Թուրքիայում փոխեցին 10 նախարարի

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո հայտարարվել է կառավարության նոր կազմը, որը փոխվել է վերջին կոռուպցիոն սկանդալի պատճառով։

Թուրքիայում փոխվել է 10 նախարար և փոխվարչապետ, տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Ահա նոր նախարարների անունները՝

Թուրքիայի փոխվարչապետ Էմրուլլահ Իշլեր

Արդարադատության նախարարԲեքիր Բոզդաղ

Սոցիալական քաղաքականության և ընտանիքի նախարար Այշենուր Իսլամ

Եվրամիության նախարար Մևլութ Չավուշօղլու

Գիտության, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Ֆիքրի Ըշըք

Քաղաքաշինության և շրջակա միջավայրի նախարար Իդրիս Գյուլունջե

Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչի

Երիտասարդության և սպորտի նախարար Աքիֆ Չաղաթայ Քըլըչ

Ներքին գործերի նախարար Էֆքան Ալա

Հաղորդակցության, ծովագնացության և տեղեկատվության նախարար Լյուֆթի Էլվան։

Հիշեցնենք, որ կոռուպցիոն սկանդալի հետևանքով դեկտեմբերի  17-ին ձերբակալվել է 5 տասնյակից ավել մարդ, ինչին հետևել են նաև գործի քննությամբ զբավող պաշտոնյանների հեռացումները ոստիկանության շարքերից, ինչը համարում են թուրքական կառավարության պատասխան քայլն իրավապահների սկսած գործողությունների դեմ։

Հիմնական Ստամբուլում անցկացված լայնածավալ գործողության ժամանակ ձերբակալվել էին Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի, ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերի և քաղաքաշինության ու շրջակա միջավայրի նախարար Էրդողան Բայրաքթարի որդիները, իրանական ծագմամբ ադրբեջանցի գործարար Ռըզա Զարրաբան և այլոք։

Ձերբակալվածներից 25-ի նկատմամբ որոշվել է որպես խափանման միջոց ընտրել կալանքը, իսկ մի մասն ազատ է արձակվել, այդ թվում՝ Բայրաքթարի որդին։

Տեղեկություններ են շրջանառվում, թե այս ձերբակալությունների հետևում կանգնած են գյուլենական շարժման անդամները, ովքեր դժգոհ են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության քաղաքականությունից, մասնավորապես, Թուրքիայում գյուլենական դպրոցների փակման նախաձեռնությունից։

Իսկ հայտնի է, որ գյուլենական շարժումն ու «Արդարություն և զարգացում» կուսակցություններն ունեին սերտ հարաբերություններ։

allTurkey.am

Մեկնաբանություններ