Թուրքիայի իշխող կուսակցությունը կարող է իր շարքերից հեռացնել երեք պատգամավորի

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարությունը պատրաստվում է 3 պատգամավորների հեռացնել կուսակցության շարքերից։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Թուրքական իշխող քաղաքական կուսակցության ղեկավարությունը դժգոհ է Էրթուղրուլ Գյունայի, Էրդար Քալքանի և Հալուք Օզդալգայի հայտարարություններից, որոնցով նրանք քննադատել են կուսակցության վարած քաղաքականությունը։ «Արդարություն և զարգացում» կուսակցությունն էլ կարգապահական խորհրդի նիստում քննարկելու է նրանց՝ կուսակցությունից հեռացման հարցը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ազգային մեծ ժողովի պատգամավոր Էրթուղրուլ Գյունայը նախկինում զբաղեցրել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի պաշտոնը։

allTurkey.am

Մեկնաբանություններ