Թուրքիայի ազգային անվտանգության նիստին քննարկվել են տարածաշրջանային հարցեր

Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստը, որն այս տարվա ընթացքում վերջին անգամ էր անցկացվում, ավարտվել է, իսկ արդյունքների վերաբերյալ հաղորդագրություն է տարածվել։

Ազգային անվտանգության նիստը տևել է 3,5 ժամ։ Քննարկվել են Սիրիայի, Իրաքի, Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի՝ այս տարվա զարգացումները, դրանց ազդեցությունն ու կանխարգելումը։

Թե արդյոք անդրադարձ է եղել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի՝ Երևան կատարած այցին, հաղոդրագրությունում չի մանրամասնվում։

Նշենք, որ ԱԱԽ իստին մասնակցել են նախօրեին նշանակված արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, ներքին գործերի նախարար  Էֆքան Ալան, ինչպես նաև նորանշանակ փոխվարչապետ Էմրուլլահ Իշլերը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի կառավարությունում փոխվել է 9 նախարար և 1 փոխվարչապետ, ինչը կապված է կոռուպցիոն սկանդալի հետ։

Կոռուպցիոն սկանդալի հետևանքով դեկտեմբերի  17-ին ձերբակալվել է 5 տասնյակից ավել մարդ, ինչին հետևել են նաև գործի քննությամբ զբավող պաշտոնյանների հեռացումները ոստիկանության շարքերից, ինչը համարում են թուրքական կառավարության պատասխան քայլն իրավապահների սկսած գործողությունների դեմ։

Հիմնական Ստամբուլում անցկացված լայնածավալ գործողության ժամանակ ձերբակալվել էին Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի, ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերի և քաղաքաշինության ու շրջակա միջավայրի նախարար Էրդողան Բայրաքթարի որդիները, իրանական ծագմամբ ադրբեջանցի գործարար Ռըզա Զարրաբան և այլոք։

Ձերբակալվածներից 25-ի նկատմամբ որոշվել է որպես խափանման միջոց ընտրել կալանքը, իսկ մի մասն ազատ է արձակվել, այդ թվում՝ Բայրաքթարի որդին։

Տեղեկություններ են շրջանառվում, թե այս ձերբակալությունների հետևում կանգնած են գյուլենական շարժման անդամները, ովքեր դժգոհ են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության քաղաքականությունից, մասնավորապես, Թուրքիայում գյուլենական դպրոցների փակման նախաձեռնությունից։

Իսկ հայտնի է, որ գյուլենական շարժումն ու «Արդարություն և զարգացում» կուսակցություններն ունեին սերտ հարաբերություններ։

allTurkey.am

Մեկնաբանություններ