Թուրքիայում կոռուպցիոն սկանդալի գործով նոր կալանավորվածներ կան

Թուրքիայում շարունակվում են կոռուպցիոն սկանդալի գործով ձերբակալությունները: Հունվարի 14-ին հայտնի է դարձել ևս 7 հոգու կալանավորելու մասին: Մերսին նահանգում անցկացված գործողության արդյունքում 35 մարդ է ձերբակալել, որից 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց են որոշել կիրառել կալանքը: Ձերբակալվածների ինքնությունը դեռ հայտնի չէ, պարզ չէ նաև նրանց աշխատավայրերը:

Հիշեցնենք, որ կոռուպցիոն սկանդալի հետևանքով դեկտեմբերի  17-ին ձերբակալվել է 5 տասնյակից ավել մարդ, ինչին հետևել են այսգործի քննությամբ զբավող պաշտոնյանների զանգվածային հեռացումները ոստիկանության շարքերից, ինչը համարում են թուրքական կառավարության պատասխան քայլն իրավապահների սկսած գործողությունների դեմ։

Հիմնականում Ստամբուլում անցկացված լայնածավալ գործողության ժամանակ ձերբակալվել էին Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի, ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերի և քաղաքաշինության ու շրջակա միջավայրի նախարար Էրդողան Բայրաքթարի որդիները, իրանական ծագմամբ ադրբեջանցի գործարար Ռըզա Զարրաբան, պետական «Հալքբանկի» գործադիր տնօրեն Սուլեյման Ասլանը և այլոք։ Նրանք մեղադրվում են Ստամբուլում կաշառքի դիմաց շինարարություն կատարելու, այլ ֆինանսական բնույթի հանցագործությունների համար։

Ձերբակալվածներից 25-ի նկատմամբ որոշվել է որպես խափանման միջոց ընտրել կալանքը, իսկ մի մասն ազատ է արձակվել, այդ թվում՝ Բայրաքթարի որդին։

Տեղեկություններ են շրջանառվում, թե այս ձերբակալությունների հետևում կանգնած են գյուլենական շարժման անդամները, ովքեր դժգոհ են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության քաղաքականությունից, մասնավորապես, Թուրքիայում գյուլենական դպրոցների փակման նախաձեռնությունից։

Իսկ հայտնի է, որ գյուլենական շարժումն ու «Արդարություն և զարգացում» կուսակցություններն ունեին սերտ հարաբերություններ։

allTurkey.am

Մեկնաբանություններ