժամանակ վիրավորում ստացած զինծառայողը։

21-ամյա շարքային Թուրգայ Քարաջան մի քանի ամիս շարունակ Անկարայի Գյուլհանե զինվորական հոսպիտալում էր, որը Թուրքիայի գլխավոր ռազմական հիվանդանոցն է։

Շարքայինը վիրավորվել էր, երբ քրդական կազմակերպության անդամները 2012-ի մայիսին գրոհ էին կազմակերպել Թուրքիայի հարավարևելյան քրդաբնակ Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում տեղակայված թուրքական բանակի հենակետի վրա։

Գրոհի ժամանակ Թուրքիայի զինված ուժերի վիրավոր ժամկետային զինծառայողին տեղափոխել էին Անկարա, որտեղ էլ նրան պահում էին մինչ մահանալը։ Թուրքական աղբյուրները նշում են, որ նա վիրավորում էր ստացել ականանետի ականի պայթյունից։ Հայտնի է նաև, որ նա Թուրքիայի զինված ուժեր պարտադիր զինծառայության էր կանչվել Մարաշից։

Հիշեցնենք, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում քրդական անկախ պետության հիմնումը: Այն հայտնի է նաև մի շարք այլ անուններով, այդ թվում նաև HPG անունով։

Կազմակերպությունը հիմնադրվել է 1978 թվականին Դիարբեքիրում (Աղձնիք նահանգ) Աբդուլլահ Օջալանի (Ափո) կողմից, ով ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։

Կազմակերպությունն ակտիվ ռազմական գործողությունները Թուրքիայի դեմ սկսել է 1984 թվականին: Թուրքական իշխանությունների դեմ մղվող շուրջ 30 տարվա պայքարի ընթացքում զոհվել է 45 հազարից ավել մարդ:

Շուրջ 30 տարի զինված պայքարից հետո 2013 թվականի մարտին Դիարբեքիրում ընթերցվեց կազմակերպության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ուղերձը, որով նա կոչ էր անում PKK-ին վայր դնել զենքը, լքել Թուրքիայի տարածքը և անցնել քաղաքական պայքարի։

Մայիսի 8-ից պաշտոնապես սկսվեց PKK-ի դուրսբերումը Թուրքիայի տարածքից, ինչպես նաև հրադադար հաստատվեց։

Սեպտեմբերին կազմակերպությունը հայտարարեց, թե դադարեցնում է դուրսբերման գործընթացը, սակայն հրադադարի ռեժիմը շարունակելու է պահպանել։

allTurkey.am

Մեկնաբանություններ