Գյուլենին արտահանձնելու գործընթաց է սկսվել. Թուրքիայի վարչապետ

Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե գործընթաց է սկսվել, որի նպատակն է իսլամական քարոզիչ, գյուլենական շարժման հիմնադիր Ֆեթհուլլահ Գյուլենի արտահանձնումը թուրքական պետությանը, տեղեկացնում է թուրքական TRT-ն։

Գյուլենը 1999 թվականից ապրում է Միացյալ Նահանգների Փենսիլվանիա նահանգում, և այդ օրից նա Թուրքիա չի վերադարձել՝ վախենալով հնարավոր հետապնդումներից։

Էրդողանը նշել է, որ իրենք արդեն սկսել են համապատասխան իրավաբանական քայլերը, որպեսզի Գյուլենին տեղափոխեն Թուրքիա, որտեղ, ըստ ամենայնի, նրա դեմ դատական հետապնդումներ կսկսվեն։

Նշենք, որ Գյուլենն իր գլխավորած հզոր շարժումով Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությանն իշխանության գալու հիմնական աջակիցներ է եղել, սակայն վերջին տարիներին Գյուլենի և Էրդողանի միջև ի հայտ եկած տարաձայնությունների պատճառով նախկին դաշնակիցները վերածվել են հակառակորդների։

Նրանց հակամարտությունը առավել սուր բնույթ ստացավ 2013-ի դեկտեմբերին սկիզբ առած կոռուպցիոն սկանդալով։

Հիշեցնենք, որ կոռուպցիոն սկանդալի հետևանքով 2013-ի դեկտեմբերի 17-ին Թուրքիայում ձերբակալվել է 5 տասնյակից ավել մարդ, ինչին հետևել են այս գործի քննությամբ զբավող պաշտոնյանների զանգվածային հեռացումները ոստիկանության շարքերից, ինչը համարում են թուրքական կառավարության պատասխան քայլն իրավապահների սկսած գործողությունների դեմ։

Հիմնականում Ստամբուլում անցկացված լայնածավալ գործողության ժամանակ ձերբակալվել էին Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի, ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերի և քաղաքաշինության ու շրջակա միջավայրի նախարար Էրդողան Բայրաքթարի որդիները, իրանական ծագմամբ ադրբեջանցի գործարար Ռըզա Զարրաբան, պետական «Հալքբանկի» գործադիր տնօրեն Սուլեյման Ասլանը և այլոք։ Նրանք մեղադրվում են Ստամբուլում կաշառքի դիմաց շինարարություն կատարելու, այլ ֆինանսական բնույթի հանցագործությունների համար։ Հայտնի էր դարձել, որ իրավապահները գաղտնալսել են նաև Թուրքիայի նախագահի և վարչապետը հեռախոսները։

Ձերբակալվածներից 25-ի նկատմամբ որոշվել է որպես խափանման միջոց ընտրել կալանքը, իսկ մի մասն ազատ է արձակվել, այդ թվում՝ Բայրաքթարի որդին։

Տեղեկություններ են շրջանառվում, թե այս ձերբակալությունների հետևում կանգնած են գյուլենական շարժման անդամները, ովքեր դժգոհ են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության քաղաքականությունից, մասնավորապես, Թուրքիայում գյուլենական դպրոցների փակման նախաձեռնությունից։

Հետաքրքիր է, որ գյուլենական շարժումն ու «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ավելի վաղ հայտնի էին իրենց սերտ հարաբերություններով։

Աղբյուր՝ Թուրքագիտական պորտալ

allTurkey.am

Մեկնաբանություններ