Գյուլը հանդես է եկել հրաժեշտի ուղերձով

Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը դիմել է թուրք ժողովրդին՝ հանդես գալով իր պաշտոնավարումը ամփոփող հրաժեշտի խոսքերով, տեղեկացնում է թուրքական «Զաման» լրատվական կայքը:

Ելույթ ունենալով Անկարայի իր նստավայրում Գյուլը իր խոսքում անդրադարձել է կառավարման՝ նախագահական համակարգին անցնելու միտմանը՝ ասելով, որ այս հարցի շուրջ ճիշտ որոշում կայացնելու համար հարկավոր են լայնածավալ քննարկումներ:

Հատկանշական է, որ ավելի վաղ Գյուլը նշել էր, որ ինքը կողմ է վարչապետական կառավարման համակարգին:
Գյուլը հավելել է նաև, որ միշտ փորձել է անկողմակալ և օբյեկտիվ լինել իր յոթնամյա նախագահության ընթացքում անկախ նրանից, թե որ քաղաքական հոսանքների և ուժերի հետ է գործ ունեցել:

Գյուլը, անդրադառնալով վերջին նախագահական ընտրություններին, ասել է, որ ժողովուրդը միահամուռ արտահայտեց իր կամքը՝ ընտրելով իր նախագահին, ինչն էլ ժողովրդավարության արտահայտման ամենավառ օրինակն է:

Դեռևս գործող նախագահ Գյուլը հավելել է, որ իր պաշտոնավարման ընթացքում իր համար բարձրագույն արժեքներ են եղել կրոնի, հավատի և խղճի ազատությունը և երբեք ջանք չի խնայել դրանց անձեռնմխելիությունը ապահովելու համար:

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 10-ին առաջին անգամ երկրի պատմության մեջ անցկացվեցին Թուրքիայի նախագահի ընտրություններ, որտեղ առաջին փուլով հաղթանակ տարավ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Հավելենք նաև, որ Թուրքիայի նորընտիր նախագահ Էրդողանի երդմնակալության արարողությունը կկայանա օգոստոսի 28-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովում:

Սպասվում է, որ նորընտիր նախագահի երդման արարողությանը կմասնակցի նաև ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հեղինակ՝ Հայկ Դարբինյան

allTurkey.am

Մեկնաբանություններ