Էրդողանն այցելել է Թուրքիա տեղափոխված վիրավոր պաղեստինցիներին

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել է Գազայի հատվածում Իսրայելի հետ բախումներից վիրավորվածներին, որոնք տեղափոխվել էին Թուրքիա՝ բուժում ստանալու, տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Էրդողանն ու Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեդ Մուեզզինօղլուն այցելել են Թուրքիայի «Ենիմահալլե» բժշկական կենտրոն, որտեղ բուժում են ստանում Գազայի հատվածում վիրավորված 15 մարդ, որոնցից 5-ը երեխա են: Վիրավորների առողջության մասին տեղեկություններ ստանալով՝ Էրդողանը մոտ 2 ժամ մնացել է հիվանդների հետ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին Թուրքիայի զինված ուժերի C-130 բեռնատար ինքնաթիռն Իսրայելից Թուրքիա է տեղափոխվել Գազայի հատվածում գործողությունների հետևանքով վիրավոր 18 պաղեստինցու (5 երեխա, 7 կին, 6 տղամարդ), ինչպես նաև 15 մարդու՝ որպես խնամողներ:

Նշենք, որ վերջին տարիներին Թուրքիան ակտիվորեն աջակցում է պաղեստինցիներին՝ միևնույն ժամանակ Իսրայելին ծանր մեղադրանքներ առաջադրելով։ Վերջին շրջանում Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընթացքում Թուրքիան տարբեր օղակներով Իսրայելին սուր քննադատում էր և իր աջակցությունը հայտնում պաղեստինցիներին։
Թուրք-իսրայելական հարաբերություները զգալի սրվեցին, երբ 2011 թվականին Գազայի հատված մարդասիրական օգնություն տեղափոխող «Ազատության նավատորմիղի» վրա գրոհ իրականացրին իսրայելցի հատուկջոկատայինները, երբ նավերը չենթարկվեցին կանգնելու հրամանին։ Իսրայելի գործողությունների հետևանքով 9 թուրք սպանվեց։

Հեղինակ՝ Արթուր Դոլբակյան

allTurkey.am

Մեկնաբանություններ