Օջալանը թուրք-քրդական խաղաղության կոչ է արել

Ներկայիս Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր քաղաքի կենտրոնում Նովրուզի տոնակատարության ժամանակ ընթերցվել է քուրդ առաջնորդ, «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) ղեկավար Աբդուլլահ Օջալանի ուղերձը։

Օջալանը, ով ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, օրեր առաջ տեղեկացրել էր, որ Նովրուզին ինքն ուղերձ է հղելու, որն ընթերցելու են քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության անդամները։

ԽԺԿ-ից պատգամավորները թուրքերենով և քրդերենով Դիարբեքիրի հրապարակում հավաքված հազարավոր քրդերի առաջ ընթերցել են Օջալանի ուղերձը, որով նա վերահաստատել է թուրքական պետության հետ խաղաղ բանակցությունները շարունակելու նախաձեռնությունը։ Օջալանը նշել է, որ փորձնական փուլն անցել է և այժմ կողմերը պետք է սկսեն ավելի խոր և արդյունավետ բանակցություններ։

Հիշեցնենք, որ անցած տարի Նովրուզի տոնակատարության ժամանակ Օջալանն իր ուղերձում կոչ էր արել PKK-ին վայր դնել զենքն ու անցնել քաղաքական պայքարի։ PKK-ն ու թուրքական պետությունը զինադադար էին հայտարարել, որը պահպանվում է մինչ օրս։ Միևնույն ժամանակ մեկնարկել էր «թուրք-քրդական հաշտեցման գործընթացը», որով նախատեսում է ընդլայնել քրդերի իրավունքները Թուրքիայում։

Հավելենք, որ 1984 թվականից PKK-ն որոշ դադարներով զինված պայքար է մղել Թուրքիայի դեմ։ Հակամարտության հետևանքով 40 հազարից ավել մարդ է սպանվել։

allTurkey.am

Մեկնաբանություններ