Սևան Նշանյանին տեղափոխել են թուրքական փակ տիպի կալանավայր

Թուրքական «Դեմոքրաթհաբեր» լրատվակայքի հաղորդմամբ՝ Թուրքիայում հայտնի հայ գրող, լեզվաբան, գործարար Սևան Նշանյանը «բաց կալանավայրից» տեղափոխվել է «փակ կալանավայր»։

Ինչպես աղբյուրին հաղորդել է Ալի Նեսինը, ով Նշանյանի ընկերն է, նրան տեղափոխել են Բուջա փակ  տիպի կալանավայր, քանի որ մեղադրել է բանտապահներից մեկին գողություն կատարելու համար։ Քննությունն անմեղ է ճանաչել բանտի աշխատակցին, իսկ Նշանյանին էլ տեղափոխել են այլ կալանավայր։

Նշենք, որ Նշանյանը երկու տարվա ազատազրկում է կրում Իզմիր նահանգում կիսավեր թուրքական գյուղը վերակառուցելու և այն զբոսաշրջային կենտրոնի վերածելու համար։ Թուրքական իշխանություններն իր քննադատական հայտարարություններով  հայտնի Նշանյանի աշխատանքը համարել էին «ապօրինի շինարարություն» և քրեական պատասխանատվության ենթարկել։

Նա դատապարտվել է ազատազրկման բաց տիպի կալանավայրում, որտեղից հնարավոր է 3-4 ամիսը մեկ անգամ 4-5 օրով դուրս գալ։ Օրերս Նշանյանը 5 օրով թույլատրություն էր ստացել դուրս գալ բանտից։ Ազատության մի քանի օրերը նա անցկացրել է ընտանիքի հետ։

allTurkey.am

Մեկնաբանություններ