Թուրքիայում ցուցարարները շարունակում են պահանջել Էրդողանի հրաժարականը

Թուրքիայի տարբեր քաղաքներում նախօրեին կրկին ցույցեր են գրանցվել, որոնք ուղեկցվել են ոստիկանների հետ բախումներով։ Ցույցերի պատճառն է օրերս համացանցում հայտնված Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի և նրա որդու՝ Բիլալի միջև հեռախոսազրույցը, որում հայրը որդուն հրանահանգում է տանից դուրս բերել կանխիկ գումարը և մի տեղ պահել։ Ըստ ձայնագրությունները տարածողների՝ հեռախոսազրույցը հետևել է Թուրքիայում կոռուպցիոն գործով դեկտեմբերյան ձերբակալություններին։

Էրդողանի հրաժարականը պահանջելու կոչով էլ արդեն մի քանի օր է, ինչ Թուրքիայի տարբեր խոշոր բնակավայրերում բողոքի ցույցեր են։ Փետրվարի 26-ի երեկոյան ցույցեր են եղել Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Մերսինում, Էդիրներում։ Իզմիրում ցույցերի ժամանակ բախումներ են եղել ոստիկանների հետ, ինչի հետևանքով վիրավորներ և ձերբակալվածներ կան։ Այլ շրջաններում ևս բախումներ են եղել ցուցարարների ու իրավապահների միջև։

Հիշեցնենք, որ կոռուպցիոն սկանդալի հետևանքով 2013-ի դեկտեմբերի 17-ին Թուրքիայում ձերբակալվել է հիսունից ավել մարդ, հիմնականում գործարարներ և պաշտոնյաների ազգականներ։ Իրավապահների այս քայլին հետևել էր Թուրքիայի կառավարության կողմից այս գործի քննությամբ զբավող պաշտոնյանների զանգվածային հեռացումները ոստիկանությանև արդարադատության համակարգի շարքերից։

Հիմնականում Ստամբուլում անցկացված լայնածավալ գործողության ժամանակ ձերբակալվել էին Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի, ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերի և քաղաքաշինության ու շրջակա միջավայրի նախարար Էրդողան Բայրաքթարի որդիները, իրանական ծագմամբ ադրբեջանցի գործարար Ռըզա Զարրաբան, պետական «Հալքբանկի» գործադիր տնօրեն Սուլեյման Ասլանը և այլոք։ Նրանք մեղադրվում են Ստամբուլում կաշառքի դիմաց շինարարություն կատարելու, այլ ֆինանսական բնույթի հանցագործությունների համար։ Հայտնի էր դարձել, որ իրավապահները գաղտնալսել են նաև Թուրքիայի նախագահի, վարչապետի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների հեռախոսները։ Գործով շրջանառվում էր նաև Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի որդու՝ Բիլալ Էրդողանի անունը, ով, սակայն, չի ձերբակալվել։ Այս ամենի հետևանքով Էրդողանը ստիպված եղավ փոխել 10 նախարարի, որոնց մի մասի անունը նույնպես շրջանառվում էր կոռուպցիոն գործարքների հետ։

Ձերբակալվածներից 25-ի նկատմամբ որոշվել է որպես խափանման միջոց ընտրել կալանքը, իսկ մի մասն ազատ է արձակվել, այդ թվում՝ Բայրաքթարի որդին։

Վերջին շրջանում էլ համացանցում են հայտնվել Թայիփ Էրդողանի և որդու՝ դեկտեմբերյան ձերբակալություններին հաջորդած հեռախոսազրույցները, որում Թուրքիայի վարչապետը որդուն ասում է տնից դուրս բերել կանխիկ գումարն (շուրջ 1 մլրդ ամերիկյան դոլար) ու տեղափոխել ապահով վայր։ Այս ձայնագրությունների իսկական լինելը հայտնի չէ, սակայն այն առիթ է դարձել ցույցերի Թուրքիայի ողջ տարածքով, որի մասնակիցները պահանջում են Էրդողանի հրաժարականը։

Տեղեկություններ են շրջանառվում, թե կոռուպցիոն սկանդալի հետևում կանգնած են գյուլենական շարժման անդամները, ովքեր դժգոհ են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության քաղաքականությունից, մասնավորապես, Թուրքիայում գյուլենական դպրոցների փակման նախաձեռնությունից։

Հետաքրքիր է, որ գյուլենական շարժումն ու «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ավելի վաղ հայտնի էին իրենց սերտ հարաբերություններով։

allTurkey.am

Մեկնաբանություններ