Թուրքիայում գիշերը նորից հակակառավարական ցույցեր են եղել

Թուրքիայում նախօրեին նույնպես շարունակվել են հակակառավարական ցույցերը, որոնք նոր թափով վերսկսվել են 2013-ի ամռանը Գեզիի ցույցերի ժամանակ գլխի ծանր վնասվածք ստացած պատանու մահվանից հետո։

Գիշերը բողոքի ակցիաներ են եղել Թուրքիայի ողջ տարածքով։ Ոստիկանների հետ բախումներ են գրանցվել Ստամբուլում, Անկարայում, Ադանայում, Իզմիրում և այլ վայրերում։

Ցուցարարների և ոստիկանների միջև կատաղի բախումներ են եղել Անկարայի կենտրոնում։ Ոստիկանները փորձել են արցունքաբեր գազի և ջրցան մեքենաների միջոցով ցրել ցույցը, սակայն ցուցարարները պատասխանել են քարերով ու փայտերով։ Ադանայում, ըստ թուրքական աղբյուրների, ցուցարարները ոստիկաններ դեմ մոլոտովյան կոկտեյլներ են կիրառել։

Անհանգիստ է եղել նաև Ստամբուլի տարբեր հատվածներում, որտեղ ցույցեր են անցկացվել։ Հատկապես դաժան բախումներ են եղել Օքմեյդան շրջանում, որտեղ էլ ապրում էր Բերքին Էլվանը։

Հիշեցնենք, որ 2013-ի ամռանը Գեզիի ցույցերի ժամանակ 15-ամյա ստամբուլցի Բերքին Էլվանը գլխի ծանր վնասվածք էր ստացել, երբ հաց գնելու համար խանութ գնալու ճանապարհին բախումներ էին սկսվել ոստիկանների և ցուցարարների միջև։

Այդ ընթացքում ոստիկանների արձակած արցունքաբեր գազի սրվակներից մեկը դիպել էր Էլվանի գլխին՝ ծանր վնասվածք պատճառելով։ Նրան տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ նա այդպես էլ գիտակցության չէր եկել։ Նրա մահվանից հետո դժգոհության նոր ալիք էր տարածվել ամբողջ Թուրքիայով։

Հավելենք, որ Էլվանի մահվանից հետո Գեզիի զբոսայգուց սկիզբ առած հակակառավարական ցույցերի հետևանքով մահացածների թիվը հասավ 8-ի։

allTurkey.am

Մեկնաբանություններ