Պոլսահայ լրագրողը պատասխանել է քուրդ գործչի հակահայ խոսքերին

Թուրքական «Թարաֆ» պարբերականի հայ սյունակագիր Հայկո Բաղդատը քննադատել է Քրդստանի հասարակությունների խորհրդի համանախագահ Բեսե Հոզաթին, ով օրերս հայտարարել էր, թե «ազգայնական հայերն ու հույները Թուրքիայում զուգահեռ պետություն ունեն, ինչն էլ խանգարում է Թուրքիայի ժողովրդավարացմանը»:

Բաղդատը պատասխանել է քուրդ գործչին «Թարաֆում» հրապարակված հոդվածով:

«Թուրքիայի ժողովրդավարացմանը խանգարող հայերն ու հույները ովքե՞ր են: Ներկայում Թուրքիայում միայն 60 հազար հայ, 20 հազար հրեա և 1500 հույն քաղաքացի է մնացել: Ապացույցներ ունե՞ք, թե  պետական գաղտնի ծառայություններիանդամներ են: Ձեր նշած ժողովուրդները տեղահանվել են, ստիպված են եղել ապրել ուրիշ վայերում: Հայկական սփյուռքն էլ մեր ազգականներն են:

Լավ, եթե այդպես է, «ազգայնական հայկական ու հունական լոբբին» ինչպե՞ս է խանգարում թուրք-քրդական կարգավորմանը: Ձեզ հաշի՞վ եք տալիս, որ ձեր այս խոսքերը գործիք են դառնալու Թուրքիայի` այլատյացություն ու ֆաշիզմ քարոզող խմբերի համար, որոնք հայերին, հույներին ու հրեաներին սատանա դարձնելու, նրանց դեմ թշնամանք սերմանելու առիթ են ունենալու:

Իսկ հասկանու՞մ եք, որ ձեր այս արտահայտություններով վիրավորում եք ամեն հայի, հույնի կամ հրեայի: Գիտե՞ք, որ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունում կան նաև ազգային փոքրամասնություններ, իսկ ձեր խոսքերով կարող եք վնասել նաև նրանց:

Գիտենք, թե Աբդուլլահ Օջալանն (PKK-ի առաջնորդ-խմբ) ինչ է ասել քրիստոնյաների ապրած սարսափների մասին, գիտենք նաև, որ Ահմեթ Թյուրքը (հայտնի քուրդ քաղաքական գործիչ-խմբ) ներողություն է խնդրել դրանց համար»,-իր հոդվածում գրում է հայ լրագրողը` նշելով, թե սպասում է պատասխանի:

allTurkey.am

Մեկնաբանություններ