PKK-ն թուրք զինծառայողների էր առևանգել

«Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամներն առևանգել են Թուրքիայի զինված ուժերի 4 զինծառայողների, ովքեր եղել են քաղաքացիական ավտոմեքենաներում։

Դեկտեմբերի 8-ին կեսօրին PKK-ի մի խումբ անդամներ փակել են Լիջե-Դիարբեքիր ավտոճանապարհը և սկսել են ստուգել վարորդների փաստաթղթերն ու քարոզչություն իրականացնել։ Այդ ընթացքում քրդական կազմակերպության անդամները կանգնեցրել են նաև թուրքական զինուժի զինծառայողներին տեղափոխող քաղաքացիական ավտոմեքենան։

Նրանք դուրս են բերել ռազմակայան վերադարձող զինծառայողներին, այրել երկու ավտոմեքենաները, որոնցով նրանք վերադառնում էին, ապա վերջիններիս իրենց հետ տարել անհայտ ուղղությամբ։

Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումներն ավելի ուշ լայնածավալ գործողություններ են սկսել՝ հայտնաբերելու առևանգված ծառայակիցներին։

Առևանգված զինծառայողները դեկտեմբերի 9-ին՝ տեղի ժամանակով 03։30-ի սահմաններում ներկայացել են ծառայության վայր։

Զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց՝ բուժզննում անցնելու, նրանց մոտ վնասվածքներ չեն հայտնաբերվել։

Հիշեցնենք, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում քրդական անկախ պետության հիմնումը: Այն հայտնի է նաև մի շարք այլ անուններով, այդ թվում նաև HPG անունով։

Կազմակերպությունը հիմնադրվել է 1978 թվականին Դիարբեքիրում (Աղձնիք նահանգ) Աբդուլլահ Օջալանի (Ափո) կողմից, ով ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։

Կազմակերպությունն ակտիվ ռազմական գործողությունները Թուրքիայի դեմ սկսել է 1984 թվականին: Թուրքական իշխանությունների դեմ մղվող շուրջ 30 տարվա պայքարի ընթացքում զոհվել է 45 հազարից ավել մարդ:

Շուրջ 30 տարի զինված պայքարից հետո 2013 թվականի մարտին Դիարբեքիրում ընթերցվեց կազմակերպության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ուղերձը, որով նա կոչ էր անում PKK-ին վայր դնել զենքը, լքել Թուրքիայի տարածքը և անցնել քաղաքական պայքարի։

Մայիսի 8-ից պաշտոնապես սկսվեց PKK-ի դուրսբերումը Թուրքիայի տարածքից, ինչպես նաև հրադադար հաստատվեց։

Սեպտեմբերին կազմակերպությունը հայտարարեց, թե դադարեցնում է դուրսբերման գործընթացը, սակայն հրադադարի ռեժիմը շարունակելու է պահպանել։

allTurkey.am

Մեկնաբանություններ