Ընտրվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշանն ու կարգախոսը

Հայոց ցեղասպանություն-100

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշան է ընտրվել անմոռուկ ծաղիկը, իսկ կարգախոս`«Հիշում եմ եւ պահանջում»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր տեղեկացրել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը` ներկայացնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի հավաք-հանդիպման արդյունքները:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի կողմից ստեղծված աշխատանքային խումբն անց է կացրել երկու փուլից բաղկացած մրցույթ, որին ներկայացվել են տասնյակ աշխատանքներ: Հանձնաժողովը հաստատել է այս խորհրդանիշը: Անմոռուկ ծաղիկը գրեթե բոլոր լեզուներում ունի նույն իմաստը` չմոռանալ, հիշել եւ հիշեցնել: Այդ է պատճառը, որ ընտրել ենք անմոռուկը: Այս խորհրդանշանն օգտագործվելու է 2015թ. ամբողջ ընթացքում»,- ասել է Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքերով, ընտրված «Հիշում եմ եւ պահանջում»-ը անհատականացված կարգախոս է, որն արտացոլում է հայ ընտանիքների վերապրած ողբերգության պատմությունը եւ այն պահանջը, որը հայ ժողովուրդը ներկայացնում է համայն աշխարհին:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների, խորհրդանշանի եւ կարգախոսի մասին ավելին` տեսանյութում:

Աղբյուր՝ Մեդիամաքս

allTurkey.am

Մեկնաբանություններ