«Դեմոկրատներն» ու «պետականամետները» Թուրքիայում

Տիրան Լոքմագյոզյան

թուրքագետ

Ինչպես համայն աշխարհում, այնպես էլ Թուրքիայում հասարակական-քաղաքական առումով բավականին աշխույժ անցած 2013 թվականը թուրք-հայկական հարաբերությունների տեսանկյունից ևս ուշագրավ եզրափակիչով է պատմության գիրկն անցնում:

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստի կապակցությամբ Հայաստանից «քամու պես անցած» Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի կողմից իրականացված այցը, երկու երկրների «հարաբերությունների բացակայության» համատեքստում նոր զարգացում արձանագրելով հանդերձ, հաստատել է նաև, որ այն «նորույթ չի եղել Արևմուտքի ճակատում»: Այն հարաբերությունները, որ Թուրքիան ծրագրում է (չ)հաստատել Հայաստանի հետ, վերստին Ղարաբաղի հարցով ինդեքսավորելով` հանդիպել է այդ զզվեցրած «փլավից» այլևս անհանգստություն զգալ սկսող Հայաստանի սառը վերաբերմունքին: Ի վերջո Դավութօղլուի «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը մեր առջև է հառնել «զրո հարաբերություն հարևանների հետի» վերածված վիճակով: Քարտեզի վրա հայացք նետելով` տեսնում ենք, որ Թուրքիան ոչ մի հարևանի հետ բարիդրացիական հարաբերություններ չունի: Հայաստանի, Իրանի, Իրաքի, Սիրիայի հետ ոչ միայն «զրո խնդիր» չունի, այլ ընդհանուր առմամբ «միմիայն խնդիրներ» ունի: Այդ փաստը վերոնշյալ երկրների` Թուրքիայի հանդեպ ունեցած մոտեցումներից առավել պայմանավորված է Թուրքիայի` այդ պետությունների նկատմամբ որդեգրած կեցվածքով: Երկկողմ հարաբերությունների առումով թերևս միակ երկիրը, որ կարող է ընկալվել որպես «խնդիրներից զուրկ» հարաբերություններ ունեցող պետություն, Վրաստանն է: Սակայն չպետք է աչքաթող անել այն փաստը, որ այս վիճակն էլ երկու երկրների միջև զարգացող բարիդրացիական հարաբերություններից առավել պայմանավորված է սույն երկու պետությունների` երրորդ երկրների հետ ունեցած խնդիրներով և միջազգային քաղաքականությամբ: Ինչ վերաբերում է մնացած վերջին երկու պետությունների` Հունաստանի և Բուլղարիայի հետ Թուրքիայի ունեցած խնդիրներին, ապա դրանք ներկա պահին ընդամենը ժամանակավորապես են սառեցված: Այս ամենի հետևանքով կարելի է արձանագրել, որ «զրո խնդրից» խոսելու համար առնվազն վառ երևակայություն է անհրաժեշտ:

Դավութօղլուի հայաստանյան այցը մեկ այլ առումով էլ է անգամ թուրքական մամուլի ուշադրությունը գրավելու չափ ուշագրավ եղել: Հայաստան կատարած այցի ժամանակ Դավութօղլուին ուղեկցողների մեջ կային երեք հայեր: Դավութօղլուի` այդ կերպ միջազգային հանրությանը հղելիք ուղերձները, երկրի քաղաքականության մի մասը կազմելով հանդերձ, բավականին կարևոր են նաև այդ հրավիրյալների «քաղաքականության» առումով:

Այդ անձանցից առաջինը դեռևս Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք միջնորդի պարտականություն ստանձնած Սամսոն Օզարարատն էր: Այդ տեսանկյունից կարելի է ընդունել, որ Օզարարատի` թուրք-հայկական հարաբերություններում կրկին ակտիվացնելը սպասելի և հերթական զարգացում է:

Երկրորդի` գրող, լրագրող, մինչ վերջերս «Թարաֆ» օրաթերթի առաջատար դեմքերից Մարգար Եսայանի` քաղաքական արենայում ակտիվությունը` որպես անհատ և անկախ լրագրող, միայն իրեն վերաբերող հարց է: Արդեն իսկ հանրահայտ փաստ է, որ «Թարաֆ» օրաթերթը, որին ժամանակին աշխատակցել է Եսայանը, համակրանք է տածում Արդարություն և զարգացում կուսակցության հանդեպ:

Սակայն Դավութօղլուի հրավերին անսալով` այդ ուղևորության ժամանակ նրան ուղեկցելու «պարտականությունն» ստանձնած «Ակօս» շաբաթաթերթի ներկայիս գլխավոր խմբագիրը մեզ համար ամենաուշագրավ անունն է հիշյալ երեք անձանց մեջ: Դավութօղլուի հրավերին անսալով` այդ ուղևորության ժամանակ նրան ուղեկցած մյուս «հայերը», որպես անհատ, լիովին ազատ են իրենց կողմնորոշումն ունենալու հարցում: Իսկ «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագրի դեպքում սույն խնդիրը լրիվ այլ բովանդակություն է ձեռք բերում:

Նկատի ունենալով այն փաստը, որ այն երկրում, որտեղ անցանկալի լրագրողները չեն հրավիրվում անգամ մամլո ասուլիսներին, և հատկապես արտերկիր ուղևորությունների ժամանակ ընտրվում են միայն պետականամետ պարբերականների ներկայացուցիչներ, արտգործնախարարի այցին մասնակցելու հրավերը պետք է որ որևէ իմաստ կրի: Այս դեպքում իմաստավորված է «Ակօս» շաբաթաթերթի այժմյան գլխավոր խմբագրի` ԱԶԿ-ից կազմված կառավարության նախարարի կողքին երևալը, այն «Ակօս»-ի, որի ամենաուժեղ կողմն անկողմնակալությունն էր, և հենց այդ պատճառով էին սույն պարբերականը հիմնած Հրանտ Դինքի թաղմանը 100 հազարավոր մարդիկ մասնակցել:

Որպես ուշագրավ մանրամնասն` այն փաստից բացի, որ Հրանտի սպանությունից հետո «Ակօս»-ի առաջին գլխավոր խմբագիրը ևս ԱԶԿ-ին մոտ կանգնած անձանցից մեկն էր, մի ժամանակաշրջանում, երբ նորաձև է համարվում դեմոկրատ և ձախակողմյան լինելու մասին ամեն պատեհ առիթով հայտարարելը (եթե անգամ այդպես չէ), և դա չնախընտրողներին «պետականամետ» պիտակավորելը, ապա պետության ինքնաթիռում նախարարի հետ պաշտոնական այցի մասնակցելը կարելի է առնվազն ուշագրավ մոտեցում համարել:

Թարգմանեց`Մելինե Անումյանը

Աղբյուր՝ Akunq.net

allTurkey.am

Մեկնաբանություններ