Նախագահ դառնալուց հետո Էրդողանն առաջինն ընդունելու է Դավութօղլուին

Այսօր Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կայանում է նախագահ ընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը, այս մասին հաղորդում է «Հաբերլեր» լրատվական գործակալությունը:

Լրատվամիջոցներին արդեն հայտնի է դարձել, որ այսօր երեկոյան՝ երդմնակալության պաշտոնական արարողությունից հետո, հանդիպում է կայանալու արդեն նորընտիր նախագահ Էրդողանի և երկրի նորանշանակ վարչապետ, «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ Ահմեթ Դավութօղլուի միջև:

Սա, փաստորեն, Էրդողանի համար կլինի առաջին պաշտոնական ընդունելությունը որպես Թուրքիայի նախագահ:

Սպասվում է, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքը կժամանի երևանյան ժամանակով 15:00-ին: Դրանից հետո Չիչեքը հանդես կգա կարճ ելույթով, ինչից հետո երդմնակալության համար բեմ կհրավիրի Էրդողանին:

Էրդողանի երդվելուց հետո հատուկ նվագախումբը կկատարի Թուրքիայի պետական օրհներգը: Օրհներգից հետո 101 կրակոց կհնչի Թուրքիայի նոր նախագահի պատվին:

Երդմանակալության պաշտոնական արարողությունից հետո Էրդողանը իր ծառայողական մեքենայով կմեկնի Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան, որտեղ հարգանքի տուրք կմատուցի, ինչից հետո էլ Երևանի ժամանակով ժամը 17:30 կշարժվի Անկարայի նախագահական նստավայր:

Էրդողանը նախագահի նստավայր կգնա կնոջ հետ, որտեղ նրանց կդիմավորեն դեռևս գործող նախագահ Աբդուլլահ Գյուլը և նրա տիկինը:

Նշվում է, որ երդմնակալության արարողությանը հրավիրվել են երկրի բոլոր քաղաքական ուժերն ու 90-ից ավելի օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաներ: Ուշագրավ է, որ «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը բոյկոտել է Էրդողանի երդմնակալության արարողությանուը:

Հեղինակ՝ Հայկ Դարբինյան

allTurkey.am

Մեկնաբանություններ