Ֆրանց Վերֆելին նվիրված հիշատակի միջոցառում Վիեննայում

Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Ավստրիայի Հայ առաքելական եկեղեցու համայնքի համատեղ ջանքերով նոյեմբերի 26-ին Վիեննայում կազմակերպվեց մշակութային երեկո` նվիրված Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» հանրահայտ վեպի առաջին հրատարակության ութսունամյակին:

Միջոցառման կազմակերպմանն իրենց մասնակցությունն էին բերել նաև Ավստրիական ռադիոն, Ավստրիական գրականագիտական ընկերակցությունը և Ֆրանց Վերֆել կոմիտեն: Արարողությանը ներկա էին ավստրիահայ համայնքի ներկայացուցիչներ, ավստրիացի մտավորականներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը: Միջոցառումն ուղեկցվեց համերգային ծրագրով:

Միջոցառմանը ներկա գտնվեց նաև ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը, որի ընթացքում ներկայացվեց Հայոց ցեղասպանության թանգարանի հավաքածուի Մուսա լեռան հերոսամարտին առնչվող նոր լուսանկարային նյութեր:

Հատուկ այդ օրվա կապակցությամբ, Ավստրիայի ազգային գրադարանից բերվել էր Ֆրանց Վերֆելի հանրահայտ վեպի ձեռագիրը, որը ներկայացվեց ներկաների ուշադրությանը:

allTurkey.am

Մեկնաբանություններ