Հանրապետության կողմից հայերի պիտակավորումը` առաջին անգամ քննական լույսի ներքո

Օսմանյան և հանրապետական ժամանակաշրջաններում ապրած ոչ մուսուլման բնակչության վերաբերյալ իր ուսումնասիրություններով հայտնի հետազոտող Նևզաթ Օնարանը Վարչապետարանի հանրապետական արխիվում աշխատելիս խիստ ուշագրավ փաստաթղթերի է հասու դարձել: Այդ վավերագրերը, որոնք բացահայտում են, որ հայ բնակչությունը և իսլամացված հայերը կոդավորվել են միակուսակցական ժամանակաշրջանում, ցույց են տալիս, թե ինչպես են հանրապետության պատմության ողջ ընթացքում հետևել ոչ մահմեդական բնակչության ամեն մի քայլին:

Այդ փաստաթղթերը, որոնք լույս են սփռում անցած տարվա հուլիս ամսին «Ակօս»-ում հրապարակած «Ազգային կոդավորման» հարցի վրա, շատ պարզորոշ կերպով բացահայտում են, թե ինչպիսի խտրական մոտեցում է ցուցաբերել Թուրքիայի Հանրապետությունը` քաղաքացիության քաղաքականության հարցում:

Նևզաթ Օնարան

«Պապիս չգիտեմ, հորս գիտեմ… 311 թ. (1895 թվական) հայությունից է շրջվել, բալես… Ասում են` հորական պապս 18 տարեկան է եղել այդ ժամանակ… Երեք անգամ պատերազմ է եղել, տղաս… Հայրս պատմում էր… Մուսուլման են դարձել, ձագս…»:
Սա տարիներ առաջ Մ. Անայից եմ լսել… Մ. Անան պատմեց, թե ըստ իր ականատես հոր` ինչպես է վերացվել հայերի կյանքի և գույքի ապահովությունը…
Թեև նրանք սուննի մուսուլման էին դարձել, սակայն դարձյալ «աղավնու անհանգստությամբ» էին ապրում…
Նրանց կոդավորված լինելը պաշտոնապես խոստովանվել էր ժամանակին Թուրքական պատմագիտական ընկերության նախագահը եղած Յուսուֆ Հալաչօղլուի հետևյալ արտահայտության միջոցով. «Հայ կրանփոխների ցանկն իմ ձեռքին է»: Հալաչօղլուն դատարկ տեղը չէր խոսում. պետությունը սուննի մահմեդական հայերին էլ էր նահանգ առ նահանգ կոդավորել…
Նրանք 1915-ին «Կա’մ կյանքդ, կա’մ` գույքդ» խառնաշփոթի մեջ հազիվ կյանքները փրկած մի բուռ հայեր էին… Կամ էլ` պոնտոսցի հույներ, կամ մարդինցի ասորիներ, կամ հաքքարիցի քաղդեացիներ…
Նրանք Անատոլիայի` հազարամյակների պատմություն ունեցող հնամենի ժողովուրդների մեկական հոգիներն էին…
Նոր «ինքնությունը» գուցե համապատասխանում էր նրանց մարմնին, գուցե` ոչ…
Մ. Անայի բաղձանքը որպես սուննի մուսուլման հաջի գնալն էր…
Դերսիմցի ընկերս էր պատմել, որ մի դերսիմցի քեռու` մահվան մահճում թողած ավանդը գլխին խաչ դրած` մի բարձր լեռան գագաթին թաղվելն է եղել…
Վարչապետարանի հանրապետական արխիվում իմ կողմից կատարված հետազոտությունների ընթացքում հնարավորություն ունեցա ուսումնասիրելու Օրդուում ապրած իսլամացված հայերի ցանկը և մի որոշում, որը ցույց էր տալիս, որ Դիարբեքիրում ևս նմանատիպ մի ցանկ է եղել: «Օրդու վիլայեթի կողմերում գտնված կրոնափոխների մասին մի ցանկ է» վերնագիրը կրող այդ ցուցակում նշված էին 98 հոգու անուններ: (1)
Իսկ որպես հավելված ներկայացված` «Օրդու վիլայեթի ներսում գտնված հայերի գրանցումները ցույց տվող ցանկ» վերնագրի ներքո տեղ էր տրված 114 հոգու անունների: Երկու ցանկերի մեջ էլ որևէ նշում չկա` առ այն, թե ով և ինչի համար է պատրաստել դրանք:
Քարտավորում է գրանցվել նաև Դիարբեքիրում: Նախարարների խորհրդի` 1936 թ. սեպտեմբերի 22-ի ամսաթիվը և 2/5350 համարը կրող որոշման համաձայն` հայ ազգությանը պատկանած և դավանափոխ եղած «Դիարբեքիր վիլայեթի քարտավորման մեջ ընդգրկված» Նազիֆը ընտանյոք հանդերձ աքսորվել է Չորում: (2)
Օրդու և Դիարբեքիր վիլայեթներին վերաբերող այս երկու փաստաթղթերի ընդհանրությունը «Քարտավորման համարի» առկայությունն է` իսլամացված հայերի վերաբերյալ:
Քանի որ կոդավորումը չի սահմանափակվել միայն Օրդու և Դիարբեքիր վիլայեթներով, 1930-ականներից սկսած` Անատոլիան «թրից պրծած» հայերից «մաքրելը» դյուրին է դարձել…
Պաշտոնական գաղափարախոսության ջատագովները, այդ քարտավորումից ելնելով, կփարվեն` «Տեսե’ք, ուրեմն ոչ բոլոր հայերն են աքսորվել» գաղափարին, սակայն չպետք է մոռացության մատնվի այն, որ օրինակ Օրդուում իսլամացված հայերն իրականում որբ հայ մանուկներն են եղել: Նրանք այն իսլամացված երեխաներն են, որոնց զրկել են մորից, հորից և ինքնությունից…
1915-ից 1930-ականներ փոխանցված ժառանգությունը
Իթթիհադականների գցած հիմքի վրա քեմալիստների կառուցած հանրապետությունը 1920-ականների երկրորդ կեսից ի վեր սկսեց կազմակերպվել թե’ վարչական, թե’ տնտեսական և թե’ գաղափարական-մշակութային ոլորտներում…
Երիտթուրքերից ժառանգություն մնացած և 1920-ականներին ուղղություն տված թուրքական ազգայնականության տնտեսական քաղաքականությունը, տնտեսության և արդյունաբերության թուրքացումը, թուրքերենի` միակ լեզվի վերածելը և թուրք-իսլամական սինթեզն իր դրոշակը դարձրած պաշտոնական գաղափարախսության կառուցումն էր… Հայերի և հույների բռնազավթված գույքի թուրքացում նշանակող 1915 թ. սեպտեմբերի 26-ին ընդունված` Լիկվիդացիայի մասին օրենքը վերակազմակերպվեց 1923-ին (3) և ուժի մեջ մնաց մինչև 1988 թ. նոյեմբերի 8-ը: Լիկվիդացիայի մասին օրենքով մուսուլման բնակչության, գաղթականների և կապիտալիստների միջև բաժանված և վաճառված ունեցվածքի գույքագրման գործողությունը ևս թափ ստացավ 1920-ականների վերջին և 1930-ականներին: (4)
Այս գործընթացի համատեքստում հային, հույնին, քրդին, արաբին, մյուս ոչ թուրքերին և քրիստոնյաներին, հրեային, ալևիին վերաբերվեցին որպես «օտարի»: Դրա համար ներկայիս Թուրքիայի Հանրապետության ժողովրդավարացման մասին քննարկումների հիմքում ընկած են «օտարին» մաքրելու ուղղությամբ տարված քաղաքականության հարուցած խնդիրները:
1930-ականներին թուրքից և սուննի մուսուլմանից բացի` այլ ինքնությունները արհամարհող` «Թուրքիան թուրքերինն է» կարգախոսի ուղղությամբ հիմք ընդունվեց վերաբնակեցման մի քաղաքականություն` նման 1915-ին տեղի ունեցածին:
«Լեզվի, մշակույթի և արյան միասնության» և «ուծացմամբ քաղաքակրթման» համար 1934 թ. հունիսի 14-ին ընդունված և 2510 համարը կրող Վերաբնակեցման մասին օրենքի համաձայն` Թուրքիայի քարտեզը պաշտոնապես բաժանվեց 3 հիմքի` թուրքերեն խոսողներ և չխոսողներ, թուրքական մշակույթի կրողներ և չկրողներ, թուրք եղողներ ու չեղողներ: (5)
Մի այնպիսի մթնոլորտ առաջացավ, որ թուրքական պատմության թեզով` 1920 թ. հունիսի 27-ին Մուստաֆա Քեմալի կողմից ստորագրված` Քուրդիստանին ինքնավարություն շնորհելու մասին հրահանգից հետո անգամ հանգեցին «Քրդերն իրականում թուրք են» թեզին: Դրանով էլ չբավարարվեցին. միջամտեցին Անատոլիայի 7000-ամյա պատմությանը և պնդեցին, թե շումերներն ու խեթերը թուրք են: (6)
Վերաբնակեցման օրենքը կյանքի կոչվեց նախ Սասունում, այնուհետև` պետության Բրոնզե ձեռքը հարվածեց Դերսիմին (բառախաղ է. թուրքերեն tunç el նշանակում է բրոնզե ձեռք, Դերսիմը 1937-38 թթ. այստեղ տեղի ունեցած կոտորածներից հետո պաշտոնապես վերանվանվեց Թունջելիի-Ակունքի խմբ.), և երբ արևելքում նման դեպքեր էին տեղի ունենում, արևմուտքում էլ «Թուրքերե’ն խոսիր» արշավով մեկնարկած գործընթացը համակարգված կերպով շարունակվեց Ունեցվածքի հարկի մասին օրենքով և սեպտեմբերի 6-7-ին իրականացված բնաջնջմամբ…
Պիտակավորման նոր կարգ
Մի ժամանակաշրջանում, երբ կատարվում էր հայերին և հույներին պատկանած ունեցվածքի թուրքացում, երբ Թուրքիայի քարտեզը բաժանվում էր` ըստ թուրքերեն խոսողների և չխոսողների, իրականացվեց «բնակչության մի գաղտնի մարդահամար», չնայած որ 1927-ին մարդահամար արվել էր, իսկ 1935-ի հոկտեմբերին էլ մի նոր մարդահամար էր նախատեսվում:
Այդ գաղտնի մարդահամարի հետագայում հրապարակված պաշտոնական արդյունքների վրա ուշադրություն էր հրավիրել 2007 թ. Թուրքական պատմագիտական ընկերության նախագահը եղած` դոկտոր, պրոֆ. Յուսուֆ Հալաչօղլուն. «Հայ հավատափոխների ցանկն իմ ձեռքին է, բայց չեմ հրապարակի…»:
Թեև դավանափոխ եղած, այսինքն` իսլամացված հայերի և մուսուլմանացած մյուս մարդկանց վերաբերյալ «գաղտնի մարդահամարի մասին օրենքով» մի մարդահամար է անցկացվել, սակայն դրա ուղղությամբ գործունեությունը ծավալվել է դեռևս 1920-ականների վերջին:
Ներքին գործերի նախարարության Բնակչության գործերի ընդհանուր տնօրինության` 1939 թ. մասին պատրաստած աշխատանքային զեկույցում դավանափոխների վերաբերյալ հանդիպում ենք հետևյալ տեղեկությունների.
«Կրոնափոխության գործողության վերաբերյալ 1929 թ. հոկտեմբերի 20-ին ընդունված և 1347 համարը կրող հրահանգի համաձայն կատարվելիք գրանցումներով նմանատիպ անձանց տրվելիք անձնագրերը պետք է լրացվեն և արձանագրվեն»:
1939 թ. Աշխատանքային զեկույցում արտահայտված մեկ այլ հանգամանք էլ հպատակության վերաբերյալ այն կարգավորումն է, ըստ որի` «Հպատակության գործողությունը միօրինակ կերպով իրականացնելու համար պատրաստված «Հպատակության ուղեցույց» վերնագրով աշխատությունը ցրվել է ընդհանուր տեսչություններին, վիլայեթներին, նախարարություններին և այլ համապատասխան մարմինների»: (7)
Անվտանգության ընդհանուր տնօրինությունը ավելի վաղ` 1929 թ. հուլիսի 8-ին, վիլայեթներ հղած` 1910 թվակիր հրահանգով ևս պահանջել է ուսումնասիրել, թե «Նահանգների ներսում բացի թուրքական ազգությունից և թուրքական լեզվից` այլազգի և այլ լեզուներով հաղորդակցվող փոքրամասնությունները` կանայք ու տղամարդիկ էլ ներառյալ, որքան թիվ են կազմում»: (8)
Ակնհայտ է, որ այս ամենի` Ներքին գործերի նախարարության և «Հպատակության ուղեցույցով», ինչպես նաև` Անվտանգության ընդհանուր տնօրինության և Բնակչությանը վերաբերող գործերի ընդհանուր տնօրինության հրահանգներով Թուրքիայի Հանրապետության քաղաքացիները 1929 թ. սկսած մեկ առ մեկ պիտակավորվել են` մինչև անձնագրեր և հասցեներ:
1929 թ. ի վեր կատարված այդ պիտակավորման միջոցով Յուսուֆ Հալաչօղլուի և բազմաթիվ այլ պետական իրավասուների իմացած իսլամացված հայերից Օրդու վիլայեթում բնակված 98 հոգու մասին հիշատակող ցանկը պատրաստվել է հետևյալ նշումներով.
«Հայ կրոնափոխները, որոնց անձի մասին գրված է վերևում, լինելով Համաշխարհային պատերազմում տեղահանության ենթարկված հայերի զավակները, լքված և առավելապես վրացի գաղթականների հովանավորության տակ մեծացված հայերն են: Այն, որ նրանք դավանափոխության հարցում հիմնականում անկեղծ չեն եղել, ակնհայտ է դառնում այն շփումների և հարաբերությունների միջոցով, որ նրանք ունեն հայկական համայնքի հետ: Երկրի համար սրանցից շահ ակնկալելն անիմաստ է»:
Ցանկը 6 տեղեկություն է պարունակում. Կարգի համար, պիտակի համար, անուն-ազգանուն, նախկին անուն, հայրանուն և ծննդյան թիվն ու վայրը:
Ցանկի առաջին կարգում տեղ գտած և 323 թվականին (1907 թ.) ծնված Ահմեթ Դ.-ի նախկին անունը Օհաննես է, հայրանունը` Կարապետ, պիտակի համարը` 4-րդը: 50-րդ կարգում նշված` 312 թվականին (1896 թ.) ծնված Լեման Օ.-ի նախկին անունը Ռեփիքա է, հայրանունը` Օհաննես, պիտակի համարն ընթեռնելի չէ: Ցանկն այդ կերպ է պատրաստված: Սույն ցանկում, որում չեն արձանագրված ոմանց ազգանունները, 98 հոգու անվան դիմաց 103 պիտակի համարի առկայությունը ցույց է տալիս, որ իրականում պետության ձեռքին գտնված ցանկը 98 հոգուց ավելին է ընդգրկել:
Այսպես, 103 պիտակի համարով Շեքեր Լ.-ի նախկին անունը Եվա է, նա ծնվել է 329 թվականին (1913 թ.), հայրանունը Սարգիս է, և նա ցանկում 87-րդն է:
Իսկ «Օրդուի վիլայեթի ներսում գտնվող հայերի գրանցումները ցույց տվող ցանկ» վերնագրով` 114 հոգու անունը ներկայացնող կից ցանկում պիտակավորման համար չունեցող անձանց մասին տեղեկությունները բերված են հետևյալ կերպ` անունը, ազգանունը, հայրանունը, կինը, որդին, դուստրը և բնակավայրը: Այն փաստը, որ ցանկում տեղ գտած անձանց մեծ մասն ազգանուն չունի, հավաստում է, որ այն պատրաստվել է 1934 թ. հունիսի 21-ին հրապարակված և 2525 համարը կրող «Ազգանունների մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ: Առաջին կարգում նշված Արմենակի հոր անունը Խոսրով է, հաղորդված է նաև, որ նա բնակվում է Թաշբաշը թաղամասում: Սույն ցանկը ևս ապացույց է` առ այն, որ պաշտոնապես արձանագրվել է, թե որտեղ են գտնվում Անատոլիայի վիլայեթների հայերը:
Կարծում են, որ ոչ թուրք կամ ոչ սուննի մուսուլման քաղաքացիների այդ ցուցակագրումը չի սահմանափակվել միայն հայերով:
Խնդրի վերաբերյալ մեկ ուրիշ ուշագրավ փաստաթուղթ է Նախարարների խորհրդի կողմից 1936 թ. սեպտեմբերի 22-ին ընդունված թիվ 2/5350 որոշումը, որում ասված է.
«Ծագումով հայ եղող, Դիարբեքիր վիլայեթում պիտակավորված` մասնագիտությամբ դերձակ Նազիֆը կրոնափոխվել է տեղահանությունից փրկվելու համար, իր ողջ էությամբ ծառայում է հայկական նպատակներին, թուրքի ոխերիմ թշնամի է և այդ ներշնչանքով է դաստիարակել իր երեխաներին…»:
Աքսորից փրկվելու նկատառումով իսլամացած հայ Նազիֆի զավակների մասին տեղեկություն տալուց հետո փաստաթուղթը նաև հաղորդում է, որ 1935 թ. նոյեմբերի 18-ին հրապարակված` 2848 թվակիր «Վերաբնակեցման» մասին օրենքի 5-րդ հոդվածի {լրտեսություն և սահմանին մոտ գտնվող վայրում բնակվելը 9} համաձայն` ամբողջ ընտանիքի հետ մեկտեղ աքսորվել է Չորում:
Կասկած չկա` առ այն, որ պետության կողմից նման պիտակավորում է կատարվել նաև մյուս վիլայեթներում:
Հալաչօղլու. «Հայ կրոնափոխների ցանկն իմ ձեռքին է»
Դոկտոր, պրոֆ. Յուսուֆ Հալաչօղլուն 2007 թ. օգոստոսին, երբ Թուրքական պատմագիտական ընկերության նախագահն էր, հայտարարել է. «Իմ ձեռքին է հայ դյոնմեների ցանկը»: Հալաչօղլուի հիշյալ զեկուցումը, որում նա հանդես էր եկել «Ալևի քրդերի 99 տոկոսն ունի թուրքմենական ծագում» պնդմամբ, հայերի վերաբերյալ նշել էր. «Կան հայ քաղաքացիներ, որոնք մի ժամանակ իսլամացել են: Ես հայերին չեմ մեղադրում… Իմ ձեռքին կա մի ցանկ, որում նշված են հայերի անունները, նրանց թուրքական անունները և բնակության վայրերը: Սակայն ես այդ ցանկը երբեք չեմ հրապարակի, և դա թող չընկալվի նաև որպես սպառնալիք» (Hürriyet, 22.8.2007; Radikal, 20-21.8.2007; Vatan, 19.8.2007; Evrensel, 20.8.2007; Milliyet, 21.8.2007; Gündem, 23.8.2007.):

Ներքին գործերի նախարար Շյուքրյու Քայայի` ցեղի և արյան վրա հիմնված քաղաքականությունը. «Մենք հիմնել ենք հպատակության մասնաճյուղ»
Ներքին գործերի նախարար Շյուքրյու Քայան 1930 թ. բյուջեի մասին ելույթ ունենալիս գնահատական է տվել նաև դրսից գաղթականներ բերելու և բնակչության ու վերաբնակեցման խնդիրներին: Նախարար Քայան հայտնել է, որ Լոզանի պայմանագրի կնքումից ի վեր երկիր են բերվել «500 հազարից ավելի մեր արյան եղբայրները»: Նրա ելույթը ուշագրավ է հատկապես այն առումով, որ նա «Հպատակության մասնաճյուղի» մասին խոսել է որպես «Արյան մասնաճյուղի», խոսք, որը ցեղապաշտության ասոցիացիաներ է արթնացնում.
«Թեև փոխանակումը (նկատի ունի Հունաստանի և Թուրքիայի միջև 1923 թ. հունվարի 30-ին ստորագրված` բնակչության փոխանակման վերաբերյալ պայմանագիրը-Ակունքի խմբ.) ավարտվել է, սակայն վերաբնակեցման այդ կողմերը շարունակվում են: Վերաբնակեցումը բնակչության խնդիրների հետ միավորելով` վերաբնակեցման ու հպատակության հարցը դրեցինք Բնակչության ընդհանուր տնօրինության իրավասության ներքո: Դրա համար երեք մասնաճյուղերի {բնակչության, վերաբնակեցման ու հպատակության մասնաճյուղերը} նպատակը և զբաղվելու ոլորտը միավորելով` վիլայեթներում գտնվող կազմակերպությանը ևս իջեցրինք այնպիսի մի աստիճանի, որպեսզի այն կարողանա զբաղվել նաև ներկայիս խնդիրներով… Իրոք էլ մինչ այժմ արված անձնազոհությունները որքան էլ արտաքուստ փոքր երևան, ցեղակիցների` մայր հայրենիք բերվելու և նրանց մեծամասնությանը զբաղվածությամբ ապահովելու շնորհիվ երկրի հզորության մեծացման միջոցով ստացված ազգային և հասարակական օգուտն այնքան մեծ է, որ անհնար է այն չափել միլիոններով…» (Şükrü Kaya Sözleri-Yazıları, 1927-1937, Birinci Kitap, Toplayan: Ekrem Ergüven, Cumhuriyet Matbaası, İstanbul-1937, sf. 65-66.):

Հաշվառման է ենթարկվել նաև «գաղտնի» բնակչությունը
1935 թ. հոկտեմբեր ամսին կատարվելիք մարդահամարի համար հրապարակված օրենքից (1) հետո ուժի մեջ մտավ նաև «գաղտնի բնակչության մարդահամարին» վերաբերող մի օրենք (2) ևս:
«Գաղտնի բնակչության մարդահամարի» օրենքով նպատակ դրվեց արձանագրել նրանց, ովքեր չէին գրանցվել բնակչության մատյանում, ջնջել մահացածներին և կորածներին, ինչպես նաև` արձանագրել ամուսնությունների գրանցումները: Դա պաշտոնական մեկնաբանությունն էր:
Օրենքին վերաբերող նախագծի` վարչապետ Իսմեթի (Ինոնյու-Ակունքի խմբ.) ստորագրությունը և 1934 թ. հուլիսի 3-ի ամսաթիվը կրող այն տեքստում, որը հիմնավորում էր օրենքի ընդունումը, ներկայացված են նաև 1933 թ. նոյեմբերից մինչև 1934 թ. մայիսի 31-ը կատարված գաղտնի բնակչության մարդահամարի արդյունքները: Փաստորեն, վերոնշյալ գաղտնի բնակչության մարդահամարի օրենքը գործադրվել է նաև հրապարակումից առաջ: Արդյունքները ներկայացրած վարչապետ Ինոնյուն տեղեկություններ չի տվել` առ այն, թե այդ հաշվառումը ո՞ր օրենքի կամ կարգադրության համաձայն է կատարվել:
Ըստ 1933 թ. նոյեմբերից մինչև 1934 թ. մայիսի 31-ն իրականացված այդ գաղտնի մարդահամարի` գրանցվել է 2.504.289 գաղտնի ծնունդ, 1. 532.959 գաղտնի մահ և 669.784 գաղտնի ամուսնություն: Իսկ այդ տարիներին Թուրքիայի բնակչության արձանագրված թիվը եղել է` 15.640.019:
Օրենքի համաձայն` գաղտնի մարդահամարն սկսվել է 1934 թ. սեպտեմբերի 1-ին (3):
Գաղտնի բնակչության վերաբերյալ օրենքին համապատասխան` երկու ամսից ավելի ընկած ժամանակահատվածում հավելյալ 3.5 միլիոն մարդ է գրանցվել: Ընդունվել է նաև արձանագրման համար տրված ժամանակամիջոցը երկարաձգել մինչև 1935 թ. հունիսի 1-ը: (4)
Ըստ վարչապետ Իսմեթի հայտարարության` 1933 թ. նոյեմբերից մինչև 1934 թ. մայիսի 31-ը առանց պաշտոնական օրենքի կամ կարգադրության կատարված գաղտնի մարդահամարում 2.5 միլիոնի չափ` մինչ այդ չգրված բնակչության ընդհանուր թիվը 1934 թ. սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 18-ը հասել է 3.5 միլիոնի: Ըստ օրենքի արված մարդահամարը բավականին արդյունավետ էր եղել բնակչությունը գրանցելու հարցում:
Գաղտնի մարդահամարը շարունակվել է նաև 1937 թ.: Ներքին գործերի նախարարությունը ընդհանուր տեսչություններին, վիլայեթներին և Քննչական կազմի ղեկավարությանը հղած հրահանգում հաղորդել է, թե գաղտնի մարդահամար չկատարած թաղապետերն ու ավագանին պատժվել են: (5)
Ներքին գործերի նախարարությունը հետագայում ևս շարունակել է զգուշացումներով հանդես գալ` գաղտնի մարդահամարի վերաբերյալ: Գրանցման ընթացակարգի հետ առնչվող առանձին խնդիրների շուրջ հստակություն մտցնելու նպատակով վիլայեթներ ու գավառներ ուղարկված հրահանգներում նախարարությունը պահանջել է մեկ առ մեկ նշել, թե «բնակչությունը ո՞ր տարրից է բաղկացած» և որ համայնքին է պատկանում կամ ինչ կրոն է դավանում: (6)
«Բնակչության որ տարրից բաղկացած լինելն» արձանագրելու պահանջը, մահմեդական եղող հայերի պիտակավորումը` ըստ վիլայեթների, ինչպես նաև` Պատմագիտական ընկերության նախագահ, դոկտոր, պրոֆ. Յուսուֆ Հալաչօղլուի հայտարարությունն ավելի ակնհայտ են դարձնում գաղտնի մարդահամարի` չգրված պաշտոնական հիմնավորումը: (7)

1- 29 Mayıs 1934 tarih ve 2465 no’lu Umumî Nüfus Sayımı Hakkında Kanunu, TBMM Zabıt Ceridesi, devre: IV, cilt: 22, tarih: 29.5.1934, sf. 430-431 ve Resmi Gazete, 30 Mayıs 1934, no: 2714, sf. 3876.
2- 5 Temmuz 1934 tarih ve 2576 no’lu Gizli Nüfusların Yazımı Hakkında Kanun, TBMM Zabıt Ceridesi, devre: IV, cilt: 23, tarih: 5.7.1934, sf. 450-451 ve Resmi Gazete, 15 Temmuz 1934, no: 2752, sf. 4146.
3- Cumhuriyet, 26.8.1934, sf. 2 ve 2.9.1934, sf. 2.
4- Cumhuriyet, 19.11.1934, sf. 2 ve 28.11.1934, sf. 2: TBMM Zabıt Ceridesi, devre: IV, cilt: 25, tarih: 23.12.1934, sf. 293.
5- Dâhiliye Vekâletinin 10.3.1937 tarih ve 2530/781 no’lu ve 21.6.1937 tarih ve 7251/2317 no’lu tamimleri, İdare, Dâhiliye Vekâletinin Aylık Mecmuası, Mart 1937 ve Ağustos 1937, sayı: 108, sf. 444-445 ve sayı: 113, sf. 880-881.
6- Dâhiliye Vekâletinin 22.7.1937 tarih ve 2539 no’lu ve 22.7.1937 tarih ve 8641/58 no’lu tamimleri, İdare, Dâhiliye Vekâletinin Aylık Mecmuası, Ağustos 1937 ve Eylül 1937, sayı: 113, sf. 851-854 ve sayı: 114, sf. 938-942.
7- Nevzat Onaran, 1934 ‘gizli nüfus’ fişlemesi, Evrensel eki Evrensel Hayat, 2.9.2007, sf. 8.

Սկզբնաղբյուր՝ Ակօս

Աղբյուր՝ Akunq.net, թարգմանությունը՝ Մելինե Անումյանի

allTurkey.am

Մեկնաբանություններ