Forbes-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ներառել է այցելության համար` պարտադիրների շարքում

Ամերիկյան հեղինակավոր Forbes հանդեսը «Պետք է հիշել» խորագրով ներկայացրել է այն 9 թանգարանների ցանկը, որ պետք է այցելի յուրաքանչյուրը։ Շարքում ներառված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Երևանում, որը բացվել է 1995-ին` ցեղասպանության 80-ամյակին ընդառաջ: Թանգարանի մշտական ցուցադրությունում ներկայացված են փաստաթղթեր, վավերագրական արժեք ունեցող լուսանկարներ, բազմատեսակ նյութեր, որոնք ներկայացնում են 1915-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը 2015-ին կվերաբացվի ու կներկայանա նոր ցուցադրությամբ. այն բացառիկ է լինելու թե՛ որակով, թե՛ գիտականությամբ: Թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հայտարարել է, որ մշտական ցուցադրության տարածքը մեծացվելու է երկուսուկես անգամ, ներառվող նյութը երկու անգամ ավելի է լինելու, քան նախորդ ցուցադրությանը: Սա բացարձակապես նոր դիզայներական լուծումներով և նոր տեխնոլոգիաներով ցուցադրություն կլինի, ինչը գիտական-հավաքչական աշխատանքի արդյունք է:

Forbes-ի առաջարկած մյուս թանգարանը «Տիտանիկ Բելֆասթ»-ն է Հյուսիսային Իռլանդիայում: Սա լեգենդար նավին նվիրված աշխարհի խոշորագույն թանգարանն է: Հենց այս վայրում է XX դարասկզբին կառուցվել նավը, որը խորտակվեց առաջին իսկ նավագնացության ժամանակ 1912-ին: Թանագարանի շենքը 38 մետր է, այն զբաղեցնում է 12.000 քառակուսի մետր տարածք:

Հաջորդը Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհանեսբուրգ քաղաքում գտնվող Ապարտեիդի թանգարանն է: Խուլ աղյուսե պատերով որպես բանտ կառուցված շենքն այցելուների առջև դռները բացել է 2001-ին: Թանգարանը նվիրված է երկրում 1948 – 1994թթ տարված ռասայական խտրականության քաղաքականությանը: Այցելուներին այստեղ առաջարկում են սեփական մաշկի վրա զգալ` ինչ է նշանակում ռասայական խտրականություն. մուտքի մոտ, անկախ այցելուի ռասայական պատկանելիությունից, սև կամ սպիտակ քարտ են տալիս և ուղղորդում կոնկրետ ճանապարհով:

Խաղաղության հուշահամալիր-թանգարանը Հիրոսիմայում, որը կառուցվել է 1955-ին՝ ի հիշատակ Հիրոսիմայի և Նագասակիի ռմբահարման, նույնպես այս ցանկում է: Թանգարանը կառուցվել է ճարտարապետ Քենդզո Թանգայի նախագծով, որը ղեկավարում էր Հերոսիմայի վերակառուցումը 1945-ի ռմբակոծումից հետո: Թանգարանի ցուցադրության մեջ ներառված են ատոմային պայթյունի հետևանքները ներկայացող ֆոտո և վիդեո նյութեր, ականատեսների վկայություններ: Ի դեպ, հուշահամալիր այցելությունը ներառված է Ճապոնիայի դպրոցների ուսումնական ծրագրում:

Forbes-ը պարտադիր է համարում նաև այցը ԳՈՒԼԱԳ-ի թանգարան Մոսկվայում: Այն բացվել է 2001-ին: Հիմնադիրը՝ Անտոն Անտոնով-Օվսիենկոն, 13 տարի է անցկացրել Ստալինի ճամբարներում: Հիմնական հավաքածուում ներկայացված են փաստաթղթեր, նամակներ, նկարներ ու ԳՈՒԼԱԳ-ի բանտարկյալների անձնական իրեր: Ի դեպ, հավաքածուն մինչ օրս համալրվում է: Իսկ ճամբարային կենցաղի անբաժան որոշ մասեր (մեկուսարանն ու բարաքի մի հատված) անգամ վերակառուցվել են թանգարանի սրահներում:

1992-ին Կիևում բացված 20-րդ դարի խոշորագույն մարդածին աղետի՝ Չեռնոբիլի թանգարանը ունի 7000 ցուցանմուշ: Այստեղ կարող եք տեսնել վթարված ատոմակայանի 4-րդ բլոկի գործող մանրակերտը:

Ցանկում են նաև Ջրային աղետների թանգարանը, որը գտնվում է Ղրիմի Մալորեչենսկոյե գյուղում ու նվիրված է ջրային տարերքի զոհ դարձած նավաստիներին, ձկնորսներին ու ճանապարհորդներին, և Հրեաների Հոլոքոստի թանգարանը` Երուսաղեմում, որը հիմնվել է 1953-ին:

Աղբյուր՝ PanArmenian.net

allTurkey.am

Մեկնաբանություններ