Թուրքիան նախագահական ընտրություններից առաջ. Հայկ Գաբրիելյան

Հայկ Գաբրիելյան , Թուրքագետ

2014թ. օգոստոսի 10-ին Թուրքիայում անցկացվելու է նախագահական ընտրությունների 1-ին փուլը: Թուրքիայի նախագահի պաշտոնի համար պայքարում են 3 թեկնածուներ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողան (իշխանություն), Էքմելեդդին Իհսանօղլու (ընդդիմություն), Սելահաթթին Դեմիրթաշ (քրդեր): 1-ին փուլում հաղթելու համար թեկնածուներից պահանջվում է հավաքել վավեր քվեների 50%-ից ավելին, իսկ հնարավոր 2-րդ փուլն անցկացվելու է օգոստոսի 24-ին:

2007թ. հոկտեմբերի 21-ին սահմանադրական բարեփոխումների շուրջ Թուրքիայում անցկացված հանրաքվեի արդյունքներով (այո՝ 68.95%, ոչ՝ 31.05%) հաստատվեց, որ այսուհետ երկրի նախագահին ընտրելու է ժողովուրդը՝ «5+5» տարբերակով (5 տարով՝ ևս մեկ անգամ նույն ժամկետով վերընտրվելու հնարավորությամբ): Մինչ այդ Թուրքիայի նախագահին 7 տարի ժամկետով՝ առանց վերընտրման իրավունքի, ընտրել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ)1: Ի դեպ, նույն հանրաքվեի արդյունքներով պատգամավորների լիազորության ժամկետը կրճատվեց մեկ տարով՝ 5-ից իջեցվելով 4 տարվա:

Դրանով իսկ արտասահմանաբնակ թուրքերն առաջին անգամ հնարավորություն ստացան մասնակցելու նախագահի ընտրությանը: Նրանք նախագահական ընտրությունների առաջին փուլի քվեարկությանը կմասնակցեն հուլիսի 31-ից օգոստոսի 3-ին, իսկ հնարավոր երկրորդ փուլի դեպքում՝ օգոստոսի 17-20-ին: Նրանց համար 100-ից ավելի ընտրատեղամաս է բացվելու աշխարհի ավելի քան 50 երկրում (5 բնակելի մայրցամաք)2:

Ելնելով սահմանադրական այդ ուղղումներից` հիմնական ընդդիմադիր ուժ Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն 2011թ. դեկտեմբերին հայտարարեց, որ 2012թ. Թուրքիայում պետք է անցկացվեն նախագահական ընտրություններ: Նա դա հիմնավորեց նրանով, որ 2011թ. հունիսի 12-ին Թուրքիայում անցկացվել են խորհրդարանական ընտրություններ (4 և ոչ թե 5 տարի անց), ինչը նշանակում է, որ դրանց վրա արդեն ազդել են սահմանադրական ուղղումները (խորհրդարանական նախորդ ընտրությունները Թուրքիայում անցկացվել էին 2007թ.): Քըլըչդարօղլուի այդ պահանջին միացավ Թուրքիայի մյուս հիմնական ընդդիմադիր ուժի՝ Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին3: Սակայն իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ) պնդեց, որ Աբդուլա Գյուլը 2007թ. Թուրքիայի նախագահ է ընտրվել 7 տարով և պաշտոնավարելու է մինչև 2014թ.։

2012թ. հունիսին Թուրքիայի Սահմանադրական դատարանը (ՍԴ) հաստատեց, որ Գյուլը պետք է պաշտոնավարի 7 տարի` դրանով իսկ վերջակետ դնելով տվյալ հարցի շուրջ ծագած վեճերին և բացառելով 2012թ. օգոստոսին նախագահական նոր ընտրությունների անցկացումը։ Սակայն ուշագրավն այն էր, որ ՍԴ-ն Գյուլին տվեց վերընտրման իրավունք, բայց արդեն 5 տարի ժամկետով4: ՍԴ այս որոշումը կարող է զարմանալի թվալ, քանի որ մի կողմից՝ հաստատվեց, որ Գյուլը նախագահ է ընտրվել 7 տարով (հին կարգով` առանց վերընտրման իրավունքի), սակայն դրա հետ մեկտեղ նրան տրվեց վերընտրման իրավունք, ինչը բացառված էր նախկինում: Դա, թերևս, պայմանավորված է նրանով, որ (իր հակաիշխանական կեցվածքով աչքի ընկած) ՍԴ-ն դրանով իսկ փորձեց նախագահի թեկնածուի առաջադրման (Էրդողան-Գյուլ) հարցում հետագա հնարավոր տարաձայնություններ առաջացնել ԱԶԿ ներսում, ինչպես նաև ակնհայտորեն ցույց տվեց, որ նախընտրում է ԱԶԿ-ի կողմից մեղմ և կանխատեսելի Գյուլի, քան պոռթկուն ու անկանխատեսելի Էրդողանի թեկնածության առաջադրումը:

Սակայն 2014թ. ապրիլի կեսին Գյուլը հայտարարեց, որ չունի քաղաքական պլաններ ապագայի վերաբերյալ: Գյուլն ընդգծեց, որ զբաղեցրել է պետական կարևոր պաշտոններ (վարչապետ, արտգործնախարար, նախագահ), ինչի համար հպարտ է5: Հունիսի վերջերին Գյուլը հայտարարեց, որ չի առաջադրելու իր թեկնածությունը նախագահական ընտրություններում` ընդգծելով, որ այդ մասին վարչապետ Էրդողանին հայտնել է մարտին6:

Կարելի է կարծել, որ վերջին շրջանում հակաէրդողանյան կեցվածքով աչքի ընկած և նրա հետ բազում տարաձայնություններ (արտաքին քաղաքականություն, նոր Սահմանադրություն, սոցցանցերի արգելափակում և այլն) ունեցող Գյուլն այլևս չի ցանկացել հանդիսանալ Էրդողանի «խաղի» մասնիկ, միաժամանակ չի ցանկացել անցնել ընդդիմության շարքերը և որոշել է պարզապես լքել քաղաքականությունը: Սակայն չպետք է բացառել, որ Գյուլը դեռ կարող է հետ կանգնել իր որոշումից և դառնալ ԱԶԿ նախագահ կամ երկրի վարչապետ, ինչում նրան համառորեն փորձում են համոզել ԱԶԿ-ականները: Ի դեպ, Գյուլը Թուրքիայի նախագահի պաշտոնում (7 տարի) 3 ռեկորդ է սահմանել: Խոսքն ամենաշատ երկրներ այցելելու (արտասահմանյան 110 այց, 84 երկիր), օտարազգի գործընկերների հետ ամենաշատ հանդիպումներ ունենալու (500 օտարազգի հյուր, որից 116-ը՝ պետության ղեկավարներ) և երկրի ներսում ամենաշատ այցեր (76 քաղաք) կատարելու մասին է7:

Թուրքական մամուլի հաղորդմամբ՝ մայիսի 21-ին Դևլեթ Բահչելին Գյուլին առաջարկել է նախագահական ընտրություններում դառնալ իրենց միասնական թեկնածու, սակայն Գյուլը մերժել է նրան՝ հայտարարելով, որ ԱԶԿ հիմնադիրներից մեկն է, և որ 1 կուսակցությունից 2 թեկնածուի առաջադրումը կլինի քաղաքական էթիկայի խախտում: Բահչելին, սակայն, հերքեց, թե նման առաջարկ է արել Գյուլին՝ հավելելով, որ իրենք փնտրում են այնպիսի թեկնածու, որը կկարողանա հաղթահարել Թուրքիայի բևեռացումը և միանման կվերաբերվի ամեն տիպի կրոնական, էթնիկ, դավանաբանական ու սոցիալական սեգմենտների ներկայացուցիչներին8:

ԱԶԿ-ի կողմից Էրդողանին առաջադրելը պաշտոնապես հայտնի դարձավ հուլիսի 1-ին: Ուշագրավ է, որ Էրդողանի թեկնածությանը կողմ են արտահայտվել ԱԶԿ-ական բոլոր պատգամավորները9: Եթե Էրդողանն ընտրվի երկրի նախագահ, ապա, Թուրքիայի Սահմանադրության համաձայն, պետք է հրաժեշտ տա ԱԶԿ նախագահի պաշտոնին (Էրդողանն ԱԶԿ նախագահի պաշտոնում վերընտրվել է 2012թ. սեպտեմբերի 30-ին): 2014թ. ապրիլին ԱԶԿ փոխնախագահ Մեհմեթ Ալի Շահինը հույս հայտնեց, որ Գյուլը կփոխի քաղաքականությունից հեռանալու մասին իր որոշումը և, անսալով կուսակիցների խնդրանքին, կգլխավորի ԱԶԿ-ն: Չի բացառվում, որ ԱԶԿ-ն կգլխավորի հենց Շահինը (Էրդողանը հայտարարել է, որ եթե նախագահ ընտրվի, ապա ԱԶԿ-ն չի պառակտվի, ինչպես եղավ Թուրգութ Օզալի («Մայր Հայրենիք») կուսակցության դեպքում, երբ Օզալը դարձավ նախագահ)10:

Ինչ վերաբերում է երկրի վարչապետի պաշտոնին, ապա 2014թ. մայիսին Թուրքիայի խորհրդարանի Սահմանադրական հանձնաժողովի ղեկավար Բուրհան Քուզուն հայտարարեց, որ Էրդողանը կարիք չունի լքելու զբաղեցրած պաշտոնը11` նախագահական ընտրություններին մասնակցելու համար. «Օրենքում ամեն ինչ հստակ գրված է: Երկրի վարչապետը չի մտնում այն մարդկանց թվում, որոնք պետք է լքեն զբաղեցրած պաշտոնը` նախագահական ընտրություններին մասնակցելու համար»: Հուլիսի սկզբին այդ մասին հայտարարեց նաև Թուրքիայի փոխվարչապետ Էմրուլա Իշլերը 12: ԱԶԿ շարքերում կա 4 անուն, որոնք կարող են դառնալ երկրի վարչապետ. Բյուլենթ Արընչ, Ալի Բաբաջան, Բեշիր Աթալայ և Էմրուլա Իշլեր13: Շրջանառվում է նաև գործող արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի անունը, ինչի հավանականությունը կարելի է համարել փոքր. նա, ամենայն հավանականությամբ, կպահպանի իր պաշտոնը: Առավել հավանական կարելի է համարել, որ Թուրքիայի վարչապետ կդառնա ԱԶԿ հիմնադիրներից՝ փոխվարչապետ Բյուլենթ Արընչը:

Ինչ վերաբերում է թուրքական հիմնական ընդդիմադիր ուժերին` ԺՀԿ-ին ու ԱՇԿ-ին, ապա նրանք որոշեցին նախագահական ընտրություններին գնալ միասնական թեկնածուով` ընտրություններում սեփական հնարավորությունները մեծացնելու համար: 2014թ. ապրիլին Քըլըչդարօղլուն հայտարարեց, որ ընդդիմությունը նախագահական ընտրություններում հանդես է գալու միասնական թեկնածուով, սակայն կոնկրետ անուններ չեն տրվել: Մի քանի օր անց թուրքական մամուլը գրեց, որ ԺՀԿ-ն կարող է առաջադրել ՍԴ նախագահ Հաշիմ Քըլըչի թեկնածությունը: Պետք է նշել, որ Հաշիմ Քըլըչի անվանն անդրադառնալը պատահական չէ, քանի որ, կարելի է ասել՝ ներկայիս Թուրքիայում թերևս միայն նա (ՍԴ) է կարողանում իրապես հակազդել Էրդողանի քայլերին (սոցցանցերի արգելափակում, զինվորականների ազատազրկում, դատական իշխանությունների սահմանափակում և այլն) 14:

2014թ. հունիսի 16-ին հայտնի դարձավ, որ նախագահական ընտրություններում ԺՀԿ և ԱՇԿ միասնական թեկնածուն Իսլամական համագործակցություն կազմակերպության (ԻՀԿ) նախկին (31.12.2004-31.01.2014) գլխավոր քարտուղար, պահպանողական Էքմելեդդին Իհսանօղլուն է15: Հուլիսի 2-ին Անկարայում Իհսանօղլուի թեկնածությանն աջակցելու մասին փաստաթուղթ ստորագրեց 5 կուսակցություն. ԺՀԿ-ից ու ԱՇԿ-ից բացի, այն ստորագրեցին նաև Դեմոկրատական, Դեմոկրատական ձախ և Անկախ Թուրքիա կուսակցությունները, որոնք, սակայն, չունեն մեծ ընտրազանգված16:

Դրա հետ կապված՝ Էրդողանը հայտարարեց, որ քաղաքական իմաստ չի տեսնում Իհսանօղլուի թեկնածության առաջադրման մեջ, քանի որ նա նախագահական ընտրությունների համար չունի քաղաքական հիմք, և, բացի այդ, նախագահի թեկնածուներ պետք է լինեն նրանք, ովքեր սերտ կապեր ունեն ժողովրդի հետ: Իհսանօղլուն պատասխանեց, որ Թուրքիային անհրաժեշտ է առանց քաղաքական անցյալի նախագահ:

Հարկ է նշել, որ Էրդողանի և Իհսանօղլուի միջև հարաբերությունների վատթարացումը սկսվեց 2013թ. Եգիպտոսում իրականացված զինվորական հեղաշրջմամբ, որը հանգեցրեց իսլամիստ նախագահ Մոհամեդ Մուրսիի տապալմանը: Էրդողանը պահանջում էր, որ ԻՀԿ-ն նույնպես դատապարտի այդ իրադարձությունը, սակայն դա տեղի չունեցավ: Տվյալ ժամանակ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը (ինչպես նաև ԱԶԿ փոխնախագահ Հուսեին Չելիքը) պահանջեց, որ (Կահիրեում ծնված) Իհսանօղլուն հրաժարական տա՝ զարմանք հայտնելով, որ եվրոպական երկրները դատապարտում են «Եգիպտոսի զուլումը», մինչդեռ ԻՀԿ-ն լռություն է պահպանում և անգործության է մատնված այդ կապակցությամբ17:

Ակնհայտ է, որ թուրքական ընդդիմությունն Իհսանօղլուի առաջադրմամբ փորձում է իր կողմը գրավել չափավոր իսլամական ԱԶԿ ընտրազանգվածի մի մասը, սակայն մեծ հավանականություն կա, որ դա կարող է տալ հակառակ արդյունք: ԺՀԿ-ում բոլորը չէ, որ ողջունեցին Իհսանօղլուի թեկնածությունը. եթե Իհսանօղլուի թեկնածության տակ իրենց ստորագրությունը դրեցին ԱՇԿ բոլոր 52 պատգամավորները, ապա ԺՀԿ-ն տվյալ հարցում կրեց 21 կորուստ (130 պատգամավորից 109-ը)18:

Հատկանշական է, որ Իհսանօղլուի թեկնածությանը չաջակցողների թվում է հայտնվել նաև ԺՀԿ նախկին նախագահ Դենիզ Բայքալը, ինչը կարելի է լուրջ կորուստ համարել ԺՀԿ-ի համար: Ավելին, անգամ չէր բացառվում, որ ԺՀԿ մնացյալ պատգամավորները կարող են առաջադրել Էմինե Ուլքեր Թարհանի թեկնածությունը (նախագահի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ է ստանալ առնվազն 20 պատգամավորի աջակցություն): ԺՀԿ ընտրազանգվածի մեջ մտնող ալավիներն իրենց հերթին հայտարարեցին, որ հրաժարվում են նախագահական ընտրություններում քվեարկել ԱՇԿ հիմնադիր, Թուրքիայի նախկին փոխվարչապետ (1975-1978) Ալփարսլան Թյուրքեշի խորհրդական, որպես ԱԶԿ թեկնածու (ԱԶԿ ակտիվ քարոզչությամբ)` ԻՀԿ նախկին ղեկավար և իսլամական չափանիշներով առաջնորդվող Իհսանօղլուի օգտին19, ինչը նույնպես լուրջ կորուստ է (չի բացառվում, որ Իհսանօղլուն այդ ժամանակներից շարունակ կապեր է պահպանել ԱՇԿ-ի հետ):

Ընդդիմության կողմից Իհսանօղլուի առաջադրումը կարելի է որակել որպես թուրքական ընդդիմության՝ սեփական պարտության ընդունում, քանի որ այն գիտակցում է, որ ԱԶԿ դիրքերը շատ ավելի ուժեղ են, և որ ո՛չ Քըլըչդարօղլուն, ո՛չ էլ Բահչելին, առավել ևս ԺՀԿ-ական ու ԱՇԿ-ական մեկ այլ գործիչ, չունի բավականաչափ հեղինակություն, որպեսզի կարողանա անգամ այդ երկու կուսակցության աջակցության պայմաններում մրցակցել Էրդողանի հետ` էլ չենք ասում ընդդիմադիր այդ ուժերի՝ առանձին թեկնածուներով հանդես գալու մասին: Աբդուլա Գյուլի և Հաշիմ Քըլըչի անունների շոշափումը նույնպես վկայում է, որ ԺՀԿ-ն և ԱՇԿ-ն ի սկզբանե փորձել են միասնական թեկնածու փնտրել ոչ իրենց շարքերից (Էրդողանի խոսքերով՝ Թուրքիայում չկա ուժեղ ընդդիմություն, ինչը շատ վատ է երկրի համար, քանի որ իշխանությունները կարող էին Թուրքիայի ապագայի շուրջ համագործակցել նրա հետ):

Ավելին, իր իսլամական գործունեությամբ աչքի ընկած Իհսանօղլուի թեկնածության առաջադրումը հակասում է Աթաթուրքի հիմնած ԺՀԿ սկզբունքներին. Աթաթուրքն ու ԺՀԿ-ն տասնամյակներ շարունակ հետևել են, որ Թուրքիայում պահպանվի աշխարհիկ կարգ, որ իսլամը դուրս չգա մզկիթի դարպասներից (լաիցիզմ): Կարելի է ենթադրել, որ ԺՀԿ-ն հարկադրված է եղել համաձայնելու Իհսանօղլուի թեկնածությանը (հազիվ թե ԺՀԿ-ում որոշել են նորովի ներկայանալ և արմատապես փոխել կուսակցության հայացքները և ավանդույթները): Այդ մասին է վկայում նաև, որ Իհսանօղլուն կողմ է աղջիկների ու կանանց՝ մահմեդական գլխաշոր (հիջաբ) կրելուն, մինչդեռ ԺՀԿ-ն ցայժմ տվյալ հարցի շուրջ շարունակ կատաղի պայքար է մղել հիջաբ կրելու օգտին հանդես եկող ԱԶԿ-ի դեմ20:

ԺՀԿ-ին ու ԱՇԿ-ին պարզապես միավորել են սեփական անմխիթար վիճակը և ամեն գնով Էրդողանից ազատվելու մղումը: Նրանք մտավախություն ունեն, որ եթե Էրդողանը դառնա երկրի նախագահ, երկիրը կտանի դեպի ավտորիտարիզմ ու կդառնա բռնապետ: Պետք է նկատել, որ նման մտավախություններն անտեղի չեն, ինչի վառ ապացույցն Էրդողանի հետևյալ հայտարարությունն է. «Ժողովրդի կողմից ընտրված նախագահը չի կարող լինել նախկին նախագահների նման և պետք է իրավունք ունենա գործնականում կիրառել իր բոլոր լիազորությունները: Եթե ես ընտրվեմ նախագահ, կօգտվեմ ինձ ընձեռված բոլոր հնարավորություններից: Որպես երկրի նախագահ՝ ես երբեք չեմ կատարի ներկայացուցչական գործառույթներ: Պետք է արագ անցում կատարել կառավարման նախագահական համակարգի21»: Էրդողանի այս հայտարարությունը վկայում է նաև, որ նա գրեթե չի կասկածում, որ երկրի հաջորդ նախագահը լինելու է հենց ինքը և որ ստանալու է գործադիր իշխանություն:

Եթե, այնուամենայնիվ, Իհսանօղլուին աջակցի ԺՀԿ ու ԱՇԿ ողջ ընտրազանգվածը, նա դարձյալ չի կարող առաջ անցնել Էրդողանից: Սակայն այստեղ գործին կարող են միջամտել գյուլենականները, որոնց ստույգ թիվը Թուրքիայում հայտնի չէ: Ի տարբերություն ՏԻՄ ընտրությունների, այս անգամ նրանց համար խնդիրն ավելի շատ առնչվում է հենց բուն Էրդողանին, քան ողջ ԱԶԿ-ին: Ընդդիմության կողմից Իհսանօղլուի թեկնածության առաջադրումը պետք է որ կապված լինի Գյուլենի, նախագահական ընտրություններում գյուլենականների քվեները ստանալու հետ՝ չնայած 2014թ. փետրվարի վերջին Քըլըչդարօղլուն հերքեց, թե ԺՀԿ-ն կապեր է հաստատել Գյուլենի շարժման հետ22: Գյուլենականներին և ընդդիմությանը (ԺՀԿ-ԱՇԿ) նույնպես միավորում է կոնկրետ Էրդողանից ամեն գնով ազատվելու մղումը:

Վերջին ամիսներին Էրդողանը պաշտոնանկությունների տեսքով զգայուն հարվածներ է հասցրել գյուլենականներին, որոնց մոտ ապագայում հազիվ թե հաջողվի վերականգնել իրենց երբեմնի դիրքերը: Էրդողանի հետ առճակատման ժամանակ Գյուլենի կրած բազմաթիվ պարտությունները կարող են վնասել նրա հեղինակությանը գյուլենականների շրջանում: ԱՄՆ-ից Գյուլենի արտահանձնմանը հասնել ձգտող Էրդողանն արդեն հրահանգել է բացահայտել գյուլենականների «ռազմական թևը»` երկրի զինված ուժերում ծառայող գյուլենականներին (2000 ենթասպա, սպա, գեներալ ու ծովակալ), որոնց ձեռքին կա զենք, և որոնք կարող են դիմել դրա կիրառմանը` գործող կառավարությունը տապալելու նպատակով23:

Կարելի է կարծել, թե առաջիկա նախագահական ընտրությունների միակ հետաքրքրական կողմը կլինի այն, թե արդյոք Էրդողանը կհաղթի առաջին փուլի արդյունքներով: Այստեղ վճռորոշ կարող են լինել քրդերի ձայները: Քրդերը նախագահական ընտրությունների համար առաջադրել են Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի թեկնածությունը: Դրան կտրականապես դեմ հանդես եկավ Բահչելին` հայտարարելով, որ «ահաբեկչական կազմակերպության հետ կապված անձի առաջադրումն իրավախախտում» է, սակայն նրան հակադարձեց Իհսանօղլուն, ինչը թուրքական մամուլը որակեց որպես «Իհսանօղլուից Բահչելիին սառը ցնցուղ» 24:

Դեմիրթաշի թեկնածության առաջադրումը յուրօրինակ ստուգատես կհանդիսանա քրդերի համար: Դեմիրթաշը, սակայն, պայքարից դուրս կմնա առաջին փուլի արդյունքներով, և քրդերը ստիպված կլինեն ընտրություն կատարել հնարավոր երկրորդ փուլում: Թեև Էրդողանի կառավարությունը շարունակում է որոշակի դեպքերում խիստ դիրքորոշում որդեգրել քրդերին առնչվող հարցերում, ամեն դեպքում նա քրդերի հարցում կատարել է ավելի շատ բարեփոխումներ և նրանց հատկացրել է ավելի շատ արտոնություններ, քան իր նախկին բոլոր կառավարությունները միասին վերցրած: Էրդողանը խոստացել է, որ նախագահ ընտրվելուց հետո շարունակելու է քրդական հարցի կարգավորումը (հունիսին քուրդ առաջնորդ Աբդուլա Օջալանը հայտարարեց, որ կարգավորման գործընթացը թևակոխել է նոր փուլ):

Ուշագրավ է, որ հունիսի վերջին Թուրքիայի կառավարությունը ներկայացրեց երկար սպասված օրինագիծը, որը, փոխվարչապետ Բեշիր Աթալայի խոսքերով` կարգավորման գործընթացի համար կդառնա յուրօրինակ «ճանապարհային քարտեզ» և հող կպատրաստի կոնկրետ քայլեր կատարելու համար: 6 հոդվածից բաղկացած օրինագիծը խորհրդարանի կողմից ընդունվեց հուլիսի 10-ին, այն բանակցությունների համար կապահովի իրավական հիմք, իսկ դրանց մասնակիցների համար` անձեռնմխելիություն: Թուրքիայի կառավարության կողմից այդ օրինագծի առաջքաշումը պետք է որակել որպես նախագահական ընտրություններից առաջ քրդերին ուղղված ժեստ:

Ընտրությունների արդյունքների հարցում շատ բան կախված կլինի նաև թեկնածուների ծրագրերից, խոստումներից, նախընտրական լավ քարոզչություն անցկացնելուց (Էրդողանի բոցաշունչ ելույթները, նախընտրական կամպանիա անցկացնելու համար ընդդիմության ֆինանսական խնդիրները, որոնց մասին բարձրաձայնել էր Իհսանօղլուն):

Ամփոփելով՝ նշենք, որ եթե ընդդիմադիր (Իհսանօղլուի) ողջ ընտրազանգվածը (ԺՀԿ, ԱՇԿ, փոքր կուսակցություններ, գյուլենականներ) քվեարկի Իհսանօղլուի, իսկ քրդերի ողջ ընտրազանգվածը՝ Դեմիրթաշի օգտին, ապա Էրդողանը կարող է և չհաղթել առաջին փուլի արդյունքներով: Հիշարժան է, որ ԱԶԿ մասնակցությամբ Թուրքիայում ցայժմ անցկացված երեքական ՏԻՄ (2004, 2009, 2014) և խորհրդարանական (2002, 2007, 2011) ընտրությունների արդյունքներով ԱԶԿ-ին երբևէ չի հաջողվել գերազանցել 50%-ի սահմանագիծը:

Սակայն ընդդիմադիր ընտրազանգվածում առկա խնդիրները (Իհսանօղլուի թեկնածությունից դժգոհություններ, Գյուլենի պարտություններից մեծ հիասթափություն) և քրդերի ընտրազանգվածի յուրահատկությունները (քրդերի մի մասը հենց առաջին փուլում կարող է քվեարկել Էրդողանի օգտին՝ նաև գիտակցելով, որ Դեմիրթաշը որևէ հնարավորություն չունի՝ Թուրքիայի նախագահ դառնալու համար) կարող են բեկում մտցնել իրավիճակում` հանգեցնելով առաջին փուլում Էրդողանի հաղթանակին (ընդդիմադիր դժգոհ ընտրազանգվածի հնարավոր բոյկոտը և ԱԶԿ ընտրազանգվածի ակտիվ մասնակցությունը քվեարկածների ընդհանուր թվում կմեծացնի Էրդողանին աջակցածների մասնաբաժինը):

Էրդողանը հայտարարել է, որ նախագահական ընտրություններում թանկ է յուրաքանչյուր քվեն: Թուրքիայում ընտրողների թիվը ներկայումս կազմում է 52.695.000, արտերկրում` 2.734.000, ընդհանուր` 55.429.000 մարդ: Սա նշանակում է, որ առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ է ստանալ 28 միլիոն քվե: Բայց հաշվի առնելով, որ վերջին 2 ընտրություններում մոտ 8 միլիոն մարդ չի մասնակցել քվեարկությանը (2014թ. ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 46.510.000 մարդ, վավեր է ճանաչվել մոտ 44.7 միլիոն քվե), 1-ին փուլում հաղթելու նշաձողը պետք է նվազեցնել մինչև 23 միլիոն քվե:

2011թ. խորհրդարանական ընտրություններին (երբ Թուրքիայում ընտրողների թիվը կազմում էր 50.2, արտերկրում` 2.56 միլիոն մարդ) մասնակցել է 43.785.000 մարդ (անվավեր է ճանաչվել մոտ 972.000 քվե), որոնց արդյունքներով՝ ԱԶԿ-ն հավաքել է 21.320.000 քվե (49.80%), ԺՀԿ-ն` 11.122.000 քվե (25.98%), ԱՇԿ-ն` 5.575.000 քվե (13.02%), քրդամետ Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցությունը (ԽԺԿ, ներկայիս ԺԴԿ)` 2.826.000 մարդ (6.58%): 2014թ. ՏԻՄ ընտրություններում ԱԶԿ-ն հավաքել է 20.519.000 քվե, ԺՀԿ-ն` 12.513.000 քվե, ԱՇԿ-ն` 6.860.000 քվե, ԽԺԿ-ԺԴԿ-ն` 2.750.000 քվե25: Այս ամենը վկայում է Էրդողանի համար առաջին փուլում հաղթելու որոշակի դժվարությունների մասին: Նման պայմաններում վճռորոշ կարող է լինել նաև փոքր կուսակցությունների աջակցությունը: Հնարավոր երկրորդ փուլում, ուր պահանջվում է քվեների սովորական առավելություն, անկասկած է Էրդողանի հաղթանակը՝ հաշվի առնելով նաև այն, որ նա ավելի շատ քվեներ կստանա քրդերից:

Այսպիսով, նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում Էրդողանը կդառնա Թուրքիայի (իր իսկ խոսքերով` Նոր Թուրքիայի)՝ ժողովրդի կողմից ընտրված առաջին նախագահը: Էրդողանը խոստացել է լինել ողջ Թուրքիայի նախագահը. «Օգոստոսին միայն նախագահ չի ընտրվելու: Համաժողովրդական ընտրությունները նոր էջ կբացեն Թուրքիայի պատմության մեջ, Թուրքիան կստանա նոր ղեկավար և ղեկավարման նոր համակարգ»26:

Էրդողանը երկրի նոր նախագահի առաջնահերթությունների թվում նշել է տնտեսության զարգացումը, քրդական հարցի կարգավորումը, ապօրինի կառույցների դեմ պայքարը: Ի դեպ, Էրդողանը կարող է վերընտրվել 5 տարի անց և Թուրքիայի նախագահի պաշտոնում մնալ մինչև 2024թ.՝ բաղձալի 2023թ. (երբ Թուրքիայում կնշեն հանրապետության հիմնադրման 100-ամյակը) դիմավորելով նախագահի կարգավիճակով (Էրդողանի խոսքերով` նախագահի պաշտոնը քաղաքականության գագաթնակետն է): Չպետք է մոռանալ 2013թ. Էրդողանի հետևյալ հայտարարությունը. «Մենք կհասնենք 2023թ., իսկ մեր երեխաներն ու թոռները` 2053թ. (օսմանների կողմից Կ.Պոլսի գրավման 600-ամյակը) և 2071թ. (Մանազկերտի ճակատամարտում սելջուկների տարած հաղթանակի 1000-ամյակը) հետ կապված մեր նպատակներին»27:

1 Թուրքիայում ցայժմ անցկացվել է 18 նախագահական ընտրություն, որոնց արդյունքներով երկրի նախագահ է դարձել 10 քաղաքացի: Բացի այդ, Քենան Էվրենը 1980թ. ռազմական հեղաշրջման արդյունքում 1982թ. դարձել է Թուրքիայի նախագահ (ի տարբերություն մյուսների՝ նրան չի ընտրել երկրի խորհրդարանը): Չորսական անգամ Թուրքիայի նախագահ են ընտրվել Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը և Իսմեթ Ինենյուն, 3 անգամ՝ Ջելալ Բայարը, մեկական անգամ`Ջեմալ Գյուրսելը, Ջևդեթ Սունայը, Ֆահրի Քորություրքը, Թուրգութ Օզալը, Սուլեյման Դեմիրելը, Ահմեթ Նեջդեթ Սեզերը և Աբդուլա Գյուլը:

2 5 kıta 54 ülkeden Köşk’e oy çıkacak, Akşam, 06.07.2014.

3 Kılıçdaroğlu 2012’de seçim istedi, Haber 3, 11.12.2011.

4 Gül’ün görev süresi belli oldu, Sabah, 15.06.2012.

5 Gül: Siyaset planım yok, Radikal, 18.04.2014.

6 Abdullah Gül: Aday olmayacağım, CNN Türk, 29.06.2014.

7 Cumhurbaşkanı Abdullah Gül, 7 seneye 3 rekor sığdırdı, İhlas Haber Ajansı, 10.04.2014.

8 Bahçeli’den ‘çatı aday’a yalanlama, Sözcü, 28.05.2014.

9 AK Parti resmen açıkladı: Recep Tayyip Erdoğan, Sabah, 01.07.2014.

10 Mehmet Ali Şahin’den Abdullah Gül açıklaması, Hürriyet, 08.06.2014.

11 Էրդողանը Թուրքիայի վարչապետ է դարձել 2003թ. մարտի 14-ին և արդեն գերազանցել է Ադնան Մենդերեսի (անընդմեջ վարչապետ հանդիսանալու) ռեկորդը, որը Թուրքիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 10 տարի և 5 օր (22.05.1950-27.05.1960): 1946թ. Թուրքիայում բազմակուսակցական համակարգին անցում կատարելուց հետո Էրդողանն ունի ամենամեծ ցուցանիշը: Իսկ ընդհանուր առմամբ, նա զիջում է միայն Իսմեթ Ինենյուին, որի ցուցանիշը կազմում է 17 տարի, 11 ամիս և 20 օր:

12 Başbakan Erdoğan’ın istifası söz konusu değil, Anadolu Ajansı, 02.07.2014.

13 Şahin, Erdoğan’dan sonra Başbakan olabilecek 4 ismi açıkladı, Yeni Akit, 21.04.2014.

14 CHP’nin adayı Haşim Kılıç mı?, Milliyet, 13.04.2014.

15 Muhafeletin “çatı adayı” belli oldu, Sabah, 16.06.2014.

16 İhsanoğlu’na destek için 5 parti lideri mutabakat metni imzaladı, Zaman, 03.07.2014.

17 Bozdağ: Ben İhsanoğlu’nun yerinde olsam istifa ederim, Taraf, 19.08.2013.

18 CHP’de 21 milletvekili İhsanoğlu için imza vermedi, Anadolu Ajansı, 29.06.2014.

19 Alevi Bektaşi Federasyonu, İhsanoğlu’nun adaylığına karşı, Zaman, 18.06.2014.

20 Ekmeleddin İhsanoğlu: Başörtüsü haktır, Sözcü, 26.06.2014.

21 Erdoğan: Ben seçilirsem…, Vatan, 12.05.2014.

22 Kılıçdaroğlu’ndan cemaat açıklaması, Cumhuriyet, 14.04.2014.

23 MİT listeyi verdi! 2 bin cemaatçi Özel’in masasında, Aydınlık, 08.07.2014.

24 İhsanoğlu’ndan Bahçeli’ye soğuk duş!, Internet Haber, 07.07.2014.

25 Ercan Sarıkaya, Son iki seçim ışığında: Köşk’e kim çıkar?, Radikal, 30.06.2014.

26 Erdoğan: Köşk Seçimi Son Değil Yeni Başlangıç, Haberler.com, 08.07.2014.

27 Erdoğan’ın 2071’den önce yeni hedefi!, Yeni Şafak, 07.05.2013.

Աղբյուր՝ «Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 7, 2014
allTurkey.am

Մեկնաբանություններ