Հայատյաց թուրք գործիչ. Աշխարհի բոլոր եկեղեցիները միավորվում են ընդդեմ Թուրքիայի

Իր հայացաքներով ամենահայատյաց կազմակերպություններից համարվող «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միության» գլխավոր տնօրեն Գյոքսել Գյուլբեյի խոսքերով 2015 թվականի ապրիլի 24-ին ընդառաջ աշխարհի բոլոր եկեղեցիները միավորվելու են Հայող ցեղասպանության ընդունման պահանջի շուրջ՝ ընդդեմ Թուրքիայի, փոխանցում է «Հաբերլեր» պարբերականը:

Գյուլբեյի խոսքերով անցյալ տարվա Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 8-ը կայացած Աշխարհի եկեղեցիների միության 10-րդ համաժողովի ընթացքում ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն միաձայն ընտրվել է 8 անձից բաղկացած ղեկավար կազմի մեջ:

Գյուլբեյը նշել է, նաև որ 2015 թվականի ապրիլին Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ Ժնևում կազմակերպվելու է մեծամասշտաբ կոնֆերանս, որին մասնակցելու են Համաշխարհային եկեղեցու անդամները, միջազգային իրավական կազմակերպությունները, տարբեր իրավաբաններ, մարդու իրավունքների պաշտպաններ և այլ պաշտոնատար անձինք: Գյուլբեյի կարծիքով հայոց եկեղեցին այս առիթը ձեռքից բաց չի թողնի ցեղասպանության խնդիրը ևս մեկ անգամ բարձրաձայնելու համար:

«Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միության» գլխավոր տնօրեն Գյոքսել Գյուլբեյի խոսքերով Թուրքիայում և Ադրբեջանում գտնվող եկեղեցիները նույնպես Համաշխարհային եկեղեցու անդամներ են և նրանք նույնպես կարող են մասնակցել այդ կոնֆերանսին: Նրա խոսքով երկու երկրների Արտաքին գործերի նախարարությունները այս թեմայի շուրջ լուրջ քայլեր պետք է ձեռնարկեն: Գյուլբեյը տեղեկացրել է նաև, որ ՀՀ Սփյուռքի նախարարությունը, հայկական սփյուռքը և հայկական լոբբին մեծ ջանքեր են գործադրում Հայոց ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ, ինչի համար էլ զգոնության կոչ է արել Թուրքիայի և Ադրբեջանի համապատասխան ոլորտի անձանց և կրոնական դասի ներկայացուցիչներին:

Հեղինակ՝ Հայկ Դարբինյան

allTurkey

Մեկնաբանություններ