Թուրքիայի ներքաղաքական ճգնաժամը կարող է տեղափոխվել Ադրբեջան. կկրկնօրինակի՞ Ալիևն Էրդողանին

Լևոն Հովսեփյան, թուրքագետ

Թուրքիայում վերջին շրջանում ընթացող ներքաղաքական զարգացումները վերաճում են ներքաղաքական ճգնաժամի: Նախորդ տարի դեկտեմբերին Թուրքիայում սկսված ձերբակալություններով սկիզբ առավ վարչապետ Էրդողանի ու Ֆեթուլլահ Գյուլենի միջև բացահայտ դիմակայությունը, որը գնալով ավելի է սրվում: Ընթացող զարգացումները ցույց են տալիս, որ Էրդողանի կառավարությունը և հատկապես անձամբ Էրդողանը, այդ դիմակայության և հակամարտության մեջ հայտնվել են բավական բարդ մի իրավիճակում, երբ նույնիսկ մեծանում է կասկածամտությունը, անվստահությունը մերձավոր շրջապատի նկատմամբ:

Բացի այդ, Թուրքիայի պետական, անվտանգության ու դատական համակարգում Գյուլենի հետևորդների կամ գյուլենականների ներթափանցումը տարիների ընթացքում վերածվել է ցանցային լծակի, ինչով հնարավոր է դառնում ազդել ներքաղաքական գործընթացների վրա, առավել ևս բավական բարդ մի իրավիճակում դնել հենց վարչապետ Էրդողանին: Դեռևս Էրդողանին չի հաջողվում քանդել իր ու իր կառավարության համար դեռևս սպառնալիք ներկայացնող «խորքային կծիկը»: Էրդողան-Գյուլեն հակամարտության բացահայտ փուլը թևակոխել է «կոմպրոմատային պատերազմի» շրջան, երբ մեկը մյուսի հետևից հրապարակվում են թե Էրդողանի, և թե Գյուլենի գաղտնի հեռախոսային զրույցները: Սրանք ցույց են տալիս, որ անվտանգության համակարգում գյուլենականների դերը բավական մեծ է, իսկ կառավարությունը մեծ հաշվով չի կարողանում լիարժեքորեն վերահսկել անվտանգության մարմիններին: Մի խոսքով զարգացումները դեռևս առջևում են, որոնք լրջորեն կսասանեն Էրդողանին ու նրա կառավարությանը: Բացահայտումները կշարունակվեն:

Թուրքիայում գյուլենականների դեմ Էրդողանի արշավն ու հակագործողությունները մի տեսակ ստվերում են մի կարևոր հանգամանք: Այն, որ նույն գյուլենականները ազդեցություն են ձեռք բերել և տարածում են ստացել Ադրբեջանում: Թուրքիայում գյուլենականների դեմ արշավը կարող է տեղափոխվել այդ երկիր: Իսկ ի՞նչ կլինի, եթե Էրդողանը, Թուրքիայում հակագյուլենական արշավի հետ մեկտեղ պահանջի Ադրբեջանի իշխանություններից՝ նաև Ադրբեջանում հաշվեհարդար տեսնել գյուլենականների հետ: Ի՞նչ կլինի, եթե Ալիևն անցնի գրոհի կամ փորձի Ադրբեջանում կրկնել Էրդողանին…

Նախ անդրադառնանք Ադրբեջանում գյուլենական շարժմանը: Ադրբեջանի անկախացումից հետո գյուլենական շարժումը սկսեց ակտիվորեն ներթափանցել այդ երկիր և բավական արագ կարողացավ այնտեղ հիմնել իր բջիջները՝ տարբեր հաստատությունների անվան ներքո: Դա պայմանավորված էր նախ և առաջ երկրի նախկին նախագահ Հ. Ալիևի բարյացակամ վերաբերմունքով, քանի որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ղեկավար եղած ժամանակ գյուլենական շարժումը նրան բավական լուրջ օգնություն էր ցուցաբերում: Նորանկախ Ադրբեջանի իշխանությունների համար այդ շարժման գործունեությունը դիտարկվում էր որպես կարևոր գործոն Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացման համար` հատկապես կրթական-մշակութային մոդելի համատեքստում: Ներկայում էլ այդ շարժումն ամենակատիվներից է Ադրբեջանում և շարունակական ազդեցության մեծացման միտումներ ունի:

Գյուլենական շարժման գործունեությունը Ադրբեջանում, կարելի է ասել, քողարկված է և այն ուղղակի հակամարտության չի գնում շիական կրոնական համակարգին ու աշխարհիկ վարչակարգին: Շարժման գործունեության հիմքում դրված է դանդաղ ու փափուկ գործունեության սկզբունքը, ինչն ավելի արդյունավետ է: Գյուլենական շարժման մեծ օրակարգը Ադրբեջանում պետական ու կրթական համակարգում տարածվելն է, ազդեցության ձեռքբերումը:

Ադրբեջանում գյուլենական շարժումը լայն տարածում է գտնում հատկապես քաղաքային բնակչության շրջանում` շնորհիվ իր լավ կազմակերպված կրթական, լրատվական ու գործարար կազմակերպությունների և դրանով իսկ այն իր հնարավորություններով առանձնանում է մյուս իսլամական ուղղություններից, որ փորձում են ազդեցություն ձեռք բերել այդ երկրում: Այն նաև ի տարբերություն այլ իսլամական ուղղությունների` ուղղակիորեն կամ բացահայտ չի ներգրավվում Ադրբեջանում կրոնի տեղի ու դերի վերաբերյալ քաղաքական սուր քննարկումներին:

Գյուլենականությունն Ադրբեջանում ունի մի կարևոր առանձնահատկություն: Այն բավական զգուշավոր և հարաբերական պասիվ է գործում զուտ կրոնական տեսնկյունից՝ խուսափելով բացահայտ առճակատման մտնել աշխարհիկ կարգերի ու շրջանակների հետ, քանի որ իշխանական վերնախավն իրեն նույնպես համարում է աշխարհիկ: Չնայած, հենց ադրբեջանական մի շարք հրապարակումներ են եղել, որոնք փաստում են, որ դա միայն արտաքուստ է և շարժման օրակարգը կրոնական է, քան առաջին հայացքից է երևոմ: Նույնիսկ որոշ ադրբեջանցի փորձագետներ նշում են, որ այդ շարժումն Ադրբեջանում ցանկանում է շիիզմը փոխարինել սունիական ուղղությամբ, այն էլ՝ թուրքական: Չնայած ադրբեջանական իշխանությունների կողմից գյուլենականների դեմ գործադրվող սահմանափակ ճնշումներին՝ Ադրբեջանում այն գնալով ավելի է ընդլայնում իր գործունեությունը կարևորագույն ոլորտներում: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ շարժման հետ ուղղակի կամ անուղղակի կապի մեջ են Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ, հայտնի լրագրողներ ու կրթության ոլորտի ներկայացուցիրներ:

Չնայած նախկինում գյուլենական շարժումը Ադրբեջանի իշխանությունների համար որպես այդպիսին սպառնալիք չի ներկայացրել երկրում իսլամական արժեհամակարգի տարածման ու աշխարհիկ կարգերի տեսանկյունից, ներկայում իրավիճակն այդ առումով կարող է փոխվել:
Այդ շարժումն Ադրբեջանում քաղաքական լուրջ գործոնի վերածվելու հնարավորություն ունի, և դա էլ անհանգստացնում է ալիևյան կլանին: Հավանական է, որ մյուս խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արդեն այդ շարժումը ավելի շատ քաղաքական կշիռ ձեռք կբերի և այդ միտումը գնալով կաճի: Գյուլենական շարժման քաղաքական ռազմավարությունը ավելի է պարզ դառնում 1999 թ. Ֆ. Գյուլենի կողմից արված հայտարարությունից, որտեղ ներկայացրեց Թուրքիայում իսլամականության իր տեսլականը` նշելով, որ շարժման անդամները պետք է աննկատ ներթափանցեն պետական համակարգ, ճյուղավորումներ տան, մինչև որ հասունանա իշխանության լծակները ձեռք բերելու հարմար պահը։ Ըստ Գյուլենի` վաղաժամ քայլեր անելը կարող է կործանար լինել այնպես, ինչպես դա եղավ Ալժիրում, Սիրիայում և Եգիպտոսում: Տվյալ պարագայում, Ադրբեջանում ևս գյուլենական շարժումը չի կարող լինել զուտ կրթամշակութային շարժում, այլ ուղղակի քաղաքական օրակարգը կախված է ժամանակի ու ռեսուրսների համատեղումից` Ադրբեջանում հասունացնելով դրա բազային հիմքերը:

Ալիևի վարչակազմը կարող է գնալ կտրուկ գործողությունների գյուլենական շարժման ազդցությունը կասցենելու ուղղությամբ և դրա նախանշաններն առկա են: Մի կողմից Ալիևի վարչակարգը ցանկանում էր հաշվեհարդար տեսնել նաև գյուլենականների հետ, սակայն հասկանալով, որ դա ուղղակի կվտանգեր Թուրքիայի հետ հարաբերությունները, էական գործողությունների չէր գնում: Ներկայում իրավիճակը փոխվել է, Թուրքիայում տեղի ունեցող զարգացումները կարող են լրջորեն անհանգստացնել Ալիևին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ զուտ կրոնական գաղափարախոսության տեսանկյունից շարժումը որոշակիորեն պասիվ է Ադրբեջանում, նշանակում է, որ նրա ռազմավարությունը քաղաքական նպատակների վրա է կառուցված: Դա կարող է լինել քաղաքաբնակների շրջանում իր կրթական-քարոզչական հաստատությունների միջոցով ինտելեկտուալ սերուցքի աճեցման ու քաղաքական-պետական համակարգում նրանց ներդրման միջոցով հասնել Ադրբեջանի կառավարող էլիտայի վրա լուրջ ազդեցության: Մնացյալ դեպքերում, ըստ Ադրբեջանում գյուլենական շարժման գործունեության դիտարկման. անիմաստ ու անպտուղ են դառնում հսկայական ներդրումներն այդ երկրում գյուլենականների կողմից:

Ուստի, Ադրբեջանում գյուլենական շարժման օրակարգը, կարելի է ասել, ավելի շատ քաղաքական է, քան կրոնական: Թուրքիայում Էրդողան-Գյուլեն հակամարտության թեժ շրջանում իշխանությանը մոտ կանգնած թուրքական որոշ պարբերականներում Ադրբեջանի պետական ու անվտանգության համակարգում, բիզնես ոլորտում գյուլենականների տարածման վերաբերյալ հրապարակումները բնավ պատահական չէին և ադրբեջանական իշխանություններին ուղղված հստակ ուղերձներներ էին: Թուրքական պարբերականներից մեկը գրել է, որ ինչպես եվրոպական, այնպես էլ գյուլենական դպրոցներ ունեցող այլ երկրներում իրավապահներն անցնելու են գործողությունների: Ադրբեջանն այս առումով առաջնայիններից կարող է լինել: Այն, որ ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում գյուլենականները կիրառել են այսպես կոչված գյուլենական «ինքնության քողարկումը», լուրջ բարդություններ է առաջացնում: Թուրքական իշխանությունների հրահրմամբ կամ ուղղակի հանձնարարությամբ ադրբեջանական իշխանությունների գործողությունների ձեռնարկումը Ադդրբեջանում գյուլենականների դեմ բավական ցավոտ է լինելու Ալիևի վարչակարգի համար: Այնպես ինչպես Թուրքիայում գյուլենականները պահուստային տարբերակով պատրաստվել էին այս օրվան, այնպես էլ դա արվել է Ադրբեջանում: Այսինքն` քաղաքական օրակարգի ձևավորման համար ստեղծվել են անհրաժեշտ նախադրյալները՝ սցենարային տարբեր գործընթացների համար:

«Կոմպրոմատային պատերազմը», որ կիրառվում է ներկայում Էրդողանի դեմ, երկար ժամանակ պատրաստված գործողություն է, որը գործի է դրվել անհրաժեշտության պահին: Նույնը կարող է պատրաստված լինել և ամենայն հավանականությամբ էլ այդպես է, ալիևյան վարչակազմի դեմ: իսկ Ալիևի կողմից Ադրբեջանում գյուլենականների դեմ հաշվեհարդարը առաջնահերթորեն կտեղափոխվի հենց այդ դաշտ, ինչը կդրսևորվի Ալիևի ու ադրբեջանական վարչակազմի դեմ բազմաթիվ վարկաբեկիչ բացահայտումներով, որոնք կարող են հարվածի տակ դնել Ալիևի առանց այդ էլ գոյություն չունեցող հեղինակությունը ներքին ու արտաքին մակարդակներում:

Հավանականությունը մեծ է, որ Թուրքիայի ներքաղաքական արդի գործընթացները տեղափոխվեն Ադրբեջան: Իսկ Ադրբեջանում հետայսու գյուլենականների քաղաքական օրակարգը գնալով առավել կազմակերպված բնույթ կկրի՝ կիրառելով դեռևս «ինքնության քողարկման» մեթոդը: Ադրբեջանում հակագյուլենական գործողություները կարող են սպառնալ Ալիևին ու նրա վարչակազմին, իսկ Ադրբեջանի իշախնությունների կողմից գործողություններ չձեռնարկվելու պարագայում այն վերածվելու է ադրբեջանական ներքաղաքական գործընթացներում լուրջ գործոնի:

Աղբյուր` Panorama.am

allTurkey.am

Մեկնաբանություններ