Թուրքիայի կոռուպցիոն գործով ձերբակալված նախկին նախարարների որդիներն ազատ արձակվեցին

Թուրքիայում դեկտեմբերին սկիզբ առած կոռուպցիոն գործով ազատ են արձակվել հայտնի իրանական արմատներով ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբը, ինչպես նաև նախկին նախարարների երկու որդիները։ Դատախազությունը որոշել է նրանց ազատ արձակել՝ երկրի սահմանները չլքելու ստորագրությամբ, տեղեկացնում են թուրքական աղբյուրները։ Զարրաբի հետ ազատ են արձակվել նաև Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարարի Մուամմեր Գյուլերի որդուն՝ Բարըշ Գյուլերին, Զաֆեր Չաղլայանի որդուն՝ Քաան Չաղլայանին։ Ընդհանուր առմամբ, ազատ է արձակվել 5 հոգի։ Նրանք կալանքի տակ էին պահվում դեկտեմբերի 17-ից։

Հիշեցնենք, որ կոռուպցիոն սկանդալի հետևանքով 2013-ի դեկտեմբերի 17-ին Թուրքիայում ձերբակալվել է 5 տասնյակից ավել մարդ, ինչին հետևել են այս գործի քննությամբ զբավող պաշտոնյանների զանգվածային հեռացումները ոստիկանության շարքերից, ինչը համարում են թուրքական կառավարության պատասխան քայլն իրավապահների սկսած գործողությունների դեմ։

Հիմնականում Ստամբուլում անցկացված լայնածավալ գործողության ժամանակ ձերբակալվել էին Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի, ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերի և քաղաքաշինության ու շրջակա միջավայրի նախարար Էրդողան Բայրաքթարի որդիները, իրանական ծագմամբ ադրբեջանցի գործարար Ռըզա Զարրաբան, պետական «Հալքբանկի» գործադիր տնօրեն Սուլեյման Ասլանը և այլոք։ Նրանք մեղադրվում են Ստամբուլում կաշառքի դիմաց շինարարություն կատարելու, այլ ֆինանսական բնույթի հանցագործությունների համար։ Հայտնի էր դարձել, որ իրավապահները գաղտնալսել են նաև Թուրքիայի նախագահի և վարչապետը հեռախոսները։

Ձերբակալվածներից 25-ի նկատմամբ որոշվել է որպես խափանման միջոց ընտրել կալանքը, իսկ մի մասն ազատ է արձակվել, այդ թվում՝ Բայրաքթարի որդին։

Տեղեկություններ են շրջանառվում, թե այս ձերբակալությունների հետևում կանգնած են գյուլենական շարժման անդամները, ովքեր դժգոհ են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության քաղաքականությունից, մասնավորապես, Թուրքիայում գյուլենական դպրոցների փակման նախաձեռնությունից։

Հետաքրքիր է, որ գյուլենական շարժումն ու «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ավելի վաղ հայտնի էին իրենց սերտ հարաբերություններով։

allTurkey.am

Մեկնաբանություններ