Թուրքական ռազմական ինքնաթիռը պաղեստինցի վիրավորների է տեղափոխել Անկարա

Թուրքիայի զինված ուժերի բեռնատար ինքնաթիռն Իսրայելից Թուրքիա է տեղափոխվել Գազայի հատվածում գործողությունների հետևանքով վիրավոր պաղեստինցիների։

Թուրքական օդուժի C-130 բեռնատար ինքնաթիռը օգոստոսի 13-ի առավոտյան Անկարայից մեկնել է Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայան, որտեղից Թուրքիա է տեղափոխել 18 վիրավորի (5 երեխա. 7 կին, 6 տղամարդ), ինչպես նաև 15 մարդու՝ որպես խնամողներ։

Տեղեկությունը հաստատել է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը։

Middleeastmonitor.com-ի տվյալներով՝ վիրավորները պետք է Թուրքիա տեղափոխվեին Կահիրեի միջազգային օդանավակայանից, սակայն Եգիպտոսը թույլ չի տվել նրանց թռիչք կատարել օդանավակայանից, ինչից հետո էլ թուրքական ինքնաթիռը մեկնել է անմիջապես Իսրայել։ Եգիպտական իշխանություններն իրենց արգելքը պատճառաբանել են նրանով, թե վիրավորների անունը եղել է ցուցակում, որով արգելված է այդտեղ գրանցված անձանց թռիչքներն անվտանգության նկատառումներով։

Նշենք, որ  վերջին տարիներին Թուրքիան ակտիվորեն աջակցում է պաղեստինցիներին՝ միևնույն ժամանակ Իսրայելին ծանր մեղադրանքներ առաջադրելով։ Վերջին շրջանում Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընթացքում Թուրքիան տարբեր օղակներով Իսրայելին սուր քննադատում էր և իր աջակցությունը հայտնում պաղեստինցիներին։

Թուրք-իսրայելական հարաբերություները զգալի սրվեցին, երբ 2011 թվականին Գազայի հատված մարդասիրական օգնություն տեղափոխող «Ազատության նավատորմիղի» վրա գրոհ իրականացրին իսրայելցի հատուկջոկատայինները, երբ նավերը չենթարկվեցին կանգնելու հրամանին։ Իսրայելի գործողությունների հետևանքով 9 թուրք սպանվեց։

Աղբյուր՝ Ռազմինֆո

allTurkey.am

Մեկնաբանություններ