Թուրքիայում PKK-ի հիմնադրման տարեդարձին բախումներ եղել

Թուրքիայում ձերբակալություններ են եղել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հիմնադրման տարեդարձը տոնելու ժամանակ։

Թուրքիայի հարավարևելյան քրդաբնակ Շըրնաք նահանգի Սիլոփի շրջանում PKK-ի հիմնադրման տարեդարձը տոնելու ժամանակ ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են սկսվել։ Բախումների ժամանակ էլ շուրջ 20 մարդ է ձերբակալվել։ Մի քանի ժամ տևած լարվածությունից հետո ցուցարարները հեռացել են։

Հիշեցնենք, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում քրդական անկախ պետության հիմնումը: Այն հայտնի է նաև մի շարք այլ անուններով, այդ թվում նաև HPG անունով։

Կազմակերպությունը հիմնադրվել է 1978 թվականին Դիարբեքիրում (Աղձնիք նահանգ) Աբդուլլահ Օջալանի (Ափո) կողմից, ով ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։

Կազմակերպությունն ակտիվ ռազմական գործողությունները Թուրքիայի դեմ սկսել է 1984 թվականին: Թուրքական իշխանությունների դեմ մղվող շուրջ 30 տարվա պայքարի ընթացքում զոհվել է 45 հազարից ավել մարդ:

Շուրջ 30 տարի զինված պայքարից հետո 2013 թվականի մարտին Դիարբեքիրում ընթերցվեց կազմակերպության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ուղերձը, որով նա կոչ էր անում PKK-ին վայր դնել զենքը, լքել Թուրքիայի տարածքը և անցնել քաղաքական պայքարի։

Մայիսի 8-ից պաշտոնապես սկսվեց PKK-ի դուրսբերումը Թուրքիայի տարածքից, ինչպես նաև հրադադար հաստատվեց։

Սեպտեմբերին կազմակերպությունը հայտարարեց, թե դադարեցնում է դուրսբերման գործընթացը, սակայն հրադադարի ռեժիմը շարունակելու է պահպանել։

allTurkey.am

Մեկնաբանություններ