«Հայ» բառը որպես վիրավորանք կիրառած թուրք ըմբիշին կարող են զրկել Օլիմպիական խաղերի մասնակցությունից

Հայտնի թուրք ըմբիշ Ռըզա Քայաալփը, որը 2013 թվականի ամռանը Գեզի զբոսայգու հետ կապված ցույցերի ժամանակ «հայ» բառով փորձել էր վիրավորել ցուցարարներին, կարող է զրկվել 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից։

Առաջիկայում Քայաալփի գործը քննելու է Միջազգային օլիմպիական կոմիտեն (IOC), որն էլ նրան մեղավոր ճանաչելու դեպքում կարող է արգելել մասնակցել Բրազիլիայում կայանալիք օլիմպիադային։ Կառույցի նիստն անցկացվելու է Հռոմում փետրվարի 28-ին։ Թուրք ըմբիշի հարցն ուշ է քննվում, քանի որ կարգապահական կոմիտեի ղեկավարը մահացել էր, իսկ նրան փոխարինող միայն վերջերս է հաջողվել գտնել։ 

Ավելի վաղ թուրք ըմբիշը ՖԻԼԱ-ի որոշմամբ 6 ամսով որակազրկվել է ռասիստական հայտարարություններ անելու համար։

ՖԻԼԱ-ն արգելել է նրան 6 ամիս շարունակ մասնակցել սեփական հովանու ներքո անցկացվող մրցումներին։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ըմբշամարտի հավաքականի անդամը «Թվիթերով» վիրավորանքներ և հայհոյանքներ են հասցրել ցուցարարներին, ինչպես նաև վիրավորական երանգով օգտագործել «հայ» բառը։ 

Թվիթերյան գրառումներում գրել էր. «Հայաստանի ժողովրդին եք ուրախացնում, Թաքսիմն եք գրավում, Թուրքիան վիրավորում… Ձեր արածը *****», «Դուք հայեր եք, հայրենիքի դավաճաններ, ստոր հրոսակներ» և այլն։

Սակայն նման պահվածքը չի խանգարել, որպեսզի դրանից անմիջապես հետո Թուրքիայի սպորտի նախարարությունը հենց Քայաալփին ընտրի որպես Թուրքիայի պատվիրակության դրոշակակիր Սևծովյան խաղերի համար։

Նշենք,որ Քայաալփը 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերում դարձել էր բրոնզե մեդալակիր։

allTurkey.am

Մեկնաբանություններ