Հակակառավարական ելույթները Ստամբուլում և Անկարայում շարունակվել են

Թուրքիայում մարտի 12-ի երեկոյան շարունակվել են հակակառավարական ցույցերը, որոնք օրերս նոր թափով վերսկսվել են 2013-ի ամռանը Գեզիի ցույցերի ժամանակ գլխի ծանր վնասվածք ստացած պատանու մահվանից հետո։ Թեժ է եղել հատկապես Ստամբուլում և Անկարայում։ Բախումներ են եղել նաև Թուրքիայի այլ քաղաքներում։ Ոստիկանները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են օգտագործել, ովքեր էլ պատասխանել են քարերով և աղբամաններն այրելով։ Կան ձերբակալվածներ։

Նշենք, որ 2013-ի ամռանը Գեզիի ցույցերի ժամանակ 15-ամյա ստամբուլցի Բերքին Էլվանը գլխի ծանր վնասվածք էր ստացել, երբ հաց գնելու համար խանութ գնալու ճանապարհին բախումներ էին սկսվել ոստիկանների և ցուցարարների միջև։

Այդ ընթացքում ոստիկանների արձակած արցունքաբեր գազի սրվակներից մեկը դիպել էր Էլվանի գլխին՝ ծանր վնասվածք պատճառելով։ Նրան տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ նա այդպես էլ գիտակցության չէր եկել։ Նրա մահվանից հետո դժգոհության նոր ալիք էր տարածվել ամբողջ Թուրքիայով։

Հավելենք, որ Էլվանի մահվանից հետո Գեզիի զբոսայգուց սկիզբ առած հակակառավարական ցույցերի հետևանքով մահացածների թիվը հասավ 8-ի։

allTurkey.am

Մեկնաբանություններ