Թուրքիայում 115 դատախազ ու դատավոր է հեռացվել պաշտոնից

Թուրքիայի արդարադատության համակարգում ցնցումները շարունակվում են։ Այս անգամ աշխատանքից ազատվել է միանգամից 115 դատախազ և դատավոր, տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։  Դատախազների ու դատավորների մի մասին տեղափոխել են այլ պաշտոնի։

Հիշեցնենք, որ կոռուպցիոն սկանդալի հետևանքով 2013-ի դեկտեմբերի 17-ին Թուրքիայում ձերբակալվել է 5 տասնյակից ավել մարդ, ինչին հետևել են այս գործի քննությամբ զբավող պաշտոնյանների զանգվածային հեռացումները ոստիկանության շարքերից, ինչը համարում են թուրքական կառավարության պատասխան քայլն իրավապահների սկսած գործողությունների դեմ։

Հիմնականում Ստամբուլում անցկացված լայնածավալ գործողության ժամանակ ձերբակալվել էին Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի, ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերի և քաղաքաշինության ու շրջակա միջավայրի նախարար Էրդողան Բայրաքթարի որդիները, իրանական ծագմամբ ադրբեջանցի գործարար Ռըզա Զարրաբան, պետական «Հալքբանկի» գործադիր տնօրեն Սուլեյման Ասլանը և այլոք։ Նրանք մեղադրվում են Ստամբուլում կաշառքի դիմաց շինարարություն կատարելու, այլ ֆինանսական բնույթի հանցագործությունների համար։

Ձերբակալվածներից 25-ի նկատմամբ որոշվել է որպես խափանման միջոց ընտրել կալանքը, իսկ մի մասն ազատ է արձակվել, այդ թվում՝ Բայրաքթարի որդին։

Տեղեկություններ են շրջանառվում, թե այս ձերբակալությունների հետևում կանգնած են գյուլենական շարժման անդամները, ովքեր դժգոհ են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության քաղաքականությունից, մասնավորապես, Թուրքիայում գյուլենական դպրոցների փակման նախաձեռնությունից։

Հետաքրքիր է, որ գյուլենական շարժումն ու «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ավելի վաղ հայտնի էին իրենց սերտ հարաբերություններով։

allTurkey.am

Մեկնաբանություններ