Թուրքիայում աղմուկ է բարձրացրել ֆուտբոլիստի՝ Դերսիմին նվիրված դաջվածքը

Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացրել Դերսիմի շրջանին նվիրված դաջվածքը, որն արել է թուրքական «Գենչլերբիրլիղի» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Դենիզ Նաքին։

Թուրքական CNNTurk-ի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը դաստակին դաջել է «Դերսիմ 62» (Dersim 62) գրությունը։ Դերսիմը Թուրքիայի Թունջելի նահանգի իսկական անվանումն է, իսկ 62 թիվն էլ այդ շրջանի համարն է։

Մեկնաբանելով իր դաջվածքը՝ Նաքին նշել է, թե Դերսիմը Թունջելին չէ, ինչպես ընդունված է թուրքական պետական շրջանակներում (1934 թվականին Դերսիմը պաշտոնապես վերանվանվել է Թունջելի)։ Նա հայտարարել է, որ ալևի դավանանքի հետևորդ է, իսկ իր համար Դերսիմը միշտ էլ Դերսիմ կմնա և ոչ երբեք Թունջելի։

Նշենք, որ թուրքական պետությունը 1930-ականների վերջին Դերսիմում կոտորածներ է իրականացրել, որին զոհ են գնացել տեղի մեծ թվով բնակիչներ, այդ թվում՝ Հայոց ցեղասպանությունից փրկված հայեր։ Դերսիմի բնակիչների զգալի մասն ալևի դավանանքի հետևորդներ են, ովքեր և օսմանյան, և հանրապետական շրջանում մշտապես հալածանքների են ենթարկվել ու ենթարկվում սուննիադավան իշխանությունների կողմից։

Աղբյուր՝ Թուրքագիտական պորտալ

allTurkey.am

Մեկնաբանություններ