Թուրքիայում գումարվել է Ազգային անվտանգության խորհրդի նիստը

Թուրքիայում մեկնակել է Ազգային անվտանգության խորհրդի նիստը, որը 2013 թվականի ընթացքում վերջին անգամ է անցկացվում։

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստն անցկացվում է Անկարայում Թուրքիայի նախագահի նստավայրում, փոխանցում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Նիստին մասնակցելու է Թուրքիայի նախագահը, վարչապետը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը, արտգործնախարարը և մի քանի այլ նախարարներ ու պաշտոնյաներ։

Ենթադրվում է, որ նիստի օրակարգում է կոռուպցիոն սկանդալը։

Նիստին մասնակցում են նաև այսօր նշանակված նախարարներից մի քանիսը, ովքեր ի պաշտոնե իրավունք ունեն մասնակցել Թուրքիայի համար խիստ կարևորություն ներկայացնող ԱԱԽ նիստին։

Հիշեցնենք, որ Թուրքիայի կառավարությունում փոխվել է 9 նախարար և 1 փոխվարչապետ, ինչը կապված է կոռուպցիոն սկանդալի հետ։

Կոռուպցիոն սկանդալի հետևանքով դեկտեմբերի  17-ին ձերբակալվել է 5 տասնյակից ավել մարդ, ինչին հետևել են նաև գործի քննությամբ զբավող պաշտոնյանների հեռացումները ոստիկանության շարքերից, ինչը համարում են թուրքական կառավարության պատասխան քայլն իրավապահների սկսած գործողությունների դեմ։

Հիմնական Ստամբուլում անցկացված լայնածավալ գործողության ժամանակ ձերբակալվել էին Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի, ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերի և քաղաքաշինության ու շրջակա միջավայրի նախարար Էրդողան Բայրաքթարի որդիները, իրանական ծագմամբ ադրբեջանցի գործարար Ռըզա Զարրաբան և այլոք։

Ձերբակալվածներից 25-ի նկատմամբ որոշվել է որպես խափանման միջոց ընտրել կալանքը, իսկ մի մասն ազատ է արձակվել, այդ թվում՝ Բայրաքթարի որդին։

Տեղեկություններ են շրջանառվում, թե այս ձերբակալությունների հետևում կանգնած են գյուլենական շարժման անդամները, ովքեր դժգոհ են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության քաղաքականությունից, մասնավորապես, Թուրքիայում գյուլենական դպրոցների փակման նախաձեռնությունից։

Իսկ հայտնի է, որ գյուլենական շարժումն ու «Արդարություն և զարգացում» կուսակցություններն ունեին սերտ հարաբերություններ։

allTurkey.am

Մեկնաբանություններ