Դավութողլուի՝ դեպի Թուրքիա կանչի մասին. Վարուժան Գեղամյան

Վարուժան Գեղամյան, թուրքագետ

Հիշո՞ւմ եք, որ ապրիլյան հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումների ընթացքում թուրքական ԶԼՄ-ներում հայտնվեց մի անաղբյուր տեղեկություն այն մասին, որ Թուրքիան պատրաստվում է «օսմանցի հայերի ժառանգներին» թուրքական քաղաքացիություն տալ:

Մեզ համար (թեկուզ) թուրքական մերժողական քաղաքականության մեջ ամբողջությամբ տեղավորվող, բայց միևնույն է, բավական անսպասելի այդ քարոզչական քայլը, պարզվում է, արդեն փորձարկվել էր հույների վրա: Թուրքիայի ու Հունաստանի միջև հակամարտության մի կարևոր օղակն էլ Իմբրոս և Թենեդոս (թուրք.՝ Գյոքչեադա և Բոզջաադա) կղզիներն են: Մինչև 1960-ականները այդ կղզիների բնակչության մեծամասնությունը կազմում էին հույները: Սակայն թուրքական հանրապետության հետևողական հունաթափման քաղականության արդյունքում հույների մեծամասնությունը լքեց իր հայրենի կղզիները:

Այսօր կղզիներում բնակվող հույների թիվը մի քանի հարյուր է ընդամենը: Էս երկու կղզիների ռազմավարական կարևորությունը հասկանալու համար բավական է նայել քարտեզին: Իմբրոսն ու Թենեդոսը հսկում են Դարդանելի ու Բոսֆորի նեղուցների ելքն ու մուտքը դեպի Էգեյան ու Միջերկրական ծովեր: Եւ պատահական չէ, որ կղզին հատուկ կարգավիճակ էր ստացել Լոզանի պայմանագրով, և հույները, չդիմանալով ճնշմանը, բավարարվել էին նրանով, որ առնվազն կղզիների հունական բնակչությունը չընկնի հույն-թուրքական բնակչության փոխանակման ծրագրի մեջ:

2000-ականներին թուրքական զինվորականության դեմ վարչապետ Էրդողանի սկսած «Բալյոզ» դատավարության ընթացքում հրապարակվեցին նյութեր, որտեղից պարզ էր դառնում, որ թուրք գեներալները նպատակաուղղված ջանացել են ազատվել կղզիներում հույների ներկայությունից՝ այդ քաղաքականությունը ընդունելով որպես «պետական գիծ»:

Հիմա էրդողանականները որոշել են հույներին մի քիչ շոյել: Գյոքչեադայում ուղիղ հիսուն տարի առաջ փակված հունական դպրոցը վերաբացել են (իմիջիայլոց, դպրոցի փակումը 1964թ. կղզու հունաթափման հիմնական պատճառներից էր): Իսկ անցյալ տարվա դեկտեմբերին, երբ Թուրքիայի արտգործնախարար Ա. Դավութողլուն մեկնէլ էր Աթենք, այնտեղ նա հանդիպում էր ունեցել նաև Իմբրոսի հույների ասոցիացիայի նախագահի հետ ու հրավիրել աշխարհով մեկ սփռված Իմրոսի ու Թենեդոսի 25000 հույներին դիմել Թուրքիայի քաղաքացիությունը նորից ստանալու համար:

Հետաքրքիր է, որ թուրքերը դրանով ոչինչ չեն կորցնում, և ընդհակառակը, սիրով օգտագործում են նմանատիպ քայլերն իրենց քարոզչության մեջ: Ինչ մնում է հույներին, ապա ակնհայտ է, որ ոչ այժմ, ոչ էլ մոտ ապագայում նրանք զանգավածաբար չեն վերադառնա մի երկիր, որտեղ մինչ օրս շարունակում են ազգային փոքրամասնությունների բռնաճնշումները՝ մամուլի էջերից ատելություն սերմանելուց մինչև բանտարկություն (հիշե՛նք Սևան Նշանյանին) և սպանություն (հիշե՛նք Հրանտ Դինքին), և որտեղ, փաստացի, իրենք ոչ մի բան չունեն ու պետք է սկսեն ամեն բան զրոյից:

Աղբյուր՝ «Թուրքագետի անկյուն»

allTurkey.am

Մեկնաբանություններ