Դավութօղլուի գլխավորած կառավարության 5 հիմնական թիրախները

Օգոստոսի 28-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում կկայանա ընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը, ինչից հետո երկրի կառավարության ղեկը կստանձնի ներկայիս ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն:

Թուրքական «Սաբահ» լրատվական կայքը նշել է այն 5 թիրախները, որոնց ձգտելու է հասնել Դավութօղլուի գլխավորած կառավարությունը, որը, ի դեպ, 62-րդն է Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ:

Թիրախ համար 1՝ Ակտիվ արտաքին քաղաքականություն

Թուրքիայի ուշադրությունը շարունակելու է զբաղեցնել տարածաշրջանային և գլոբալ հիմնահարցերը: Երկիրը շարունակելու է զբաղվել Սիրիայի, Իրաքի, Եգիպտոսի, Իսրայելի և Պաղեստինի շուրջ ստեղծված հարցերով, սակայն Դավութօղլուի արտաքին քաղաքականության հիմնական մեխը Եվրամիության անդամակցության ձգտումն է, որին երկիրը փորձում է հասնել արդեն շուրջ 50 տարի:

Թիրախ համար 2՝ Նոր սահմանադրություն

«Սաբահը» նշում է, որ Դավութօղլուի համար նոր սահմանադրության ընդունման գործընթացը «գլուխ բերելը» ամենակարևոր պարտականություններից մեկն է: Սահմանադրության ընդունումը հատկապես կարևորվում է 2015 թվականին տեղի ունենալիք Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ընտրությունների համար:

Թիրախ համար 3՝ Առկա խնդիրների լուծում

Թուրքիայի ներում առկա խնդիրների լուծումը նույնպես նոր կառավարության առջև ծառացած խնդիրներից մեկն է, որը Դավութօղլուն փորձելու է լուծել: Այստեղ, բնականաբար, առաջնայինը քրդական խնդիրն է, որը պետք նշել օրենսդրական և սահմանադրական կարգի շրջանակներում:

Թիրախ համար 4՝ Թուրքիայի անվտանգությանը սպառնացող գործոնների չեզոքացում

Թուրքիան որոշակի խնդիրներ ունի նաև ներքին ասպարեզում և Դավութօղլուն քայլեր պետք է ձեռնարկի այս ամենը չեզոքացնելու համար:

Մասնավորապես նշվում է, որ Թուրքիայի ազգային անվտանգությանը սպառնալիքներ են հասցնում կազմակերպված հանցագործությունները, տարբեր վիճաբանություններն ու հակամարտությունները, որոնք անպակաս են Թուրքիայի ներքին կյանքում, ինչպես նաև ապօրինի կառույցների կողմից վերահսկվող գործըթացները: Ահա այս ամենի վերացումը Դավութօղլուից սպասվող քայլերից մեկն է:

Թիրախ համար 5՝ Տնտեսության մեջ զբաղվածության մակարդակի աճ գրանցելը

Նոր ձևավորվեղ կառավարությունը պետք է աճ գրանցի տնտեսության ոլորտում, մասնավորապես երկրի զբաղվածության մակարդակի ոլորտում պետք է կտրուկ աճ գրանցվի: Ակնկալվում է, որ նոր ձևավորվելիք կառավարությունը պետք է պայքար մղի գործազրկության դեմ:

Հեղինակ՝ Հայկ Դարբինյան

allTurkey.am

Մեկնաբանություններ