Հայերը պետք է պատասխան քայլ անեն. Էրդողան

Էրդողան

Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանն իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստի ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային և Ապրիլի 24-ին ընդառաջ իր տարածած հայտարարությանը։

Էրդողանը նշել է, թե իրենք կատարել են քայլ և հայերից սպասում են դրա պատասխանին, տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

«Հուսով եմ՝ հայկական պետությունն ու հայկական սփյուռքը տեսան մեր կողմից սրտանց արված քայլը և նույն խիզախությամբ քայլ էլ նրանցից ենք սպասում»,-նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետն իր ելույթի ժամանակ։

«Պատմության իրադարձություններին առերեսվելը միայն Թուրքիայի անելիքը չէ, սա միայն մեր անելով չպետք է սահմանափակվի։ Սա պետք է անեն բոլոր պետությունները, ովքեր 100 տարի առաջվա ցավերը կենդանի պահող բոլոր պետությունները»,-նշել է Էրդողանն ու հավելել, որ «անցյալի վախերը հաղթահարվում են։ Մենք անցյալին առերեսվել և առերեսվում ենք»։

«Ամաչելու, վախենալու որևէ բան չունենք մեր պատմության մեջ»,-նշել է Թուրքիայի վարչապետը՝ հերթական անգամ ժխտելով Հայոց ցեղասպանության փաստը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանն Ապրիլի 24-ի նախօրեին հայտարարություն էր տարածել, որում Հայոց ցեղասպանության հարցը կրկին որակել է որպես «ընդհանուր ցավ», ինչպես նաև ցավակցություն է հայտնել «զոհերի թոռներին»։

Էրդողանն իր հայտարարությունում, որը թուրքական մամուլը ներկայացրել է որպես աննախադեպ, նշել է, թե «Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցածն այս տարածաշրջանի ժողովուրդների ընդհանուր ցավն է և պետք է կիսել բոլորի ապրած ցավն ու վիշտը»։

Իր խոսքում Էրդողանը նաև նշել է, «կրակն ընկած տեղն է այրում» և ցավակցություն է հայտնել «այդ ցավալի դեպքերի տուժածների թոռներին»։

Նշենք, որ վերջին տարիներին Հայոց ցեղասպանության ժխտման թուրքական պաշտոնական թեզերից մեկն այն է, թե «Առաջին աշխարհամարտի տարիներին ցավալի դեպքեր են եղել, որին զոհ են գնացել ոչ միայն հայերը, այլ նաև թուրքերն ու այլ մուսուլմաններ»։

Այս կերպ թուրքերը փորձում են ցույց տալ, թե Հայոց ցեղասպանությունը զուտ Առաջին աշխարհամարտի բազմաթիվ տխուր էջերից մեկն է, և իրականում հայերի չափ տուժել են նաև թուրքերն ու այլ մուսուլմանները՝ խուսափելով այս ամենը ցեղասպանություն բնութագրելուց և համարելով ազգերի «ընդհանուր ցավ»։

Աղբյուր՝ Թուրքագիտական պորտալ

allTurkey.am

Մեկնաբանություններ